Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառու ամուսինները իրենց միակ կացարանից կարող են զրկվել

Օգոստոս 07,2019 13:00

Միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու իրավական կարգավորումներ կան մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում: ՌԴ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ «կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ գույքերի վրա` բնակելի տարածքի (դրա մասի), եթե համատեղ բնակվող քաղաքացի պարտապանի եւ նրա ընտանիքի անդամների համար այն հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, բացառությամբ, եթե այն հանդիսանում է հիփոթեքի առարկա եւ դրա վրա, որպես պատասխանատվություն, հիփոթեքի մասին օրենսդրությամբ կարելի է բռնագանձում տարածել»:

Մեկ այլ երկրի՝ Ուզբեկստանի օրենսդրությամբ էլ ամրագրված է, որ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել միակ բնակելի տարածքի (բնակարանի) վրա, որը պարտապան ֆիզիկական անձին պատկանում է սեփականության իրավունքով կամ հանդիսանում է նրա բաժինը ընդհանուր սեփականության մեջ, եթե պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը մշտապես բնակվում են այնտեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական թերթում նախատեսվում է բռնագանձում տարածել տվյալ բնակելի տարածքի (բնակարանի) վրա կամ նշված գույքը հանդիսանում է գրավի առարկա: Բնակելի այլ տարածքների (բնակարանների) բռնագանձում կարող է արվել` անկախ այն հանգամանքից՝ այնտեղ մշտապես բնակվում են պարտապանը եւ (կամ) նրա ընտանիքը, թե ոչ:

Չնայած մեր՝ ՀՀ ԴԱՀԿ օրենքում նշվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել ՀՀ քաղաքացի պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա՝ միակ այն բնակարանի կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն արի ու տես, այն հետեւողական հնարքով տարածվեց թոշակառու մանկավարժների միակ ու խղճուկ տան՝ Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի վրա:

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի 65-ամյա տանտիրուհու՝ մանկավարժ Մարգարիտա Շահինյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ Կենտրոնի դատարանը օրերս հրապարակել է տան գործով վճիռը: «Նյարդային վիճակը, հոգեկան լարվածությունը յոթ տարիների հետեւանքն է: Միայն Կենտրոնի դատարանում գործընթացը տեւել է մեկ տարի չորս ամիս»,-ասում է տիկին Մարգարիտայի թոշակառու ամուսինը:

Մ. Շահինյանի ներկայացուցիչն էր փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Հայցվորը դիմել էր դատարան՝ ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` անշարժ գույքի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Նա հայցադիմումով հայտնել է, որ 2012 թվականի հուլիս 2-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի եւ Էդգար Թորոսյանի միջեւ կնքվել է թիվ VT11377 հիփոթեքային պայմանագիրը, որով գրավադրվել է Մարգարիտա Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը:

Ըստ հայցվորի` ինքը պատշաճ կատարել է բանկի առջեւ ստանձնած պարտավորությունները:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը պայմանագրով սահմանված կարգի խախտմամբ, առանց Մարգարիտա Շահինյանին տեղեկացնելու, կազմակերպել են աճուրդ եւ սեփականության իրավունքը` գրավադրված գույքի նկատմամբ փոխանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Սնանկության գործով կառավարչի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքվել է անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր:

Ըստ հայցվորի` խախտվել է օրենսդրությամբ եւ կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգը: Պայմանագրի 3,2 կետի համաձայն` գրավառուն կարող է գրավի առարկան օտարել պարտապանին ծանուցելուց հետո:

Դատաքննության ընթացքում հայցվորը եւ նրա ներկայացուցիչը պնդեցին հայցը: Հայցվորը տեղեկացրել էր, որ բազմաբնակարան շենքը կառուցվել է 1935 թվականին, ունի երկրորդ հարկ, որը ամուսնու, որդու, դստեր եւ անչափահաս փոքրիկի հետ գնել էր 2002թ.-ին: Շահինյանի որդին՝ իր երկու անչափահաս երեխաների հետ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Ռուսաստան, իսկ ընտանիքը՝ հայրը, մայրը, միակողմանի ծնողազուրկ, հիվանդ թոռն ու դուստրը մնացել են 78 քմ մակերեսով խղճուկ տանը: Տարիներ առաջ, երբ մենք այցելեցինք վիճելի տունը, որից վտարման պահանջ էր դրել «Առէկսիմբանկը», «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել էր անմխիթար, ծայրահեղ վատ վիճակը, ծածկը, հատակը՝ փայտյա, պատերը՝ ոչ պիտանի, առաստաղն էլ հորդառատ անձրեւներից հետո բացված:

Թոշակառու ամուսինները տղայի անունով վարկ են վերցրել՝ տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնելու նպատակով:

Մարգարիտա Շահինյանը դիմել էր «Առէկսիմբանկին», ստացել երեք տարով 6 միլիոն դրամի վարկ: Կենսաթոշակառուներն ասում են, թե իրենք մուծել են մայր գումարից էլ ավելի գումար՝ 6 միլիոն 700 000 դրամ՝ տասնութ տոկոսով: Սակայն բանկից գրություն են ստացել, թե դեռ պարտք են մոտ չորս միլիոն դրամի չափով տույժ եւ տուգանքներ, իսկ մեկուկես միլիոն էլ՝ մայր գումարից:

Դատական գործընթացների ժամանակ բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել է վիճելի տունը՝ 5 միլիոն 300 000 դրամով:

Աճուրդի ժամանակ տանտերը եղել է հիվանդանոցում, եւ ծանուցվել է հետագայում հեռախոսով: Թոշակառու ամուսինը գնացել է բանկ, խնդրել, որպեսզի փուլ առ փուլ վճարեն դրամը, բանկը գլխավոր տնօրեն Ա. Անանյանի անունից մի այսպիսի գրություն էր ուղարկել տանտիրոջը. «Ի պատասխան Ձեր դիմումի, որով խնդրում եք ժամանակ տրամադրել վճարված գումարները ուղղել մայր գումարի եւ վարկի մարման համար, սույնով հայտնում ենք, որ քննարկման արդյունքում բանկը նպատակահարմար չի գտնում Ձեր դիմումը բավարարել»:

Հայցվոր կողմը ասում է, որ դիմել են վերաքննիչ դատարան, քանի որ մի անապահով ընտանիքի շահ է ոտնահարվել, եւ դատարանը հօգուտ բանկի՝ ուժեղի է գործել:

«Մոտ երեք նիստ էր տեղի ունեցել, բանկը ստեց, կար նոր երեւան եկած հանգամանք, սակայն դատարանը դա հաշվի չառավ: Դատավորի կողմից դատահաշվարկի արդյունքում մեկ միլիոնը դարձավ հինգուկես միլիոն դրամ, սակայն ինչպես այդ գումարները գոյացան, չհիմնավորվեց»,-ասում է պարոն Գագիկ Վաղարշակյանը՝ հայցվորի ամուսինը:

Պատասխանող «Արդշինբանկը» նշել էր, որ գույքի օտարման գործընթացը տեղի է ունեցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանմամբ եւ շրջանակում, ինչպես նաեւ ողջ գործընթացն արդեն գույքի աճուրդային վաճառքի հետ կապված կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում. «Վերոնշյալ իրավանորմերի եւ մեկնաբանությունների, առկա փաստական հանգամանքների ամբողջությունից ակնհայտ է, որ Հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման, քանի որ բանկի կողմից հայցվորին նախկինում պատկանող գույքը չի բռնագանձվել արտադատական կարգով: Բացի այդ, ներկայացված ոչ մի փաստական հանգամանք եւս չի վկայակոչում այն մասին, որ գույքի հրապարակային սակարկությունները կազմակերպվել եւ իրականացվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումներով»:

Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը պնդել է դիրքորոշումը:

Դատարանը հաստատված է համարել, որ սնանկության գործի շրջանակներում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուժով աճուրդի կազմակերպիչ հանդիսացող սնանկության գործով կառավարչի կողմից կատարվել են անհրաժեշտ հրապարակային ծանուցումները եւ կայացած աճուրդի արդյունքում 19.02.2018 թվականին Էդգար Թորոսյանի՝ տանտիրոջ որդու, սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագիրը վավերացվել է նոտարական սեղանամատյանի իքս-համարի տակ: Պայմանագրից ծագող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 27.02.2018 թվականին, որի վերաբերյալ տրվել է Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Ինչ վերաբերում էր մայր գումարը ավել մուծելուն, դատարանը արձանագրել էր եւ հաստատված համարել այն, որ «պարտքի առկայությունը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Մասնավորապես, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2017 թվականի ԵԿԴ/0279/04/15 որոշմամբ հաստատվել է Էդգար Թորոսյանի պահանջների վերջնական ցուցակը, որում որպես ապահովված պարտատեր ընդգրկվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն` 5.775.591,6 ՀՀ դրամի պահանջի չափով: Այսինքն, օրինական ուժ ստացած դատական ակտով հաստատվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ վարկառու Էդգար Թորոսյանի կետանցված պարտավորությունների առկայությունը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:

Մենք հաճախ ենք օրինակներ բերում ԱՄՆ օրենսդրությունից. եթե վարկը տրված է առանց գրավի, վարկառուի անվճարունակության դեպքում վարկատուն գումարը հետ ստանալու որեւէ լծակ չունի: Դատարանի վճռի առկայության դեպքում էլ վարկառուն չի վճարում` պատճառաբանելով՝ կվճարի, երբ ունենա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
6.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031