ԱՄՆ-ն 1991-ից ի վեր Հայաստանին ցուցաբերել է երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ֆինանսական աջակցություն, նաեւ՝ Արցախին
Օրերս Երեւանում հրավիրած ասուլիսին ԱՄՆ Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում հույս ունեն, որ 2020-ին ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: «Արցախի վերաբերյալ կհուսանք 5 միլիոն, այդ աշխատանքը կտանինք, Հայաստանի վերաբերյալ արդեն կար 45 միլիոն, 40 միլիոն ալ, եթե այս օրենքը անցնի, ստորագրվի նախագահին կողմե, 40 միլիոն եւս կըլլա։ Բայց այն ալ ըսեմ, որ ասոնք հանգրվանային բաներ են։ Առաջ պետք է Ներկայացուցչական տունը անցնե, վերջը նախագահը ստորագրե, եւ այս նախագահ Թրամփի իշխանությունը, որ կա, ընդհանրապես աշխարհի չորս կողմը աջակցություն, որ հայտնված է անցյալին, ինքը կփորձե պակասեցնել ընդհանրապես։ Չուզեր Ամերիկան այդքան օգտակար ըլլա ուրիշ երկրներուն, նույնիսկ երկրներ, որոնք պատմականորեն շատ մեծ գումարներ ստացած են Ամերիկայեն», – նշեց Հովսեփյանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ամիսներ առաջ նշել էր, որ 2018թ. ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:
«Նոր օրենք անցավ Կոնգրեսի Ներկայացուցչական տունի մեջ, այն ալ, քանի որ Ջեքի Սփիերը ասաց, որ ինքը ծագումով կես հայ է, 40 միլիոն դոլար եւս ավելացնելու Հայաստանի աջակցության գումարին վրա։ Արցախի համար ալ նաեւ կաշխատինք, այսինքն՝ Հայ դատի հանձնախումբը ընդհանրապես Ամերիկային մեջ, Վաշինգտոնի մեջ, այսինքն՝ ես կներկայացնեմ Արեւմտյան Ամերիկայի շրջանը, բայց նաեւ անշուշտ Վաշինգտոնի մեջ ալ գործ կտանինք։ Ուրեմն Վաշինգտոնի մեջ միշտ մեր հարաբերությունները մշակելով, միշտ պահանջատեր ըլլալով, միշտ փորձելով առաջնահերթ ձեւով օրակարգի վրա դնելով այս օգնության խնդիրը, եւ մինչեւ հիմա, կրնամ ըսել, որ Հայաստանի անկախությունեն ի վեր երկու բիլիոն, այսինքն՝ երկու միլիարդ դոլարեն ավելի Ամերիկան աջակցություն ցուցաբերած է դեպի Հայաստան, այն ալ՝ մեր աշխատանքի պատճառով, եւ Արցախին ալ 45 միլիոն դոլար, որ Արցախը միակ հանրապետությունն է, որ չէ ճանաչված միջազգային գետնի վրա, որ ուղղակի Ամերիկայեն աջակցություն կստանա», – ասել էր Հովսեփյանը։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունից օրեր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արման Գրիգորյանը ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած այս հանդիպմանը Գրիգորյանը նաեւ անդրադարձել էր Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարեւորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաեւ Արցախին տրվող ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարեւորությունը: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրության համաձայն՝ դեսպան Թրեյսին նշել էր, որ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության երաշխավորումը երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է:
Փաստացի, Միացյալ Նահանգների վարչակազմը կրճատում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: ԱՄՆ-ն որոշել է կրճատել Foreign Assistance ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, քանի որ Սիրիայի հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա կարծիքով` Միացյալ Նահանգների որոշումը պայմանավորված չէ հայկական դիրքերի թուլացման կամ ներհամայնքային խնդիրների հետ։ Ավելին, ըստ նրա, ԱՄՆ հայ համայնքը բավականին կուռ է եւ փորձում է ազդել նախագահի ու պետդեպարտամենտի վրա, որպեսզի Հայաստանի նկատմամբ բալանսավորված մոտեցում ցուցաբերվի։
«Կա երկու ցավալի իրողություն. Ադրբեջանը մնում է նավթադոլարային բռնատիրական պետություն, ու ԱՄՆ-ն ունի նման պետությունների հետ մոտիկից համագործակցելու ավանդույթ։ Երկրորդն ավելի ակտուալ է` ԱՄՆ-ն ցավագին է ընդունում ՀՀ-ի եւ ՌԴ-ի համագործակցությունը Սիրիայում, ինչն արդարացված չէ, քանի որ Սիրիայում հայ համայնքը կործանվեց Արեւմուտքի կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով»,- նկատել է Սինանյանը։
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ խոշորագույն դոնոր է մեր երկրում: Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները հսկայական աջակցություն է ցուցաբերել մեր պետությանը: ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերը Հայաստանում զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել են երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի, որոնց նպատակն է օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ եւ ապահով էներգետիկ ռեսուրսների, սոցիալական ծառայությունների որակի բարելավման:
Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի տվյալների` 2001-2015թթ. կառավարման, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտների, մարդասիրական օժանդակության համար Հայաստանին տրամադրված աջակցությունը բաշխվել է հետեւյալ կերպ. 2001-ին` 102.1 մլն դոլար, 2002-ին` 87.5 մլն դոլար, 2003-ին` 86 մլն դոլար, 2004-ին` 81 մլն դոլար, 2005-ին` 79 մլն դոլար, 2006-ին` 318.5 մլն դոլար, 2007-ին` 80.7 մլն դոլար, 2008-ին` շուրջ 188 մլն դոլար, 2009-ին` շուրջ 63 մլն դոլար, 2010-ին` 67.3 մլն դոլար, 2011-ին` 67.7 մլն դոլար, 2012-ին` 57.8 մլն դոլար, 2013-ին` 58.1 մլն դոլար, 2014-ին` 34.4 մլն դոլար, 2015-ին` 12.5 մլն ԱՄՆ դոլար: Սպիտակ տունը 2016թ. բյուջեով 22 միլիոն 412 հազար դոլար հատկացրեց Հայաստանին որպես տնտեսական օգնություն՝ դրա նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացնելով 22 տոկոսով:
Ընդհանուր առմամբ` 1991-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը 2016թ. դրությամբ արդեն իսկ կազմում էր 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար: Եվ ամենակարեւոր հանգամանքը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Միացյալ Նահանգները 1998թ. սկսած ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին, այսինքն՝ չճանաչված պետության, որի շուրջ հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր գործադրող գերտերություն է: Սա աննախադեպ փաստ է եղել:
Վաշինգտոնը մշտապես խոսել է Հայաստան-ԱՄՆ հետագա հարաբերությունների խորացմանը խոչընդոտող երեւույթների մասին, դրանցից առանձնացնելով՝ կոռուպցիան: «Կոռուպցիան խոչընդոտում է մեր բոլոր ընդհանուր նպատակների իրականացումը»,- մի առիթով նշել էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մ. Միլսը` փաստելով, որ քաջալերում են Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը: «Հայաստանը շարունակում է ներդրումների համար կարեւոր վայր մնալ եւ ունի մի քանի ռազմավարական առավելություններ. շատ կիրթ աշխատուժ, աշխարհագրական կարեւոր դիրք՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Բայց ես նաեւ ցանկացած ներդրողի, անկախ այն բանից՝ սփյուռքահայ է, թե ամերիկացի գործարար, ասենք՝ Միսիսիպիից, կասեի, որ նրանք պետք է ուշադիր լինեն, այլ կերպ ասած՝ հիշեն Ռոնալդ Ռեյգանի իմաստուն խոսքերը՝ «վստահիր, բայց ստուգիր»-, ասել էր դեսպանը:
Երեք տարի առաջ նույնիսկ պաշտոնական Վաշինգտոնը Երեւան էր գործուղել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ խթանելու հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ: Հայկական կողմի առաջարկով Երեւանում գտնվող ԱՄՆ Արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը նշել էր. «Զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար նախատեսված այս ծրագրից օգտվելով՝ հայ գործարարները կարող են առանց տուրքերի 3500 ապրանքատեսակ արտահանել ԱՄՆ: Արտոնյալ այս պայմաններով ԱՄՆ-ը կարող է նոր շուկա դառնալ հայաստանյան մի շարք ապրանքների, օրինակ՝ ձկնկիթի համար, եւ ես հույս ունեմ, որ մեր հանդիպումից հետո հայ գործարարները կկիրառեն այս գործիքը՝ ընդլայնելով առեւտուրը Միացյալ Նահանգների հետ»:
Ամերիկացի պաշտոնյաները նշում էին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ կերպ չի խոչընդոտի Վաշինգտոնի հետ առեւտրային կապերի ընդլայնմանը:
ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերություններում կարեւոր քայլ արձանագրվեց 2015թ. մայիսին: Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ տարիներ շարունակ բանակցված «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն էր նպաստել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնմանը: Հայաստանին օգնելու միջոցներից մեկը նաեւ այդ պայմանագիրն է, որն ավելի մեծ հնարավորություն կարող էր տալ Հայաստանին գրավելու արտասահմանյան, մասնավորապես՝ ամերիկյան ներդրողներին: Այս համաձայնագրի ստորագրումն իսկապես լուրջ հնարավորություն էր Հայաստանի համար, որի կյանքի կոչման համար բավական աշխատանք է իրականացվել:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են, որ ԱՄՆ-ը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում եւ ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները:
Վաշինգտոնի ուղերձները՝ ապահովել Հայաստանում իրական առաջընթաց եւ իրագործել բարեփոխումներ, ըստ ամենայնի, դեռեւս տեսանելի չեն ամերիկյան վարչակազմին: Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք անցյալ տարի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները լուրջ փոփոխություն են ներկայացնում տարբեր երկրների առաջնորդների, դիվանագետների ու միջազգային կառույցների ղեկավարների հետ իրենց շփումներում, ակնհայտ է, դեռեւս մեծ անելիք ունեն: Նախաձեռնողական քաղաքականության պակասը կխոչընդոտի, օրինակ, ԱՄՆ-ի հետ տնտեսական հետագա կապերի խորացմանը, եթե ԱՄՆ-ի համար կարեւոր աշխարհաքաղաքական հարցերում Հայաստանը դրսեւորի «ռուսական ծիրում» մնալու կեցվածք:
Ըստ էության, ամերիկյան վարչակազմը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, որն ուղղվում էր տարածքների ականազերծմանը։ Արդյոք ՀՀ իշխանություններն ունեն պատասխան, թե ինչո՞ւ է պաշտոնական Վաշինգտոնը փոխում իր մոտեցումը: Հայաստանի իշխանությունները վերլուծե՞լ են դրա պատճառները, եւ ամենակարեւորը՝ հաշվե՞լ են դրա հետեւանքներն առհասարակ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 6.08.2019