Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կկալանավորե՞ն Մելիք Մանուկյանի եղբորը` Ռոբերտ Մանուկյանին

Օգոստոս 07,2019 20:30

Վաղը`օգոստոսի 8-ին, ժամը 11-ին, դատարանը կհրապարակի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը` Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու մասին վարույթ իրականացնող մարմնի միջնորդության վերաբերյալ որոշումը: Այսօր տեղի է ունեցել փակ նիստ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Հիշեցնենք, օգոստոսի 2-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյուն էր տեղի ունեցել` Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, քիչ անց`վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի`Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին եւ Մարկոս Մարկոսյանին: Իսկ պայթյունի առթիվ քննություն իրականացվում`սպանության փորձի եւ պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Կալանավորվել է 3 անձ:

Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով`ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալ: Ըստ մեղադրանքի, Մելիք Մանուկյանը միայնակ 6 ոստիկանի ծեծի է ենթարկել, երբ նրան փորձել են բերման ենթարկել: Հիշեցնենք, Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել դեպքի օրը, եղբորը`Մելիք Մանուկյանին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել դրդելու կասկածանքով: Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Ինչից հետո, Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել`ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան:

Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սարգսյանն ասաց, որ վարույթ իրականացնող մարմնի բերած բոլոր փաստարկներին իրենք հակադարձել են`իրավականորեն, ոչ թե դեմագոգիկ: Դատարանը լսել է պաշտպանական կողմի հարցերը, նաեւ` օբյեկտիվ հարցադրումներ է արել: Արդյունքը`կերեւա վաղը: «Եթե ականջալուր լինի մեր փաստարկներին, որոնք իրավական տեսանկյունից բավական ամուր են`ՀՀ օրենքների շրջանակներում, նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, պիտի մերժի կալանավորելու միջնորդությունը»,- ասաց պաշտպանը`հավելելով, որ եթե «ինչ-որ բան տեսնենք», բացարկ կհայտնենք դատարանին:

Անդրադառնալով Ռոբերտ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին`պաշտպանն ասաց, որ ոստիկանության տարածած տեսանյութում երեւում է, թե իր պաշտպանյալն ինչպե՞ս է բերման ենթարկվում. «Պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ բացառապես այդ պայմաններում է Ռոբերտ Մանուկյանը ստացել մարմնական վնասվածքները: Մինչդեռ, մենք ստացել ենք փորձագետի եզրակացությունը`Ռոբերտ Մանուկյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ, այնտեղ շատ հստակ ձեւակերպումներով նշված է թե ինչպես ստացված մարմնական վնասվածքները: Եթե նայեք Մանուկյանի վնասվածքների տեղակայումը եւ այդ տեսագրությունը`ակնհայտ պարզ կլինի, որ Ռոբերտ Մանուկյանը այդ վնասվածքները չէր կարող այդ պայմաններով ստանալ: Սա անհերքելի փաստարկում է, որը որեւէ մեկը չի կարող հերքել»:

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Նա պնդում է, որ բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ ոչ իրավաչափ ուժ են գործադրել, իսկ ոստիկանության բաժնում, մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել:

Իսկ բերման ենթարկելիս ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մասով է, պաշտպանական կողմը դատարանի դահլիճում ներկայացրել է եւ քննիչն էլ ընդունել է, որ չի եղել ոչ բերման ենթարկելու մասին որոշում, ոչ էլ ծանուցագիր, քննիչի կողմից կոնկրետ հանձնարարություն չի եղել Ռոբերտ Մանուկյանին քննչական բաժին ներկայացնելու մասին, հետեւաբար, ըստ պաշտպանի, ցանկացած փաստարկում, որ օրինական պահանջ է դրվել`չի դիմանում որեւէ քննադատության: Այդ դեպքում, պաշտպանի պնդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 55, 57 եւ 153 հոդվածների խախտում:

Ռոբերտ Մանուկյանին բերման ենթարկելիս`միայնակ 6 ոստիկանի ծեծելու մեղադրանքի մասով էլ պաշտպանը հարցնում է. «Դուք Ռոբերտ Մանուկյանին տեսել ե՞ք: Դուք պատկերացրեք, մոտավորապես 60 կիլոգրամ քաշով, ցածրահասակ, նիհար տղամարդ է. ինքը ո՞նց կարար միայնակ ծեծել ոստիկանի… էդ ոստիկաններին պետք է տեսնեք`բարձրահասակ, հաղթանդամ… էդպիսի վնասվածքներ պատճառել: Կներեք, բայց դա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031