Համահայկական 7-րդ ամառային խաղերի և Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչը ողջունել է այն հանգամանքը, որ Համահայկական խաղերի բացումը կատարվում է Ստեփանակերտում:
«Համոզված եմ, որ դա հատուկ նշանակություն ունի, նույն այդ պատճառով մենք տարեսկզբին ՀՅԴ Ընդհանուր Ժողովը գումարել ենք Ստեփանակերտում: Արցախը մեր բոլորի կիզակետն է. Արցախի համար բոլորս անելիք ունենք: Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր երկրի զարգացման ուղին պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարախոսության վրա: Եվ ուրախ եմ ասելու, որ զարգացման այս ուղու շուրջ համախոհությունը նկատելի է համահայկական առումով»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Անդրադառնալով նախօրեին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ սպորտն ինքնին միացնող ազդակ է և Համահայկական խաղերի ընթացքում դա պետք է լինի միասնականության նորովի դրսևորում և ամբողջական հայության խանդավառության առարկա: «Ես անձամբ ներկա էի տեղի ունեցած հանրահավաքին: Մեզ համար մտահոգիչ էր, որ բացման արարողությունից առաջ տեղի ունեցած հանրահավաքը քաղաքականացվեց: Ողջունում ենք ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի ելույթներում միասնականության շեշտադրումը: Սակայն Դաշնակցությունը գտնում է, որ այն պետք է լինի համոզումով, իրական միասնականություն՝ առանց քաղաքական շահադիտության»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատրյանը: