Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկելու հարցը «Ազատ Հայրենիք» կուսակցությունը չի քննարկել: Այսօր այս մասին Ստեփանակերտում ասուլիսին ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրություններն արդեն հանձնվել են ԿԸՀ, հարցը խորհրդարանում պետք է հավանության արժանանա, ըստ որի 10 տարի Արցախում բնակություն չհաստատած անձը Արցախում առաջադրվի որպես Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք»-ն ինչպե՞ս է քվեարկելու:
Հարությունյանի վստահեցմամբ՝ այդ հարցը իրենք չեն քննարկել կուսակցությունում, կուսակցության խորհրդում եւ խմբակցության հետ. «Այս հարցի հետ կապված կան տեսակետներ, տարբեր կուսակցության անդամներ հայտնել են իրենց կարծիքները, բայց մենք այստեղ պետք է հարգենք սահմանադրագետների կարծիքը: Այսինքն, այնպես չէ, որ պետք է անենք այնպես, ինչպես ուզում ենք: Կա միջազգային պրակտիկա, միջազգային պահանջներ՝ սահմանադրության հետ կապված: Մենք տեսնենք՝ ինչքանով է համապատասխանում այդ փոփոխությունը Սահմանադրությանը: Այսինքն՝ հնարավո՞ր է դա, թե՞ չէ, ի՞նչ է տալու դա մեզ: Ուզում եմ նշել՝ մենք ե՛ւ առաջարկող ուժի, ե՛ւ իշխանության ներկայացուցիչների ու պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի հետ պետք է համատեղ, համաձայնեցված լուծում գտնենք: Իմաստությունը հաղթելու է, համոզված եղեք դրանում»:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ