Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ի բացառիկ փաստաթղթերը՝ Մարտի 1-ի մասին. «Ղարաբաղից Երեւան բերված հատուկ ջոկատը տեղակայվել է նախագահականի նկուղում»

Օգոստոս 07,2019 13:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրիտանական BBC-ին այսօր հրապարակել է իրեն հասանելի դարձած՝ Մարտի 1-ի գործի քննությանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Աղբյուրը 2008թ.-ի փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների վերաբերյալ հետեւյալ տվյալներն է նշում՝ հղում անելով քննչական մարմնին:

-Ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր, վկայի կարգավիճակով անցնող Սամվել Կարապետյանը՝ հայտնի «Օգանովսկի» մականվամբ: Ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել մասնավորապես Արցախից բերված ուժայինները:

-Քննիչները պնդում են, որ այդ ջոկատը տեղակայված է եղել նախագահի նստավայրի նկուղում:

-Քննիչները կարծում են, որ ջոկատին այցելել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

-Քննիչները ստուգում են նաեւ երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի դերակատարումը: Նրանք կարող էին ֆինանսավորած լինել Երեւանում Ղարաբաղի ուժայինների գտնվելը՝ ցույցերը ցրելու օրերին:

BBC-ին շեշտում է, որ իրեն հասանելի դարձած տվյալների մի մասն իրենց հետ զրույցում հաստատել են հայաստանյան եւ արցախյան աղբյուրները: Լրատվամիջոցը, սակայն, չի կարողացել ստանալ ցուցարարների սպանությունների հանգամանքների վերաբերյալ անկախ պնդումներ:

BBC-ն նշում է, որ ելնելով նախաքննության շահից՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, իսկ Սամվել Կարապետյանը հերքել է իր հասցեին ուղղված նշյալ մեղադրանքները: Գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել ալեքսանյանն էլ հերքել են մարտյան իրադարձություններին իրենց մասնակցությունը: Սերժ Սարգսյանը եւս հրաժարվել է մեկնաբանել:

Ո՞վ է ղեկավարել ցուցարարներին կրակելու գործողությունը

Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդել են, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, հայտնի որպես «Օգանովսկի», ղեկավարել է ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը: 2008թ.-ին նա ղեկավարել է Արցախից Երեւան ուղարկված զորամիավորումները: Այդ փաստը Կարապետյանը հաստատել է 2018թ.-ի օգոստոսի 15-ի հարցաքննության ժամանակ: BBC-ն տիրապետում է չորս ժամ տեւած այդ հարցաքննության արձանագրությանը: Աղբյուրը նշում է, որ հետագայում, սակայն, քննության եւ Կարապետյանի վարկածները բաժանվել են:

Մասնավորապես, քննության տվյալներով՝ Սամվել Կարապետյանն իր ենթականերից կազմավորել է 20 հոգանոց հատուկ ջոկատ, որը տեղակայված է եղել Բաղրամյան 26-ի նկուղում: Հարցաքննության ժամանակ քննիչն է պնդել, որ այդ ուժայիններին այցելել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Քննության վարկածով՝ խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել կրակել ժողովրդի վրա՝ համապատասխան հրամանի առկայության դեպքում:

Հարցաքննության ժամանակ Սամվել Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ որեւէ մեկը ժողովրդի վրա կրակելու հրաման չի տվել: Որոշ այլ վկաների հարցաքննության ժամանակ եւս քննիչը հնչեցրել է Օգանովսկու վերաբերյալ մեղադրանքները, իսկ վկաները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են մարտյան իրադարձություններում գեներալի մասնակցությունը:

Վճարել են օլիգարխները

BBC-ն նշում է, որ իր տրամադրության տակ հայտնված տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են ղարաբաղցի ուժայինների ջոկատի գտնվելը Երեւանում: Ըստ քննիչի՝ Ծառուկյանի ներկայացուցիչն այցելել է նախագահականի նկուղում գտնվող խմբին եւ վճարել՝ գումարներ բաժանել: Ծառուկյանն ու Ալեքսանյանը BBC-ի հետ զրույցում հերքել են դա:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031