Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկվում էր ՄԻԵԴ որոշումն ընդդեմ ՀՀ-ի, որի արդյունքում ՀՀ-ն բյուջեի հաշվին պետք է Յուրի Վարդանյանին փոխհատուցի 1 մլն 600 հազար եվրո:
Արդարադատության նախկին նախարար, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը որեւէ աղերս չունի այդ գործընթացների հետ: Դրա առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը մեղավոր անձանց շրջանակը հստակեցրեց՝ կոնկրետ անուններ նշելով. «Ցուցմունքում կար խոսակցություն Պավել Անդերսոնի մասնակցությամբ, որը հանդիսացել էր ժամանակին այն կառուցապատող ընկերություններից մեկի սեփականատերը, որը, ըստ էության կաշառք տալու միջոցով ստացել է կառուցապատման իրավունք: Հիմա փորձենք էդ սխեման պատկերացնենք, հա՞, ինչի հիման վրա են քաղաքացիները զանգվածային ձեւով ունեզրկվել: Սեփականության իրավունքի խախտում զանգվածային ձեւով իրականացվել է կառավարության որոշման հիման վրա, ինչն արդեն իսկ հակասահմանադրական է: Սահմանադրությունը թույլ չի տալիս ընդամենը կառավարության որոշման հիման վրա խախտել անձանց սեփականության իրավունքը: Հիմա մեզ մոտ 2000-ին կայացվել է կառավարության որոշում, որի հիման վրա այդ տարածքը ճանաչվել է իրացման գոտի՝ գերակա հանրային շահ, որի հիման վրա 2004-ին կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում ու այդ որոշման մեջ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը պետք է կոնկրետ ժամանակահատվածում նշված 6 իրավաբանական անձանց նաեւ ֆիզիկական անձի հետ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով կնքի պայմանագրեր ու այդ կառուցապատման գործընթացին ընթացք տա: Կառավարության որոշումը մինչեւ որոշում դառնալը, գնում է համապատասխան մարմիններ՝ եզրակացություն ստանալու ու կոնկրետ արդարադատության նախարարությունն այստեղ շատ լուրջ դեր է ունեցել՝ հանձինս Դավիթ Հարությունյանի: Հիմա իր պնդումները, որ ինքը կապ չունի դրա հետ, իհարկե, նորմալ է, նա այդպես էլ պետք է ասեր: Բայց նա է հենց եղել այն մարմնի ղեկավարը, որը տվել է դրական եզրակացություն այդ խայտառակ որոշմանը: Իսկ թե հետո ինչ է եղել այդ որոշման հետ, այն գնացել է քաղաքապետարան, քաղաքապետը կառավարության որոշումը իր նախաձեռնությամբ փոխել է եւ այնտեղ հանել է նշված իրավաբանական անձանցից մեկի անունը՝ տուրիստական գործակալության անուն ու դրա փոխարեն դրվել է «Վիզկոն» ՍՊԸ-ի անունը, որի սեփականատերը հանդիսանում է Պավել Անդերսոնը: Նույն անձը, որը տարիներ անց ասել է, որ ինքը 550 հազար դոլար գումար կաշառք է տվել քաղաքապետին այդ կառուցապատման իրավունքը եւ այդ 6 կառուցապատողների մեջ իր տեղը վաստակելու համար: Դա բավարար փաստ է, որ դրա հիման վրա իրականացվեն համապատասխան որոշումներ»:
Արուսյակ Ջուլհակյանն այլ անուններ էլ տվեց. «Դրանից մեկ տարի անց կառավարությունը փոխում է իր որոշումը, կառավարության գլուխն էլ Անդրանիկ Մարգարյանն էր, հիմա տեսեք թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին: Այս ամեն ինչը իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո: Կարծում եմ, այստեղ բացահայտելու շատ բան չկա: Ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ