Լրահոս
Օրվա լրահոսը

Էմին Երիցյան. Համայնքներում հերթական և արտահերթ ընտրությունների նշանակման հետ կապված արձանագրվում են օրենսդրական պահանջների խախտումներ

Օգոստոս 06,2019 16:20

Համայնքներում հերթական և արտահերթ ընտրությունների նշանակման հետ կապված արձանագրվում են օրենսդրական պահանջների խախտումներ, իսկ որոշ դեպքերում այդ օրերը նշանակվում են այնպես, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ավարտի ու նոր ընտրությունների օրերի միջանկյալ ժամանակահատվածում նշանակվում են պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը (նշանակովի լինելով) բավականին տևական է լինում՝ ըստ էության բերելով ինքնակառավարման իրավունքի սահմանափակման։

ՀՀ օրենսդրության պահանջները չապահովելու վերջին օրինակներից է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների օր չնշանակելը։

Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 120-ը սահմանում է, որ

1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Հետևաբար, ընտրության օր պետք է նշանակվեր նախքան լիազորությունների ավարտի օրը։

Փարաքար համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 13-ին։ Ուստի, մարզպետը համայնքի ղեկավարի հերթական ընտրության օր պետք է նշանակեր հունիսի 9-ը, ինչը չի արվել՝ խախտելով ՀՀ սահմանադրական օրենքը։

Ավելին, ընտրությունների օր չի նշանակվել նաև սեպտեմբերի 29-ին՝ արհեստականորեն ստեղծելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավիճակ։

Այս երևույթը զուգակցվում է մեկ այլ խախտմամբ, երբ մարզպետի որոշումները օրենքի պահանջին համապատասխան չեն հրապարակվում։

Եթե շատ մարզպետարաններ պատշաճ մակարդակով ապահովում են մարզպետների որոշումների հրապարակումը մարզպետարանների էջերում (օրինակ, Արարատ, Կոտայք և այլն), ապա Արմավիրի դեպքում կայքէջում չեք գտնի համայնքներում ընտրությունների նշանակելու մասին մարզպետի որոշումները՝ իրենց իրավական հետևանքներով (թիվ 209 որոշմանը հաջորդում է թիվ 292 որոշումը)։

Էմին ԵՐԻՑՅԱՆ

Հայաստանի համայնքների միության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031