Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։
Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
Կարդացեք նաև
«Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ,
Հայ ժողովրդի հպարտ զավակներ,
ողջունում եմ բոլորիդ։
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի մեծարգո անդամներ,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր,
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետև մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։ Իսկ ինչո՞ւ է մեզ այսպիսի երջանկություն պարգևում միասին լինելը, որովհետև մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի արյունը, մեր երակներում հոսում է Արտաշես արքայի արյունը, մեր երակներում հոսում է Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Նարեկացու արյունը։
Եվ մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը։
Եվ ուրեմն՝ Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաղթանակ արդար մրցակցության մեջ։ Եվ ուրեմն՝ Համահայկական յոթերորդ խաղերը հայտարարում եմ բացված»։
Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։
***
Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ