Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղեգնաձորի երաժշտական դպրոցում» հայտնաբերված չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է

Օգոստոս 06,2019 19:45

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց»-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել:

2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով, յուրացում կատարելու դիտավորությամբ 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում դպրոցի ուսուցչուհիներից մեկին պարտադրվել է դասամատյանում կատարել դասաժամերի հավելագրումներ, ինչի արդյունքում  նշված  դասաժամերի դիմաց ամեն ամիս, որպես աշխատավարձ, վերջինիս  փոխանցվել է 20.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված  դասաժամերը չեն դասավանդվել, իսկ գումարները տրամադրվել են տնօրենին:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործի նախաքննությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել չարաշահման մի քանի դրվագներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել՝ դերաբաշխմամբ պետական միջոցների յուրացումներ կատարելու շուրջ՝ նախապես խոստանալով հաստատել դպրոցի ուսումնական տարվա տաբելը և որոշ դասատուներից վերցնել նրանց վրա ավել գրված ժամերից ստացված աշխատավարձն ու դրանց մի մասը փոխանցել ՊՈԱԿ-ի տնօրենին:

Այդ նպատակով կազմվել ու հաստատման է ներկայացվել դպրոցի 2017-2018թթ. ուսումական ծրագիրը, որտեղ ներառվել են կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ դպրոցի երկու ուսուցիչների անվամբ գրել է 68 կեղծ դասաժամ, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել տնօրենին, ով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գույքը:

Բացի այդ, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը ներառյալ դպրոցի դասատուներից մեկի անվամբ տնօրենի կողմից գրվել է 63 կեղծ դասաժամ, ինչը դպրոցի ուսմասվարի կողմից հաստատվել է դպրոցի ուսումնական տարվա տաբելով, սակայն ուսուցչի կողմից նշված դասաժամերը չեն դասավանդվել, բայց դրանց համար ստացվել է գումար, որն ուսմասվարի միջոցով փոխանցվել է տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է. գումարի մի մասը վերջինս տվել է ուսմասվարին՝ հանցագործությանը օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից ստացվել է Վայոց ձորի մարզպետի գրությունն այն մասին, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետին ուղղվել է նամակ՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից թույլ  տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես` «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ ընթացքում իրականացված թվով 8 մշակութային միջոցառումների ընթացքում միջոցառումների մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որոնցից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 400.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, տնօրենը 2017-2018թթ ընթացքում երաժշտական դպրոցի կարիքների համար շուկայականից բարձր գնով թվով չորս Ա/Ձ-ներից կատարել է գնումներ, իսկ երաժշտական դպրոցի տպիչ սարքերի ներկանյութի լիցքավորման և թմբուկների փոխարինման գործարքների ընթացքում, փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով  թվով երեք Ա/Ձ-ների հետ, հաշիվ ապրանքագրերում ցույց է տվել ավելի մեծ չափերի գումարներ և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2017-2018թթ բյուջետային տարվա գործունեության ֆինանսական աուդիտ, որի արդյունքում պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հիշյալ 8 մշակութային միջոցառումների ժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում միջոցառման մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որից չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 400.7 հազար ՀՀ դրամ եկամտային հարկ: Բացի այդ, «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ –ի կողմից 2017-2018թթ.ընթացքում ձեռք բերված /գնված/ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների շուկայական գների ուսումնասիրությամբ աուդիտը պարզել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. գնված տնտեսական ապրանքները և գրենական պիտույքները ձեռք են բերվել մանրածախ շուկայական նույն կամ համարժեք ապրանքների համեմատ բարձր գներով:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Որոշում է կայացվել՝ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու և ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված ապրանքատեսակների ընդհանուր շուկայական արժեքի և հաշիվ-ապրանքագրերում նշված ընդհանուր գների տարբերությունը կազմում է 1.202.500 ՀՀ դրամ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հանրային ծառայության մեջ գտնվող դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև դպրոցի նախկին տնօրենի կողմից ևս թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է մինչև 2017թ. ապրիլի 24-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, կազմել ու հաստատման է ներկայացրել դպրոցի 2014-2015թթ., 2015-2016թթ., 2016-2017թթ. ուսումական տարիների ծրագրերը, որտեղ ներառել է կեղծ տվյալներ, այն է՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 24-ը ներառյալ դպրոցի 3 դասատուների անվամբ գրել է կեղծ դասաժամեր, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել նախկին տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և  308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊՈԱԿ-ի ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 2 170 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031