Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իրական մարտահրավերները եւ Ստամբուլյան կոնվենցիան

Օգոստոս 06,2019 19:07

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանն ունի բազմաթիվ կենսական մարտահրավերներ, որոնց լուծումը ճակատագրական նշանակություն ունի երկրի ապագայի համար.

  1. Մեր գլխին կախված Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման վտանգը, որն աճում է օրեցօր։
  2. Արցախում ներքին քաղաքական իրավիճակի կայունությանը սպառնացող զարգացումներ, որոնք կապված են առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ եւ անհարկի էսկալացիայի դեպքում կարող են, բառիս բուն իմաստով, «հրավիրել» Ադրբեջանի ագրեսիան։
  3. Ռուսաստանի հետ վստահության հարաբերությունների համակարգի կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի ավելի արդյունավետ լուծվեն Ադրբեջանի զսպման, ռազմա-տեխնիկական համագործակցության եւ ներդրումների հարցերը։
  4. Ռուսաստան-Արեւմուտք սրվող հակամարտության եւ հակաիրանական սանկցիաների պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իրանի հետ արդյունավետ համագործակցության պահպանման ու ընդլայնման, ներդրումների ապահովման դժվարությունը։
  5. Հակամարտության եւ շրջափակման մեջ գտնվող երկրում թռիչքաձեւ տնտեսական աճի համար անհրաժեշտ ներդրումային մթնոլորտի ապահովումը։
  6. Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ուշացմամբ ներգրավվելու, ենթակառուցվածքային եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ներդրումային նախագծերի շուրջ համագործակցության կառուցման անհրաժեշտությունը։
  7. Արդար եւ արդյունավետ դատական իշխանության ստեղծման պահանջը։
  8. Ապօրինի հարստացած պաշտոնյաների կողմից թալանած միջոցների վերադարձի եւ նրանց արդարադատության առաջ կանգնեցնելու խնդիրը։
  9. Անցումային արդարադատության իրականացման, զանգվածաբար իրավազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման եւ վնասների փոխհատուցման, եւ մարտիմեկյան ոճրագործության արդար դատի ապահովման հսկայածավալ աշխատանքի բարդությունը։
  10. Կուսակցական համակարգի վերափոխման անհրաժեշտությունը, որը կապահովի կոռուպցիոն կուսակցական-քաղաքական համակարգի ապամոնտաժումը, կբացառի կոռուպցիոն կապիտալի եւ օտարերկրյա ազդեցությունների թելադրանքը մեր քաղաքական համակարգի նկատմամբ, կուսակցությունների մասին օրենքի եւ ընտրական օրենսգրքի հիմքում դնելով կուսակցությունների հանրային ֆինանսավորումը։

 

Սրանք մարտահրավերներ են եւ խնդիրներ, որոնցից ամեն մեկը առանձին վերցրած ճակատագրական նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, էլ չասած, թե ինչ ահռելի ԳԵՐ-մարտահրավեր է այս բոլոր մարտահրավերների հավաքականությունը, որն առանց չափազանցության կարելի է համարել ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ /այսինքն, լինել-չլինելու, գոյատեւման հետ կապված/։

Բայց արի ու տե՛ս, որ, բոլոր այս հարցերը մի կողմ նետած, ազգովի կենտրոնացել ենք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու՝ գրեթե զրոյական նշանակություն ունեցող մի խնդրի վրա։ Բայց ո՞նց այդպես եղավ։ Ցավոք սրտի, նման իրավիճակի պատճառները ոչ մի կապ չունեն Հայաստանի ու նրա ժողովրդի շահերի ու առաջնային օրակարգի հետ։ Հարցի քննարկման թեժությունը իրականում բացառապես թելադրված է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ եւ Հայաստանում ազդեցության համար պայքարով։ Պրո-արեւմտյան շրջանակները պնդում են, որ կոնվենցիայի վավերացումը ճակատագրական նշանակություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, բռնության եւ խտրականության վերացման համար, պրո-ռուսական շրջանակները պնդում են, որ վավերացումը ուղիղ ճանապարհ է դեպի ավանդական արժեքների եւ ընտանիքի ինստիտուտի քայքայում։

Իրականում, երկուսի տեսակետն էլ ճշմարտության հետ որեւէ աղերս չունեն։ Ստամբուլյան կոնվենցիայի ո՛չ վավերացումը, ո՛չ էլ չվավերացումը որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ մեր ընտանիքների եւ ավանդական արժեքների վրա, քանի որ այդ հարցերում կան շատ ավելի հզոր գործոններ, որոնք բոլորը կապված են վերեւում նշված 10 մարտահրավերների հետ։ Երկու շահագրգիռ լոբբիներն էլ հետապնդում են օրակարգ, որը որեւէ առնչություն չունի Հայաստանի առաջնային շահերի հետ:

Սա իսկապես կեղծ օրակարգ է։ Ուզում են՝ վավերացնեն, ուզում են՝ թող չվավերացնեն, դրանից միեւնույն է էական բան չի փոխվելու։ Ես կոչ եմ անում մեր հանրությանը, բոլոր առողջ քաղաքական ուժերին չենթարկվել երկուստեք մանիպուլյացիաներին, որոնց նպատակն է շեղել մեր ժողովրդին իր կենսական օրակարգից եւ թեժացնել օտարերկրյա մրցակցությունը ազդեցության համար: Բնականաբար, կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ձեւավորել են դիրքորոշում, հիմնվելով անկեղծ համոզմունքի եւ սկզբունքների վրա: Նրանց սահմանադրական իրավունքն է ազատորեն հայտնել այդ տեսակետը, բայց ցանկալի է, որ այդ մարդիկ էլ գիտակցեն բանավեճի աշխարհաքաղաքական կոնտեքստը եւ հնարավորինս հեռու մնան կոնվենցիան հայ հասարակությանը բաժանող կռվախնձոր դարձնելու եւ քաղաքական ճղճիմ խաղերում օգտագործելու փորձերից: Եւ միգուցե, լավագույն լուծումն այս պահին կլինի ԱԺ-ում հարցի քննարկման հետաձգումը: Իսկ նման իրավիճակներից ապագայում խուսափելու լավագույն միջոցը քաղաքական կյանքը մեր շահերից բխող օրակարգով լցնելն է:

Մեզ պետք է ներքին քաղաքական կայունություն եւ իրական բովանդակալից եւ ինքնիշխան ժողովրդավարական գործընթաց։ Մեր նպատակը պետք է լինի՝ կենտրոնացնել հանրային բանավեճը Հայաստանի կենսական օրակարգի վրա եւ արագորեն շարժվել նրանում ընդգրկված խնդիրների լուծման ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031