Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի մոդելը հույս ունի, որ Հայաստանում կնկատեն իրեն

Օգոստոս 07,2019 12:30

Իրանը հնագույն քաղաքակրթություն ունեցող երկիր է` հայտնի արվեստի տարբեր ճյուղերով՝ ճարտարապետությամբ, գեղանկարչությամբ, խեցեգործությամբ, վայելչագրությամբ, կինոարտադրությամբ: Հայտնի են հմայիչ այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Քեթրին Բելլը, Մահթաբ Քարամաթին, Սարա Շահին, Նասանին Նուրին, Նասիմ Ֆեթրատը, Մարիամ Զաքարիան, Նազանին Բոնյադին եւ մյուսները: Թոփ 22 ամենագեղեցիկ իրանցիների կամ իրանական արմատներ ունեցող արվեստագետների թվում են նաեւ մոդելներ, երգչուհիներ, գեղեցկության մրցույթի հաղթողներ, որոնց զգալի մասն ապրում է երկրի սահմաններից դուրս:

iranci model«Առավոտի» հյուրը շուրջ 5 տարի Հայաստանում բնակություն հաստատած իրանցի մոդել Հադի Հոսեյնին է: Մեզ հետ զրույցում, գովերգելով համերկրացուհիների հմայքը, նա փաստեց, որ այսօր ԱՄՆ-ում որպես մոդել մեծ պահանջարկ ունեն Գոլշիֆթե Ֆարահանին, Եվրոպայում՝ Սադաֆ Թահրիանը եւ մյուսները, որոնք արտասահմանյան հայտնի մոդելային գործակալությունների դեմքեր են, եւ բնականաբար, նրանց լուսանկարները տեղ են գտնում «դրսի» սնդուսափայլ ամսագրերի շապիկներին:

Ինչ վերաբերում է տղամարդ մոդելներին, մեր զրուցակիցն ասաց, որ Իրանում հայտնի անուններ են Մհամադ Ռեզա Գոյզարը, Շահաբ Հոզեյնին, Բահրամ Ռադանը, Ռեզա Յազդանին եւ ուրիշներ:

Ռեպլիկին, թե Իրանում, բնականաբար, կին եւ տղամարդ մոդելները հանդես չեն գալիս «բաց լուսանկարներով», Հադին պատասխանեց. «Ինչպես հայ, այնպես էլ իրանցի մոդելները նման «ճոխություն» իրենց թույլ են տալիս միայն «դրսում», չէ՞ որ հայերն ու իրանցիները ավանդապահ ժողովուրդ են»:

Հետո էլ հավելեց. «Որոշ երկրներում վաղուց մոդայիկ է դարձել մատնացույց անել այս կամ այն երկրի օրինակը: Բայց չէ՞ որ, ասենք, գերմանացին, ձեռագործ մետաքսե գորգ չի կարող գործել այնպես, ինչպես իրանցին, կամ՝ իրանցին՝ գերմանական որակի ավտոմեքենա չի կարող արտադրել: Ես չգիտեմ՝ մոդելային բիզնեսը ո՞ր երկրի ծնունդ է, բայց որ Իրանը եւ Հայաստանն ունեն բազմադարյա մշակույթ, որի հիմքը անխտիր բոլոր ոլորտներում գեղեցիկն ու դրա ընկալումն է, հետեւաբար մեր երկրներում նոր համարվող մոդելային բիզնեսի հիմքը պետք է փնտրել ոչ այսօր, այլ հազարամյակների խորքում»:

Հադի Հուսեյնին զրույցի ընթացքում հավաստիացրեց, որ մտադիր է շուրջ տասը տարի առաջ իր հայրենիքում սկսած մոդելային կարիերան այսուհետ շարունակել Հայաստանում եւ հիմնավորվել մեր երկրում:


Նրա հավաստմամբ, իրեն «կախարդել» են ոչ միայն մարդկային փոխհարաբերությունները, այլեւ մեր բնությունն ու ճարտարապետությունը:

Իրանցի մոդելը դեռ այնքան հայտնի չէ մեր երկրում (գովազդել է զարդեր, մասնակցել 1-2 հայ երգիչների տեսահոլովակներում), բայց հույս ունի, որ աստիճանաբար իրեն կնկատեն եւ կհրավիրեն ֆիլմերում նկարահանվելու: Ժպիտով էլ ասաց. «Երեւի դեռ տեղս չգիտեն»:

Մեր զրուցակիցը քանիցս շեշտեց, որ Իրանում ոչ միայն մայրաքաղաքում են գործում մոդելային գործակալություններ, ավելին՝ համալսարաններն ունեն նման բաժիններ:


Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
6.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031