Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կարո՞ղ է երաշխավորել Արցախում ազատ եւ արդար ընտրություններ, ասաց.«Ոչ թե Բակո Սահակյանը պետք է երաշխավորի արդար ընտրությունների անցկացումը, այլ երաշխավորողը երկրի Սահմանադրությունն ու օրենքն է: Բակո Սահակյանը՝ որպես երկրի առաջնորդ, պետք է ապահովի օրենքի կիրառումը, իսկ մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, ունենք հնարավորություն ոչ միայն մասնակցելու ընտրություններին, վերահսկելու դրանք, այլ հայտարարելու, որ ամեն ինչ անելու ենք, որ երկրում տեղի ունենան թափանցիկ, օրենքին համապատասխան ընտրություններ: Իսկ այն անձինք կամ ուժերը, որոնք կխանգարեն, պատասխանատվություն են կրելու ժողովրդի եւ օրենքի առաջ, դրա համար մենք այսօր չենք քննարկում, որ կարող է որեւէ մեկը խանգարել»:
Արայիկ Հարությունյանը այս համատեքստում հիշեցրեց երեկ ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում անցկացրած հանրահավաքին արած հայտարարությունը. «ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայելու Արցախում, օգնելու է, որպեսզի այդ ընտրություններն ընթանան մեր նշած պայմաններին համապատասխան»:
Դիտարկմանը՝ Բակո Սահակյանը աջակցելու է Արայիկ Հարությունյանին, եւ նա ու Վիտալի Բալասանյանը համարվում են իշխանության թեկնածու, Հարությունյանն այսպես արձագանքեց. «Նախ՝ իշխանության թեկնածու չի լինելու: Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան եւ շատ այլ անձինք կան, որոնք այսօր իշխանության մաս են կազմում կամ պատասխանատվություն են ստանձնում, եւ իշխանությունը չի կարող նախընտրել որեւէ մեկին: Երկրի նախագահ ընտրելու բացառիկ իրավունքը տրված է ժողովրդին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ