Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյան. Ութ ամիս է անցել, երկրորդ անգամ էլ եմ ցուցմունք տվել, և առայսօր որևէ տեղեկություն չունեմ, թե վերջն ինչ եղավ այդ հաղորդման

Օգոստոս 07,2019 17:06

Վերջին շրջանում տարբեր քաղաքացիներ հրապարակում են գրպանահատների նկարներ՝ ըստ երևույթին, հույս ունենալով, որ գոնե դա կօգնի/կստիպի Ոստիկանությանն իրականացնել իր գործառույթները և ապահովել քաղաքացիների անվտանգությունն առանց այն էլ վատ վիճակում գտնվող տրանսպորտում։ Նորություն չէ, որ գրպանահատությունը վերջին տարիներին գնալով նոր «բարձունքներ» է գրանցում, իսկ գրպանահատները արդեն այնքան են լկտիացել, որ բացահայտվելու դեպքում ոչ միայն չեն ամաչում իրենց արածի համար, այլ դեռ մի բան էլ իրենք են մունաթ գալիս, երբեմն նաև փորձում ֆիզիկապես վնասել այն քաղաքացուն, որը հանդգնել է բռնել իրենց «գործի վրա»։ Շատերը պնդում են, որ ավտոբուսների վարորդներն էլ շատ լավ ճանաչում են ջեբկիր համքարության մեր «ակտիվիստներին»։ Բայց առայսօր այս հարցին արդյունավետ լուծում չի տրվում։

Ավելին, վերջին տարիներին էսպես ասած մոդայիկ է դարձել մեղքը բարդել քաղաքացիների վրա։ Ոստիկանությունը, որպես արդարացում, ասում է՝ ես մեղավոր չեմ, ես բռնում եմ գողին, բայց քաղաքացին, ումից գողացել են, հրաժարվում է բողոքել, քանի որ մենք «գործ տվող ազգ չենք»։ Իսկ ի՞նչ է լինում, երբ, այդուհանդերձ, գտնվում են հազվագյուտ բողոքող, «գործ տվող» քաղաքացիներ։ Ոչինչ, ոչինչ, և երիցս, ոչինչ։

Այսպես, 2018թ․ նոյեմբերի 18-ին 8 համարի ավտոբուսում պայուսակիցս գողացել են անձնագիրս և նոր գնված ժամացույցս։ Թալանվելուց ուղիղ մեկ ժամ անց արդեն ցուցմունք էի տալիս ոստիկանության կենտրոնի բաժնում։ Իսկ ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ Ոչինչ տեղի չունեցավ։ Միակ օպերատիվ բանը, որ արեց ոստիկանությունը, իմ հաղորդման բովանդակությունը հաջորդ իսկ օրը Գագիկ Շամշյանին հաղորդելն էր։ Ութ ամիս է անցել, երկրորդ անգամ էլ եմ ցուցմունք տվել, և առայսօր որևէ տեղեկություն չունեմ, թե վերջն ինչ եղավ էդ հաղորդման։

Իհարկե, կարելի է օրենքի բացի վրա էլ բարդել «մեղավորությունը», բայց պետք չի։ Մանավանդ, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ԱԺ-ն էդ բացն էլ կշտկի։ Դրանից հետո ԱԺ-ն, իր լիազորությունների սահմաններում, խստագույնս վերահսկելու է այդ օրենսդրական դրույթի կատարման ընթացքը (ինչպես և այլ օրենքների)։ Գողի տեղը բանտում է։

Հերթական անգամ համոզվում ենք, որ ոստիկանական համակարգը պետք է օր առաջ լրջագույնս բարեփոխվի, թե՛ գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման, թե՛ այլ բաղադրիչների մասով։ Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է իրեն կատարելապես անվտանգ զգա։

Հ․Գ․ Ոստիկանական համակարգի ռեֆորմները շուտով կսկսվեն, իսկ մեր քաղաքական ուժը նաև պետք է գործուն քայլեր ձեռնարկի երկարաժամկետ գործողությունների ծրագրի/քաղաքականության մշակման ուղղությամբ, որը թույլ կտա ոչ միայն և ոչ այնքան պայքարել հանցավորության դեմ, որքան կանխել և մինիմալի հասցնել հանցավորությունը մեր երկրում։

Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031