Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ որ ՀՀ ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ Սամվել Բաբայանի հետ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ են պայմանավորվել, ասաց. «Որեւէ պայմանավորվածություն տեղի չի ունեցել: Եթե պատահական հիմա դուրս գանք, այստեղ 2 հոգի միասին զրուցենք, դա չի նշանակում, որ պայմանավորվածություն կա»։
Դա ուղղակի զրո՞ւյց է եղել. այս հարցին ի պատասխան էլ Հարությունյանն ասաց.«Եկեք ես իմ բոլոր հանդիպումների մասին, թե ում հետ՝ երբ եմ հանդիպել, չներկայացնեմ։ Կոնկրետ որեւէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել եւ չի քննարկվել ընդհանուր առմամբ։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն նստել, դրա կարիքը չկա, որ ՀՀ ԱԱԾ պետը գա, եւ մենք երկուսով նստենք։ Ես էլ հնարավորություն ունեմ Սամվել Բաբայանի հետ… Սամվել Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հետ։ Եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք կա՛մ այս նույն հյուրանոցում, կա՛մ այլ սրճարանում, կա՛մ գրասենյակում հանդիպել եւ զրուցել։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»։
Արդյոք նույն կերպ՝ հաճախակի հանդիպում է Սամվել Բաբայանի հետ, այս հարցին էլ Հարությունյանը պատասխանեց. «Վերջերս մեկ-երկու անգամ, պատահական հանդիպել ենք, զրուցել ենք: Եթե փողոցում տեսնում ենք՝ բարեւում ենք, եթե կաֆեում տեսնում ենք՝ զրուցում ենք»։
Հարցին՝ Բաբայանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ լարվածություն չկա՞, Արցախի նախկին վարչապետը պատասխանեց. «Ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ