Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին: Դա փաստում են ազգային վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019թթ. 1-ին եռամսյակի ցուցանիշները:
Ըստ կոմիտեի հրապարակած վիճակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս (15-75 տարեկան անձինք), ներկայացված է 2 միլիոն 65 հազար 600 մարդ, որից 1 միլիոն 115 հազար 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ:
Իսկ 2018- ի 1-ին եռամյսակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 միլիոն 34 հազար 500 մարդ, որից՝ 926 հազար 200-ը՝ տղամարդ, եւ 1 միլիոն 108 հազար 300-ը՝ կին:
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 961 հազար 600 մարդ: Իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացրած մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելին:
Կարդացեք նաև
2018-ին Հայաստանում հաշվառվել է 894 հազար 800 զբաղվածներ, որից՝ տղամարդ՝ 474 հազար 600, կին՝ 420 հազար 100:
2019-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվն ավելացել է, ըստ վիճակագրական կոմիտեի այդ ցուցանիշը կազմել է՝ 905 հազար 300, որից տղամարդ՝ 483հազար 200, կին՝ 422 հազար 100:
Այս տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին: Իսկ 2018-ին գրանցվել է 237 հազար 600 գործազուրկ, որից՝ 133 հազար 100-ը՝ տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին:
Աշխատանք փնտրողների մեջ կանայք գերակշռում են. ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունիսի դրությամբ 82 հազար 522 քաղաքացի աշխատանք է փնտրել, որից՝ 54 հազար 714-ը՝ կին, իսկ 27 հազար 808-ը՝ տղամարդ:
Աշխատանք փնտրող 82 հազար 522 քաղաքացիներից 2 հազար 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 480-ը՝ տարիքային կենսաթոշակի տարիքը լրացած անձինք, 18 հազար 641-ը զբաղվածներ են եղել, 63 հազար 400-ը՝ գործազուրկներ:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակով, այս տարվա հունիսի ցուցանիշներով, առաջատարը Լոռու մարզն է, 2-րդ տեղում Արմավիրն է, ապա Վայոց ձորի մարզը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ