Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլ Ստրոնսկի. «Մարտի 1-ի գործով քննությունը մի շարք առումներով ընտրովի արդարադատության տպավորություն է թողնում». BBC

Օգոստոս 07,2019 15:07

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրիտանական BBC-ին այսօր հրապարակել է իրեն հասանելի դարձած՝ Մարտի 1-ի գործի քննությանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Հոդվածում նաեւ մի շարք փորձագետներ են կարծիք հայտնում գործի մասին:

«Մարտի 1-ի գործով քննությունը մի շարք առումներով ընտրովի արդարադատության տպավորություն է թողնում»,-BBC-ի հետ զրույցում ասել է «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին: «Ինձ մոտ մի շարք հարցեր են առաջացել այս գործի առնչությամբ: Ակնհայտ է, որ այն թափանցիկության պակաս ունի»,-մասնավորապես ասել է Ստրոնսկին: Նա կարծում է. որ Հայաստանին սպառնում է Վրաստանի սխալի կրկնությունը, երբ 16 տարի առաջ՝ «վարդերի հեղափոխությունից» հետո, ժողովրդավարության զարգացումն արգելակվել է, իսկ քաղաքական պայքարը՝ ստացել առանձին քաղաքական գործիչների անձնական առճակատման բնույթ: «Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է մասնակիցն այն իրադարձությունների, որոնց շուրջ հիմա քննություն է իրականացվում, ամեն քայլ պետք է լինի առավելագույնս բաց եւ թափանցիկ»,-շեշտել է փորձագետը:

Պոլ Ստրոնսկին հավելել է, որ Փաշինյանը հայաստանյան հանրության մոտ մեծ վստահություն է վայելում, բայց այդ վստահությունը չի ենթադրում ուժայինների լոյալություն (ենթակայություն). «Գալով իշխանության՝ Փաշինյանը ոստիկանության եւ հատուկ ծառայությունների նոր ղեկավարների նշանակեց: Բայց ռազմական էլիտան փոխելը դժվար է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում: Փաշինյանի թիմում չկան ռազմական եւ ազգային անվտանգության ոլորտներում լուրջ փորձ ունեցողներ»:

Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Մարիամ Հովհաննիսյանն էլ BBC-ի հետ զրույցում շեշտել է, որ Մարտի 1-ի զոհերի մի մասի հարազատներն արդարադատության հույսով են լցվել. «Հայաստանի նոր իշխանությունը մեկ տարում այդ ողբերգության քննության ուղղությամբ ավելի շատ բան է արել, քան արվել է նախորդ տասնամյակում»:

BBC-ն հիշեցրել է, որ Զաքար Հովհաննիսյանը մարտյան դեպքերի վերջին զոհն էր. նա սպանվել էր Մաշտոցի պողոտայում: Նրա սպանության գործի քննությունը վերաբացվել էր Հայաստանում իշխանափոխությունից հետո: Այս գործով առաջին ձերբակալությունը տեղի ունեցավ 2019թ.-ի հունիսին, երբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սպանության մեղադրանք առաջադրեց ոստիկանության նախկին պաշտոնյա Գեղամ Պետրոսյանին:

«Ես հավատում եմ այս իշխանությանը եւ համոզված եմ, որ եղբորս սպանության գործը բացահայտվելու է»,-բրիտանական լրատվամիջոցին ասել է Մարիամ Հովհաննիսյանը:

Ի՞նչ են ասում փորձագետները

BBC-ն, հղում անելով փորձագետների կարծիքներին, հոդվածում նաեւ գրում է, որ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն Արցախի քաղաքական եւ զինվորական էլիտայի հետ հարթ չեն: «Այդ հարաբերությունների վրա բացասաբար է ազդել նաեւ Մարտի 1-ի գործի քննությունը»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է «Կովկասի» ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Նա հիշեցրել է, որ Արցախի գործող եւ նախկին նախագահները երաշխավորել են Ռոբերտ Քոչարյանի ազատման համար, ինչից հետո հայաստանյան իշխանությունը մի շարք կտրուկ հայտարարություններ է արել:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտի գիաշխատող Էմիլ Սանամյանն էլ կարծիք է հայտնել, որ Արցախի իշխանությունը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մասնիկն է. «Չի երեւում, որ Սարգսյանի թիմը պատրաստ է Արցախից հեռանալ առանց պայքարի»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ հայաստանյան կառավարության եւ Արցախի իշխող էլիտայի միջեւ հակամարտությունը թվացյալ է. «Այդ թեման միտումնավոր է շահարկվում մեդիադաշտում եւ սոցցանցերում»:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031