Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեմ ռազմական կոալիցիայի ձևավորումը և Թեհրանի դիվանագիտական զիջումները

Օգոստոս 06,2019 23:33

Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճին համընթաց ԱՄՆ կառավարությունն վերջերս պատժամիջոց է սահմանել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Զարիֆի դեմ: Անկասած, դիվանագետական աշխարհում սա աննախադեպ քայլ է, քանի որ նրա հետ ցանկացած շփում կարող է համարվել հանցագործություն։ Իհարկե, ԱՄՆ-ի այս արտառոց որոշումը կայացել է այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մասնագիտական նիստին մասնակցելու նպատակով  Զարիֆը հրավիրվել էր ԱՄՆ, ամերիկացի սենատոր Ռանդ Պոլը նրան առաջարկել է հանդիպում ունենալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Սպիտակ տան նախագահական օվալաձև գրասենյակում: Ըստ լրատվական աղբյուրնեի՝ սենատոր Ռանդ Փոլը Նյու Յորքում այցելում է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի մոտ և նրան առաջարկում է փակուղային իրավիճակից դուրս գալու նպատակով՝ փորձել ճանապարհ բացել ԱՄՆ-Իրան հարաբերություններում։ Սակայն, ըստ աղբյուրների Զարիֆը պատասխանել է, որ առանց Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեիի թույլտվության, իրավասություն չունի  պաշտոնապես հանդիպել ու բանակցել ԱՄՆ-ի պետական պաշտոնյաների հետ։

Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելիս Թրամփը բազմիցս ցույց է տվել, որ ինքը փորձել է բաց պահել է դիվանագիտության ու բանակցությունների ճանապարհն Թեհրանի հետ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ պարզ հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանում բանակցել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ և երբեք չի խանգարել Վաշինգտոնի գործընկերներին կամ դաշնակիցներին կապ հաստատել Իրանի հետ: Ի հարկե Սպիտակ տունը շարունակելով մտրակի և բլիթի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, փորձում է այն ուղերձն հղել Թեհրանին, որքան շուտ ընդունեք բանակցությունների առաջարկը, այլապես ավելի կխստացվեն ճնշումները և պատժամիջոցները:

Օգոստոսի 5-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում ամերիկացիներն ինձ ասացին, որ երկու շաբաթվա ընթացքում ինձ պատժամիջոցների կենթարկեն, եթե չընդունեմ Միացյալ Նահանգների նախագահին հանդիպելու առաջարկը։

Զարիֆն ընդգծել է. «Բանակցությունն ու դիվանագիտությունը երբեք չեն ավարտվի, և ես կշարունակեմ աշխատել»:

Զարիֆն անդրադառնալով ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի դուրս գալուն և  INSTEX-ի շրջանակում եվրոպացիների խոստումները չկատարելուն,  ասել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում  Իրանը կձեռնարկի երրորդ քայլը, սակայն դա չի նշանակում, որ Իրանը հեռանում է ՀԳՀԾ-ից:

Թվում է, որ Թեհրանում ԱԳ Նախարարության և դիվանագիտական որոշ շրջանակներում իրանցիները լավ են հասկացել Սպիտակ տան ուղերձի բովանդակությունը և դիվանագիտական լեզվով փորձում են ԱՄՆ-ին հասկացնել, որ պատրաստ են որոշ պայմաններում և միջնորդական ձևերով կապ պահել ԱՄՆ-ի հետ, սակայն երկրի ներսում կան արգելքներ, որոնց հաղթահարումը կախված է  գերագույն առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի կամքից։

Մյուս կողմից, Իսլամական հեղափոխության առաջնորդին մոտ կանգնած Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին օգոստոսի 5-ին Թեհրանում անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությանն ասել է.«Իրանն անցել է զսպման փուլից և թշնամուն ստիպել է լուրջ ջանքեր գործադրել Իսլամական հանրապետության հզորության դիմաց զսպման մեխանիզմ ստեղծելու համար»:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դեմ թշնամու մեդիա պատերազմին ու հոգեբանական գործողություններին, ծովակալ Ֆադավին հստակեցրել է.«Իրանի դեմ թշնամու փափուկ պատերազմը տնտեսական պատերազմի փազլի լրացուցիչն է, ուստի պետք է ամենայն զգոնությամբ դիմակայել թշնամու սադրանքներին»:

Իրանի իշխանությունների պահպանողական և ռազմական թևի կողմից կրկնվող նման հայտարարությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Իսլամական հանրապետության կրոնական-ռազմական արմատական և չափավոր հոգևորական իշխանության վերնախավում փաստորեն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կապակցությամբ առկա է միմյանց հակասող երկու դիսկուրս։

Օգոստոսի 6-ին, Թեհրանում Իրանի արտգործնախարարի, նախարարության տեղակալների ու տնօրենների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ սահմանված պատժամիջոցն և շարունակելով՝ արդեն Իրանում սովորություն դարձած հռետորաբանությունը Վաշինգտոնի և Բրիտանիայի դեմ, իր խոսքերի մի բաժնում նա ասել է, որ Թեհրանը կարևորում է աշխարհի հետ կառուցողական գործակցությունը։ ԻԻՀ նախագահը խոսքն ուղղելով Իրանի թշնամիներին, ասել է.«Եթե թշնամիները տարածաշրջանում անվտանգություն են ուզում, չպետք է խախտեն Իրանի անվտանգությունը»:

Իրանի նախագահի խոսքն անկասկած ուղղված է, Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու և այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու նպատակով՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ռազմական կոալիցիա ձևավորելու ջանքերին։ Չնայած իր նախկին հայտարարություններին, որով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ձայնակցելով ԻՀՊԿ-ի ռազմատենչ հրամանատարներին ասել էր, որ Իրանը փակելով Հորմուզի նեղուցը թույլ չի տա տարածաշրջանի այլ երկրներին նավթ արտահանել միջազգային շուկաները, այժմ սպառնալիքի վտանգի լրջությունն զգալով շրջադարձ է կատարել իր նախկին դիրքորոշումներից և այժմ կանաչ լույս է ցույց տալիս Իրանի թշնամիներին։

Հատկանշական է, հիշեցնել, որ նավթի շուկայի ոլորտում աշխատող որոշ արևմտյան հետազոտական կենտրոններ վերջերս հայտարարել են, որ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները շրջանցելու նպատակով, շատ բարդ և գաղտնի գործողությունների արդյունքում, ԱՄԷ-ի և Կաթարի տանկերների ու որոշ արտասահմանյան նավթային ընկերությունների օգնությամբ Իրանը կարողացել է որոշ քանակությամբ նավթ արտահանել Արևելյան Ասիայի և Եվրոպայի շուկաները։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում է երկխոսություն, նա պետք է նախևառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-ասել է Ռոհանին: Ռոհանիի այս դրական արձագանքն ԱՄՆ-ի վարչակարգի առաջարկին անկասկած չի բխում Թեհրանի բարի կամքից երկու երկրի հարաբերություններն կարգավորելու համար, այլև Իրանի իշխանությունները ներկայումս հնարավորություն չունեն մաքսանենգ միջոցով միջազգային շուկաները արտահանած նավթի գումարները վեևադարձնել երկրի գանձապահություն։ Ռոհանիի այս հայտարարությունը միանգամայն հակասում է երկրի գերագույն առաջնորդի կոշտ մոտեցմանը, որով նա արգելել է ցանկացած բանակցություն ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի հետ։

Թվում է, մտրակի և բլիթի ռազմավարությունը միայն չի վերաբերում Սպիտակ տան պաշտոնյաներին, այլև Իրանի  հոգևոր իշխանությունները ևս նույնքան հմտորեն օգտագործում են այդ դիվանագիտական խաղաքարտը իրենց կամքը պարտադրելու համար դիմացինին։

Օգոստոսի 4-ին, ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ՝ Սեյեդ Աբբաս Մուսավին ԱՄՆ-ի ժողովրդին, հատկապես զոհերի հարազատներին վշտակցություն է հայտնել Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ահռելի ոճրագործության կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Սա ևս Իրանի կողմից դիվանագիտական մի ուղերձ էր հղված ԱՄՆ-ի պետայրերին, որ Իրանի չափավոր իշխանությունները կարեկցանքով են մոտենում ԱՄՆ-ում տեղի ունեցող աղետներին, և ակնկալում են, որ Վաշինգտոնը ևս փոխադարձաբար փորձի՝ բացառել Իրան արտահանվող դեղորայքի և սննդամթերքի պատժամիջոցները։

Մյուս կողմից Պարսից ծոցում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, ԱՄԷ պատվիրակության Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում, Էմիրությունների պաշտոնյաները Իրանի պաշտոնյաների հետ քննարկել են Իրանի անվտանգության խնդիրները Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Բաբ ալ-Մանդեբ նեղուցի հետ կապված հարցերը: Սաուդյան Արաբիայի կողմից ձևավորված կոալիցիայից և Եմենի պատերազմից ԱՄԷ-ի հրաժարումը և Իրանին մոտենալու  Էմիրությունների իշխանությունների քայլերը կրկին ցույց է տալիս, որ Պարսից ծոցի հետ կապված անվտանգության և էներգակիրների անխափան արտահանումը, տարածաշրջանի երկրների գլխավոր գերակայությունն է, և ցանկացած երկիր իր տնտեսական անվտանգության համար պատրաստ է զիջել քաղաքական բարեկամության և ռազմական համագործակցության դիրքերը։ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան եզրակացրել են, որ Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունները չեն համապատասխանում Ռիյադի և Աբու Դաբիի նպատակներին:

Factor.am-ի հետ հարցազրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հորմուզի նեղուցը չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, որտեղից անցնում է համաշխարհային նավթային զարկերակներից ամենախոշորը: Հետևաբար՝ այս նեղուցում ցանկացած գործողություն իր հետևում ենթատեքստ ունի: Այն թույլ է տալիս տվյալ գործողությունն իրականացնող կողմին պնդելու, որ ինքն այս տարածքներում ունի գերակա դիրքեր:

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հավելել է, որ ԱՄՆ-ն նույնպես ունի խոշոր ներկայություն, այդ թվում՝ ռազմական, Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում և նաև Հորմուզի նեղուցի հատվածում: Այս իմաստով այստեղ ուժերի կուտակումը, բնականաբար, բերելու է լարվածության որոշակի աճի: Եթե մենք այս ամենը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ակնհայտ է, որ յուրաքանչյուր լարվածություն չի բխում մեր պետության շահերից:

Ներկայիս իրավիճակում, թվում է, եվրոպական երկրները շահագրգռված չեն հետևելու Թրամփի վարչակազմի քաղաքականությանը և որոշումներին Իրանի նկատմամբ և դառնալ Վաշինգտոնի պաշտպանական վահանը Պարսից ծոցի պատերազմում:

Պարզ է, որ Իրանի պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում խոցելով ԱՄՆ անօդաչու սարքը և գրավելով բրիտանական նավթատար տանկերը այն ուղերձն են հղել ԱՄՆ-ի և Բրիտանիայի կառավարություններին, որ եթե Իրանը չի կարող իր նավթը արտահանել Պարսից ծոցից, ոչ ոք չի կարող դա անել:

Այդուամենայնիվ, թվում է, որ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշումը, չնայած խիստ ազդում է Իրանի տնտեսության վրա, սակայն դա  արդյունավետ չի եղել Իրանի կառավարության քաղաքական պահվածքը փոխելու համար:

Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավի կալանավորումից և  Բորիս Ջոնսոնի Բրիտանիայի վարչապետ ընտրվելուց  հետո, Պարսից ծոցում Իրանի կողմից առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքները դիմակայելու նպատակով Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Սա փոքր հաջողություն է ԱՄՆ-ի նախագահի համար Պարսից Ծոցում Արևմտյան երկրների աջակցությամբ Իրանի դեմ ռազմական կոալիցիա ձևավորելու համար։

Մի խոսքով, Պարսից ծոցում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի վերջին քաղաքականության ռիսկի շրջանցումը հիմնված է ծովում և օդում Իրանի պաշտպանական առաջադեմ հնարավորությունների վրա:

Պարսից ծոցում ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից ձևավորվող ռազմական կոալիցիային դիմակայելու գործում Ռուսաստանի և Չինաստանի դերը, իհարկե, նույնպես անհերքելի է: Վերջին տարիներին Իրանը դիմել է Ռուսաստանին և Չինաստանին՝ ծովային և օդային ուժերի ռազմական գերակայությունը խթանելու համար, և ուժեղացրել է իր հրթիռային հնարավորությունն այս ոլորտում:

Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի քաղաքական հարցերով վարչության պետ Յադոլլահ Ջավանին նշել է, որ այսօր ամերիկացիներն ընդհանրապես այն վիճակում չեն, որ հարձակվեն Իրանի վրա: Նա հավելել է, որ հնարավոր է որ ամերիկացիները սխալվեն, և այդ դեպքում, տարածաշրջանը կփլվի նրանց գլխին:

Իրանի պահապանների կորպուսի հրամանատարների սպառնալիքներն ուղղված են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցում ռազմական հավասարակշռությունը խախտելու փորձերին և ունեն միայն ռազմական տակտիկական բովանդակություն, թշնամիներին հիշեցնելու համար որ Իրանի բանակը և պահապանների կորպուսը պատրաստ է պաշտպանել երկրի ջրային սահմանները։

Անդրադառնալով, որ որոշները ենթադրում են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատերազմել Իրանի դեմ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Հնարավոր է, որ Սիոնիստական ռեժիմը և տարածաշրջանի որոշ երկրները ԱՄՆ-ին հրահրում են ընդգրկուն պատերազմ շղթայազերծել Իրանի դեմ, սակայն դժվար թե ԱՄՆ-ի պետայրերը այնքան անխոհեմ լինեն, որ Իրանի հետ ռազմական բախումների մեջ մտնեն»: Ալի Լարիջանիի նման փորձառու քաղաքագետի երկդիմի ակնարկը վկայում է այն մասին, որ թե՛ իրանական կողմում և թե՛ ամերիկացիների մոտ դերևս չի հասունացել ուղղակի պատերազմ սկսելու գաղափարը և կողմերը կշարունակեն պրոքսի պատերազմը տարածաշրջանում, չկորցնելով միջնորդված բանակցությունների շանսը, միաժամանակ՝ քարոզչական պատերազմի դաշտում չխնայելով միմյանց հասցեին հնչեցնող կոպիտ ու սպառնալից հռետորաբանությունը։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031