Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք առաջնային վերաբերում են հենց աղքատ ընտանիքներին ու թոշակառուներին:
Սոցիալական աջակցությանն ուղղվող միջոցների ավելի քան 90 տոկոսը պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ: Իսկ այս համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն նվազեցնում են հիմնական այդ ծրագրերի հասցեականությունը, այլև պետական բյուջեի համար առաջացնում են լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների ու նպաստների չափերի բարձրացմանը: Տարբեր գնահատումներով այդ ծախսերը տարեկան գերազանցում են 50 միլիարդ դրամը:
Ակնհայտ է, որ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում կոռուպցիա ծնող արատավոր երևույթների դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Ակնհայտ է նաև, որ այս երևույթները հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 15 ամիս է, որ միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ արատավոր երևույթներն էլ ավելի են խորանում, «հնարամիտ» նոր դրսևորումներ են ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին:
Հետևանքներն էլ լինում են՝ կուտակվող խնդիրները, աճող համակարգային ռիսկերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները:
Կարդացեք նաև
Առարկայական այսպիսի մարտահրավերների պարագայում նախ՝ անհրաժեշտ է օր առաջ արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման ողջ համակարգը, որը հիմնված է անուղղակի մեթոդի վրա: Հենց այս համակարգն է կոչված նպաստների հասցեականության ապահովմանը: Այս մեթոդով ընտանիքի անապահովության գնահատման համար կիրառվում են անուղղակի մի շարք ցուցանիշներ, որոնք օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց են դարձնում գնահատման արդյունքները: Ասենք օրինակ՝ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի չափը, սպառած գազի ծավալը, բնակարանի կենցաղային պայմանները, ավտոմեքենա ձեռքբերելու կամ վաճառելու հանգամանքը և այլն:
Անապահովության գնահատման գործող համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը առավելապես պայմանավորված են նաև հետևյալով՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ այդ ընտանիքը կարող է զրկվել նպաստից՝ անկախ վերը բերված բնութագրիչներից և դրանց համար նախատեսված թվային արժեքներից: Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ լիարժեք մեթոդաբանություն և վերահսկողական գործիքակազմ, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը մոտ է նվազագույն աշխատավարձի չափին:
Նախկինում եղել են այս համակարգի որոշակի վերանայումներ՝ ավելացել են անուղղակի գնահատման ցուցանիշները: Վերջերս էլ նախատեսվեց նպաստից զրկել այն ընտանիքներին, որոնք ունեն սահմանված գումարից ավել վարկ և կարողանում են կատարել իրենց վարկային պարտավորությունները: Նախատեսվող այս փոփոխությունը ևս անուղղակի գնահատման գործող մեթոդի շրջանակներում է և ունի անորոշության մեծ աստիճան: Այլ կերպ ասած՝ իրականում աղքատ ավելի շատ ընտանիքներ կարող են զրկվել նպաստից, քան այն ընտանիքների թիվն է, որոնք կիրառվող այս չափանիշի արդյունքում օբյեկտիվորեն դուրս կմնան սոցիալական նպաստի համակարգից:
Իհարկե, գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու առկա խնդիրները:
Անապահովության գործող համակարգի արմատական փոփոխության հիմքում անհրաժեշտ է դնել ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը, հետևյալ ընդհանրական մեխանիզմով՝ պետք է լիարժեք հաշվարկվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկնող իրական միջին եկամտի և կենսապահովման նվազագույն բյուջեի բացասական տարբերությունը, որն էլ կհանդիսանա նպաստի իրավունքը և չափը որոշող հիմնական բնութագրիչ: Այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:
Մյուս կողմից, սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:
Փոխարենը՝ նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը: Եվ այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:
Հաջորդիվ՝ փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:
Այս խնդրի համակարգային լուծման համար օրենքով նախատեսված էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը մեկնարկել է կառավարության որոշմամբ՝ դեռևս 2016 թվականի օգոստոսին:
2018 թվականի վերջին էլ արդեն նոր կառավարությունը մեկ տարով հետաձգեց աշխատանքային գրքույկների թվայնացումը: Փաստորեն, երկու տարին չբավարարեց կառավարությանը՝ այս կարևոր գործառույթն իրականացնելու համար, իսկ ավարտին հասցնելու համար էլ պետք էր ևս մեկ տարի սպասել: Ավելին՝ նման անբավարար տեմպի և անհետևողականության պարագայում ունենք հիմնավոր մտահոգություն, որ այս տարվա վերջին կառավարությունը նորից մեկ տարով կհետաձգի աշխատանքային գրքույկների թվայնացումը:
Այս գործընթացի համար պատասխանատու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Խոսքը վերաբերում է շուրջ 540 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեն պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորի ու մուտքագրի կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավել ժամանակ: Այլ կերպ ասած՝ ծառայության յուրաքանչյուր աշխատողի հաշվով ստացվում է ամսական միջինը 20 աշխատանքային գրքույկների թվայնացում:
Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինը չի իրականացնել օրենքով իրենց վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը, կա՛մ իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու արդյունքում:
Իհարկե, առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ ստաժերի հավելագրման շարունակվող արատավոր պրակտիկան: Մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:
Փոխարենը՝ օրվա իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ պարտադիր կուտակային բաղադրիչը ընդլայնելու համար կարողանում են հատկացնել լրացուցիչ պետական միջոցներ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող