Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան ավանդույթներն աղջիկների ձեռքերում են

Օգոստոս 07,2019 13:30

1904 թվականին Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թթ.-ին՝ 15-16 հազար մեղվաընտանիք եւ նրանցից մեկն էլ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում բնակվող Գուլքանյանների ընտանիքն էր։ Տան դստեր` Ասպրամ Գուլքանյանի խոսքով՝ այս ամենի հիմքերը դրվել են իր պապի հոր՝ Ղուկաս Գուլքանյանի կողմից, որը մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ ձեռք է բերել ռուս հմուտ մեղվաբույծ-պրոֆեսորի մոտ: Վերադառնալով հայրենիք՝ նա իր ուժերն ու գիտելիքները ներդրել է հայրենի հողում գրագետ մեղվաբուծական արվեստի ձեւավորմանն ու զարգացմանը: Մինչ այդ մեղուների համար տնակներ էին հանդիսանում քթոցները, որոնք օգտագործման տեսանկյունից այդքան էլ հարմարավետ չէին եւ նա առաջինն էր, ով տարածաշրջանում հիմնեց «փեթակային» տնտեսությունը։

Մեղվաբուծությունը, լինելով ընտանեկան բիզնես, պահանջում է ամբողջական եւ համատեղ ուժերով աշխատանք։

Գուլքանյանների երկու ընտանիք մասնագիտական հմտություններ ձեռք բերելով, գրեթե յուրաքանչյուր տարի միասին են ներկայանում շուկայում իրենց էկոարտադրանքով։

Մասնակցություն են ունեցել բազմապիսի փառատոների, որոնցից են «Գյուղական կյանք եւ ավանդույթներ», «Harvest festival», «Rural life and traditions», «Հաղարծին-200» եւ այլ շատ ու շատ էկոարտադրանք ներկայացնող միջոցառումների։

Մյուս ընտանիքի դուստրը` Մարիամը, պատմում է, որ փառատոները օգնում են սպառողին ձեռք բերել էկոարտադրանք, իսկ արտադրողին` դառնալ մրցունակ։

Իրենց հետաքրքրությունների եւ փորձի մասին պատմելով, աղջիկները նշեցին, որ կարեւոր հմտությունները ձեռք են բերել իրենց հայրիկներից։ Լավագույն գիտելիքների շտեմարանը, թերեւս, նրանք են եղել այս գործում։

Մարիամը, սակայն, նշում է` ոչ միայն ապավինում է հոր խորհուրդներին, այլ նաեւ կարդում է մասնագիտական գրքեր, դիտում տեսահոլովակներ։

Այս ամենի մեջ, սակայն, նա չմոռացավ հիշել զվարճալի պատմություններ, որոնք եղել են առաջին անգամ մեղուների հետ շփվելիս. «Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ առաջին անգամ ցանկանում էի մոտենալ մեղվափեթակներին, որոշեցի քողարկվել տիեզերագնացի նման, որ հանկարծ ինչ-որ տեղից խայթոց չստանամ, բայց մոռացել էի ձեռքերս ու մի քանի վայրկյանից ես ինքնամոռաց փախչում էի։ Կամ՝ նույնպիսի վերջաբանով մի այլ պատմություն տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քույրս ու եղբայրս դհոլի տեղ ընդունելով մեղվափեթակները, սկսել էին հարվածելով նվագել»։

Սկսած 8-9 տարեկանից՝ Ասպրամն արդեն աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել. «Որոշ թեթեւ աշխատանքներ կատարել եմ սկսած 8֊9 տարեկանից, իսկ ավելի խորը մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքներ ինձ վստահվել են 18 տարեկանից»։

Նրա աշխատանքի բնույթը բավական պատասխանատվություն եւ մանրակրկիտ ուշադրություն է պահանջում, մասնավորապես, լաբորատոր պայմաններում մեղվի թրթուրների միջոցով` մեղվակաթ ստանալու նպատակով, իրականացնում է պատվաստումներ. «Շուտով մեղվամայրերի համար նախատեսված արհեստական սերմնավորման սարքի միջոցով կատարելու եմ մաքրացեղ մեղվամայրերի բեղմնավորման աշխատանքներ»։

Մեղվաբուծությունը, որպես գյուղատնտեսության մեջ առկա ամենատարբերվող եւ հետաքրքիր աշխատանք պահանջող ճյուղերից մեկը, հատկապես մեծ կենտրոնացում է ունեցել լեռնային գյուղերում։

Մեծ բուսածածկույթով Տավուշը մշտապես կարողանում է ապահովել առատ բերքը։

Սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ փեթակներին, որտեղ կատարվում է բուն գործընթացը։

Մարիամը, խոսելով մեղվաընտանիքների մասին, նշեց մի քանի հետաքրքիր փաստեր. «Մեղվափեթակը կարող ենք համեմատել մի մեծ ընտանիքի հետ։ Ի տարբերություն սովորական ընտանիքների, որտեղ հայրիշխանություն է, մեղուների պարագայում, գեղարվեստական նկարագրությամբ` մայրիշխանություն։ Մեկ փեթակում ապրում է միայն մեկ մայր մեղու, որն էլ պատասխանատու է ձվադրման համար, բայց գտնվում է արտոնյալ կարգավիճակում, քանի որ աշխատանք չի կատարում»։

Ծանոթ լինելով նրանց կյանքին, ուշադրություն դարձնելով ցանկացած մանրուքի վրա, այնուամենայնիվ, Մարիամին դեռեւս զարմացնում են մեղրի, մեղվակաթի եւ ակնամոմի բուժիչ հատկությունները. «Միայն ակնամոմի լուծույթը բուժում է 200-ից ավելի հիվանդություն»։

Այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում մեղվակաթը, պատասխանեց` մեղվակաթը մեղվի գեղձերի արտազատուկն է, որը լցվում է մեղրահացի մեջ։ Հավելեց նաեւ, որ բավականին թանկարժեք է եւ հարուստ բազմապիսի վիտամիններով։

Վախ միշտ էլ կա մեղուների հետ միեւնույն տարածքում լինելու դեպքում։ Սակայն մեղվապահությամբ զբաղվող աղջիկների մոտ դա հասել է նվազագույնի, չնայած որ սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, խուսափողականություն եղել է։

«Քանի որ դեռ մանկուց առնչություն եմ ունեցել մեղուների հետ, վախը նրանց հանդեպ տարեցտարի պակասել է: Ժամանակի ընթացքում, ծանոթանալով եւ ուսումնասիրելով նրանց վարքը, հասկացել եմ, թե երբ են նրանք վտանգավոր, երբ՝ սիրալիր: Սիրալիր են, երբ երկար թռիչքից հոգնած գալիս նստում են ուսիդ եւ հանգստանում»,- ասաց Ասպրամը։

Զրույցի վերջում աղջիկները հիշեցին ամենատպավորիչ եւ զվարճալի դեպքերն իրենց եւ փոքրիկ բզեզիկների շփումներից։

Ասպրամը ծիծաղով պատմում է` 5 տարեկանում խիզախել եւ որոշել է ծառի ճյուղով խառնել մեղվի փեթակը, հետո փակել արկանոցը եւ որոշ ժամանակ անց, բացելով այն, դարձել կատաղած մեղուների քավության նոխազը, իսկ թե ինչ եղավ հետո, ասում է` կհարցնեք ծնողներիս։

Մոնիկա ՄԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
6.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031