Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղեկատվության ստուգման կենտրոնը սխալ է հայտնաբերել արտաքին պարտքի մասին Փաստերի ստուգման հարթակի հրապարակման մեջ

Օգոստոս 07,2019 17:54

«Փաստերի ստուգման հարթակն» այսօր հրապարակել էր նյութ՝ «Վերջին 15 ամիսների ընթացքում արտաքին պարտքը չի նվազել 120 մլն դոլարով», որում մասնավորապես ասված է. ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգոստոսի 5-ին հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»։

Փաստերի ստուգման հարթակը մանրամասնորեն ուսումնասիրեց Ֆինանսների նախարարության 2018-2019 թվականների ՀՀ պետական պարտքի տեղեկագրերը։

Ըստ այնտեղ արտացոլված տվյալների՝ պարզ դարձավ, որ 2018թ. երկրորդ եռամսյակի ավարտին՝ հունիսի 30-ի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5,441 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2019թ. հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5,456 մլրդ ԱՄՆ դոլար։

Հետևաբար, պետական պարտքի նվազում վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի չէ, փոխարենն այն ավելացել է, հետևաբար արտաքին պետական պարտքի մարման դրական միտման մասին պնդումը կառավարության կողմից չի համապատասխանում իրականությանը, այն պարզ մանիպուլյացիա է։

Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը վերոնշյալ հայտարարությամբ պնդում էր նաև, թե վերջին 15 ամսվա ընթացքում մարվել է շուրջ 120 մլն դոլարի արտաքին պետական պարտք։ Մինչդեռ վերոնշյալ 15 ամսվա կտրվածքը ներառում է 2018-ի ապրիլից մինչև 2019-ի հունիս, իսկ այստեղ էլ համեմատելով պետական պարտքի տեղեկագրերում 2018թ. ապրիլի 30-ի տվյալները (5,534 մլրդ ԱՄՆ դոլար) և 2019թ. հունիսի 30-ի տվյալների հետ (5,456 մլրդ ԱՄՆ դոլար)՝ պարզ դարձավ, որ վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է ոչ թե ներկայացվող 120, այլ 78 մլն ԱՄՆ դոլարով: Մոտ 120 մլն դոլարի նվազումը նկատվում է 2018-ի մարտի և 2019-ի հունիսի համեմատության մեջ։ Այս դեպքում արդեն 16 ամիս է ստացվում։ Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածի՝ վերջին 15 ամիսների համեմատությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքն ավելացել է 144.3 մլն ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ իրականացված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարության հրապարակումը մանիպուլյատիվ է և ունի փաստական սխալներ, քանի որ այնտեղ խոսվում է 15 ամիսների մասին, չնայած ներկայացվում է 16 ամիսների վերաբերյալ տվյալը՝ ներառելով նաև այն շրջանը, երբ Հայաստանում դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել։ Բացի այդ, անցնող մեկ տարվա կտրվածքով պետական պարտքի ավելացում է նկատվել. օրինակ, 2018թ. դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակից հետո այն 6,934 մլրդ ԱՄՆ դոլար է եղել կամ աճել է մոտ 0,2%-ով»:

Հրապարակմանն արձագանքել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը պետական տեղեկատվական հարթակը՝ մասնավորապես նշելով. «Հրապարակման մեջ կա թվաբանական սխալ: Մասնավորապես՝ 15 ամիսների պարտքի դինամիկան հաշվելու համար որպես սկզբնական կետ վերցված է 2018թ-ի ապրիլի 30-ի տվյալը և այն համեմատվել է 2019թ-ի հունիսի 30-ի տվյալի հետ: Մինչդեռ այդ դեպքում վերցված ժամանակահատվածը ստացվում է 14 ամիս, այլ ոչ թե՝ 15, ինչպես որ ներկայացված է կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:

Ճիշտ հաշվարկ կատարելու համար, որպես սկզբնակետ, պետք էր դիտարկել 2018թ-ի մարտի վերջի ցուցանիշը, քանի որ յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված է տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ արձանագրված ցուցանիշը:

Այսինքն՝ անհրաժեշտ է դիտարկել 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքի ցուցանիշը (5.456 մլրդ դոլար) 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտին՝ մարտի 31-ի (5․575 մլրդ դոլար) ցուցանիշի հետ։

Կառավարության հրապարակած թվային գրաֆիկից նաև երևում է, որ 2015 թվականից սկսած ՀՀ արտաքին պետական պարտքը անդադար աճել է՝ 2018 թվականի առաջին եռամսյակին հասնելով իր ամենաբարձր ցուցանիշին՝ 5․575 մլրդ դոլարի։ Այս կետից հետո հստակ ուրվագծված է աճի տեմպի, ինչպես նաև ընդհանուր պարտքի նվազում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031