Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ արտաքին պետական պարտքի դինամիկային 2018թ.-ի ապրիլ-2019թ.-ի հունիս ամիսների ընթացքում:
Վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը կրճատվել է շուրջ 120 (118.6) մլն ԱՄՆ դոլարով կամ 2.1%-ով (տե՛ս գծապատկեր 1): Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կրճատվել է 85.4 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ 32.9 մլն ԱՄՆ դոլարով: 15 ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվել է 77.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ վարկերի և փոխառությունների մարումը կազմել է 78.8 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ վարկերի և փոխառությունների գծով զուտ մուտքը կազմել է շուրջ -300,000 ԱՄՆ դոլար:
Գծապատկեր 1. ՀՀ արտաքին պետական պարտքի դինամիկան 2018թ.-ի ապրիլ-2019թ.-ի հունիս ամիսներին (մլն ԱՄՆ դոլար)
Կարդացեք նաև
Եթե դիտարկենք ՀՀ արտաքին պետական պարտքի արժութային կառուցվածքը, ապա վերջին 15 ամսվա ընթացքում, ինչպես ՀՀ կենտրոնական բանկի, այնպես էլ ՀՀ կառավարության արտաքին պարտքի կառուցվածքում որոշակիորեն ավելացել է ԱՄՆ դոլարով պարտքի մասնաբաժինը, մինչդեռ ազատ փոխարկելի տարադրամով (SDR) պարտքի տեսակարար կշիռը կրճատվել է: Միևնույն ժամանակ, վերջին 15 ամսվա ընթացքում ազատ փոխարկելի տարադրամը (SDR) ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.6%-ով, իսկ եվրոյի դեպքում արժեզրկումը կազմել է 8.3%:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ արտաքին պետական պարտքի կրճատումը շուրջ 120 մլն ԱՄՆ դոլարով պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ
ազատ փոխարկելի տարադրամի արժեզրկմամբ և ԿԲ-ի կողմից արտաքին պարտքի մարմամբ:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն