«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճիռը՝ Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի վերաբերյալ համարում է խնդրահարույց:
Հիշեցնենք, որ Իոաննիսյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին՝ իրեն ստախոս անվանելու համար, իսկ դատարանը մերժել էր նրա հայցադիմումը՝ հիմնավորելով, որ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չէ:
«Վաղեմության ժամկետ կիրառելու հիմքերը իսպառ բացակայում էին, նամակը, որը Նարեկ Մալյանն ինձ ուղարկել էր, ու որի սքրինը դատարանը հիմք է ընդունել՝ ասելով, թե ես ծանուցված եմ եղել պատշաճ Նարեկ Մալյանի վիդեոյի մասին, պարզապես անլուրջ է, որովհետեւ Նարեկ Մալյանն ինձ ուղղակի չատով գրել է՝ ինձ դատի տալու լինես, դատի կտաս էս ինչ հասցեով.ի՞նչ է՝ ես պետք է դրանից իմանայի, որ իմ մասին վիդեո՞ է արել, օրական հարյուր հատ վիդեո է անում, ես ավելի կարեւոր գործեր ունեմ անելու, քան իր լայվերին հետեւելը: Դատարանը հաշվի չի առել այն բազմաթիվ փաստերը մեր կողմից ներկայացված, որոնք ապացուցում են հակառակը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրան այսօր հայտնի է դարձել, որ նախագահող դատավորը՝ Ա. Փիլոսյանը, Նարեկ Մալյանի ընկերոջ՝ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի կինն է. «Եթե ավելի շուտ հայտնի լիներ, մեր ներկայացուցիչը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացներ, բայց ամեն դեպքում դատավորը գիտեր, որ կողմերից մեկն իր ամուսնու ընկերն է, ամուսնու հետ ցույցեր է կազմակերպում, ասուլիսներ է անում եւ այս առումով բավականին խնդրահարույց է, որ դատավորը իմանալով՝ ինքնաբացարկ չհայտնեց: Դատարանի այս որոշումն այն աստիճանի է ապօրինի, որ մենք ոչ միայն բողոքարկելու ենք վերաքննիչ ատյան, այլեւ արդարադատության նախարարություն կամ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով ենք դիմում ներկայացնելու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով, որովհետեւ խայտառակ որոշում էր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Վերջին փաստարկը Դանիել Իոաննիսյանը գրել է նաեւ ֆեյսբուքյան իր էջում եւ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Ես որոշակի մտերմություն ունեմ ոչ միայն Նարեկ Մալյանի, այլև հանրային գործունեություն իրականացնող հարյուրավոր այլ անձանց հետ, հարյուրավոր փաստաբանների, տասնյակ դատավորների հետ։ Որոշակի մտերմություն ունեի (համենայն դեպս, մինչև Ձեր այս գրառումը) անձամբ Ձեզ հետ։ Ու ի՞նչ։ Ոչ այս, ոչ էլ այլ դեպքերում դատավոր Աննա Փիլոսյանի աշխատանքային գործերին չեմ միջամտում ու չեմ միջամտելու։ Իմ գործոնի շահարկումն անազնիվ է, պարոն Իոաննիսյան»: