Այսօր «Մեդիա կենտրոնում» փաստաբան Մուշեղ Շուշանյանը, անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը, որի արդյունքում ՀՀ-ն բյուջեի հաշվին պետք է Յուրի Վարդանյանին փոխհատուցի 1 մլն 600 հազար եվրո, ասաց, որ կարծիքները տարբեր են՝ դա վճարել խախտման համար պատասխանատու անձանցի՞ց, թե բյուջեից: Մի խումբը կարծում է, որ բյուջեն չպետք է տուժի առանձին դատավորների սխալների համար, մյուս խումբն էլ կարծում է, որ եթե դատավորը վճարի, դատական համակարգի վրա դա վատ ազդեցություն կունենա:
Ըստ Շուշանյանի, պետությունը պետք է հետադարձ պահանջ ներկայացնելու լիազորություն ունենա այն դատավորների դեմ, ովքեր պատասխանատու են այդ վճիռների համար: Դատավորը պետք է գույքային պատասխանատվություն կրի ու որոշվի՝ որ դեպքում է իրավունքի խախտումը համարվում կոպիտ:
ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը նույնպես գտնում է, որ համապատասխան մեխանիզմ է պետք մշակել, որ եթե դատավորների կողմից կոպիտ խախտումներ են եղել, պատասխանատվություն պետք է կրեն: Նա ասաց, որ արդարադատության նախարարությունը մի նախագծի վրա է աշխատում, ԲԴԽ-ն նույնպես մասնակցում է դրան ու այդ նախագծով ՄԻԵԴ որոշումները կդառնան հիմք կարգապահական վարույթ հարուցելու համար. «Այստեղ պետք է զգույշ եւ հավասարակշռված մոտեցում ցուցաբերենք: Պարզ է, որ ոչ ցանկացած որոշումը ՀՀ-ի դեմ պետք է ավտոմատիկ առաջացնի այդ կարգապահական պատասխանատվությունը: Կարող են լինել դեպքեր, երբ իրավունքի խախտումը տեղի ունեցել օբյեկտիվ պայմաներում: Լինում են դեպքեր, երբ բուն նախադեպային իրավունքն է փոփոխության ենթարկվում ժամանակի ընթացքում: Բունիաթյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ-ը նախ հօգուտ ՀՀ-ի որոշում կայացրեց, այն հիմնված էր վաղ 70-ականներին կայացրած նախադեպային որոշումների հիման վրա, բայց հետագայում բարձր ատյանը որոշեց, որ այստեղ անհրաժեշտ է նոր նախադեպ ձեւավորել: Կարող են նաեւ լինել դեպքեր, երբ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումը հենց այնպիսի դատավորների խախտում է, որը կարգապահական խախտում է»:
Վիգեն Քոչարյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր հայտնել Մոլդովայի հարցման հետ կապված, որ եթե դատավորը դիտավորյալ է խախտում արել՝ ունենալով չարամիտ դրդումներ, դրական գնահատական նման վարվելակերպը չի կարող ունենալ. «Դրա համար պետք է մեխանիզմ մշակենք, որ արձագանքենք նման դեպքերին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ հաշվի առնելով, որ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող, այդ օրենսդրական նախաձեռնությամբ կարգապահական վարույթ կարելի՞ է ներկայացնել նախկին որոշումների համար, թե՞ դա վերաբերելու է միայն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած որոշումներին ու նաեւ վաղեմության ժամկետի հետ կապված խնդիրը ոնց է լուծվելու՝ Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Համապատասխան լուծումները պայմանավորված են նրանով, թե նախագծում մենք կոնկրետ ինչպիսի տեքստ կունենանք, որովհետեւ խոսքը չի գնում նոր հիմքերի մշակման եւ այդ նոր հիմքերի հիման վրա անցյալում տեղի ունեցած գործողություններին արձագանքելուն: Խոսքը նրա մասին է, թե արդյոք նշված մարմինները, որոնք իրավունք ունեն կարգապահական գործընթաց հարուցելու, ինչ հիմքեր պետք է օգտագործեն կարգապահական վարույթ սկսելու, բայց ոչ նոր պատասխանատվություն մտցնելու եւ դրան հետադարձ ուժ տալու մասին: Ժամկետների հետ կապված մենք իսկապես լուրջ խնդիր ունենք: Որպեսզի պարզ լինի, որ մի բան այնպես չի գնացել, պետք է առաջին ատյանից գործը գնա Վերաքննիչ, որ հաստատվի՝ տեղի է ունեցել դատավարական սխալ, դա 3-4 տարի առնվազն կտեւի ու այստեղ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս մենք արագ արձագանքումն ու օպերատիվությունն ապահովենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ