Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Նիկոլ Փաշինյանի ելույթը համալիր ելույթ չէր

Օգոստոս 07,2019 12:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը բնականորեն դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման: Ուրախալի է, որ այն այդպիսով դառնում է նաև քաղաքական օրակարգի մաս՝ հարուցելով ամենատարբեր քննարկումներ, դեբատներ, բանավեճեր: Պետք է հույս ունենալ, որ դրանք երկար կյանք կունենան ու չեն կորցնի իրենց ակտուալությունը:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ռազմավարական նպատակների մասին ելույթ էր: Այդպիսին լինելով, այն որոշակիորեն կիսատ ելույթ էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ռազմավարական կարևորագույն նպատակադրումների մասին, միաժամանակ չնշեց կրկին ռազմավարական մի շարք դրույթներ, առանց որոնց Հայաստանի զարգացման հեռանկարը, տեսլականը ամբողջական չէ: Այլ խոսքով, կարևոր է քննարկել ոչ միայն այն, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, այլև այն, թե ինչի մասին լռեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայաստան-Արցախ կապի անխզելիության մասին, վանկարկելով «Միացում» կարգախոսը Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց Հայաստան-Արցախ կոմունիկացիաների զարգացման մասին: Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում ու առավել ևս 20-30 տարի անց հաղորդակցության ուղիները կենսական նշանակություն ունեն և ունենալու են բնականորեն գործունեության համար:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարող էր խոսել գոնե հեռանկարում Հայաստան-Արցախ երկաթուղային ճանապարհի կառուցման մասին: Սակայն նման հայտարարություն մենք վարչապետից չլսեցինք: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց նաև Հայաստան-Արցախ երրորդ մայրուղու կառուցման մասին, ինչի վերաբերյալ մոտ վերջերս ազդարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին, ինչի գաղափարն առկա է դեռևս նախորդ իշխանության տարիներից: Նա ընդհանրապես չխոսեց տարածաշրջանային քաղաքականության, տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի մասին:

Այդ համատեքստում որևէ խոսք չհնչեց նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի մայրուղուն այլընտրանքային ճանապարհի ստեղծման մասին: Մինչդեռ թե Իրան-Հայաստան երկաթգիծը, թե Լարսին այլընտրանքային ճանապարհը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն:

Նիկոլ Փաշինյանի ելույթում բացակայում էին թեզերը նաև Հայաստանի տնտեսության մոդելի, տնտեսական համամասնությունների ռազմավարական փոփոխության մասին: Մենք որևէ խոսք չլսեցինք տնտեսության մեջ հանքարդյունաբերության ճյուղի տեսակարար կշռի նվազեցման, խելացի գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման մասին: Մինչդեռ դրանք բոլորը կրկին ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի զարգացման համար:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակներն իրականում հարաբերական են չափելիության առումով: Որովհետև երբ խոսում ենք 2050 թվականի մասին պարտավոր են հաշվի առնել, որ դա լինելու է միանգամայն այլ աշխարհ, միանգամայն այլ նյութական և ոչ նյութական ապահովվածությամբ աշխարհ, միանգամայն այլ սահմաններ ու պետությունների պաշպանության, միանգամայն այլ համակարգեր ունեցող աշխարհ:

Գիտատեխնիկական առաջընթացի ներկայիս առաջանցիկ տեմպը 2050 թվականին փոխելու է աշխարհի պատկերը: Փոխվելու են այսօր մեր կյանքի անբաժանելի մասը կազմող գրեթե բոլոր հասկացությունները՝ այդ թվում նրանք, որոնց մասին ռազմավարական նպատակադրումներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը:

Աշխատատեղեր, համախառն ներքին արդյունք, առողջապահություն, բանակ… բոլոր այս կատեգորիաները 2050 թվականին մեծ հավանականությամբ այլ տեսք ու բնույթ են ունենալու: Նույն աշխատատեղերի հարցում աշխարհն է կանգնելու զբաղվածության լրջագույն խնդրի առաջ, քանի որ մարդկային աշխատանքը արդեն իսկ սկսել է փոխարինվել ռոբոտներով:

Փոխվելու է բանակների, զենքերի, պաշտպանական ու հարձակողական համակարգերի բնույթը, քանի որ գիտության զարգացումը միանգամայն նոր որակի զինատեսակներ է ապահովում և ապահովվելու: Ի վերջո, մեծ հավանականությամբ փոխվելու է նաև փողը՝ որպես վճարամիջոց, ինչի նախադրյալներն առկա են արդեն իսկ այսօր: Իսկ դա նշանակում է, որ ՀՆԱ-ի կամ այլ թվային ցուցանիշի կանխատեսումներն ու հաշվարկները զուրկ են ակտուալությունից:

Ահա այս պայմաններում ապագայի մասին ցանկացած խոսակցություն չի կարող հաշվի չառնել գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ելույթում մենք ոչինչ չլսեցինք գիտության, գիտության զարգացման մասին:
Նիկոլ Փաշինյանը չխոսեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Այն դեպքում, երբ նրա հռչակած նպատակադրումները չեն կարող իրականություն դառնալ, եթե չունենան համապատասխան արտաքին քաղաքական սպասարկում:

Վարչապետի հռչակած նպատակներին կարելի է հասնել միայն աշխարհի հետ սերտորեն ինտեգրվելով, միայն համաշխարհային բարիքի ստեղծման մասնակիցն ու մատակարարը դառնալով, դրանք հնարավոր է իրագործել միայն աշխարհը Հայաստան բերելով ու աշխարհին Հայաստանի զարգացման շահառու դարձնելով: Այս խնդիրների լուծումը դուրս է մեր այսօրվա դիվանագիտության կարողությունների շրջանակներից:

Արտաքին քաղաքականության ասպարեզում մենք ունենք մի կողմից այդ քաղաքականության հստակեցման, որոշակիացման ու վերափոխման, մյուս կողմից դիվանագիտական կորպուսի, կադրային բազայի արմատական փոփոխության խնդիր: Առանց այդ քայլերի Նիկոլ Փաշինյանի հռչակումները մնալու են գեղեցիկ ցանկություններ:

Մինչդեռ նա իր ելույթում որևէ խոսք չասաց արտաքին քաղաքականության մասին:
Ռազմավարությունը, ռազմավարական նպատակադրումը համալիր գործողության արգասիք է: Ռազմավարական նպատակները կարող են իրատեսական լինել միայն այն դեպքում, երբ դրանք սահմանելիս հաշվի են առնում դրանց հասնելու ճանապարհի վրա ազդող առանց բացառության բոլոր գործոնները:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի ելույթը համալիր ելույթ չէր: Մեծ հավանականությամբ այդ ելույթը Նիկոլ Փաշինյանի անձնական աշխատանքի, և ոչ թե թիմի ստեղծագործականության արդյունք էր: Իսկ դա նշանակում է, որ վարչապետը խոսում էր ոչ թե արդեն իսկ առկա ռազմավարության հիման վրա ծնված թեզերով, այլ հակառակը՝ նրա հնչեցրած թեզերի համար նոր պետք է մշակվի ռազմավարություն:

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031