Լրահոս
Օրվա լրահոսը

«15 մլն զբոսաշրջիկն ի՞նչ է, որ 30 տարում եթե ուզենանք՝ չունենանք». Մեխակ Ապրեսյանը վարչապետին հորդորում է հաշվարկ անել՝ մեզ պե՞տք է 15 մլն տուրիստ

Օգոստոս 06,2019 15:56

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչեւ 2050 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նպատակադրել են հասցնել 15 մլն-ի:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դա իրատեսական է, նաեւ ողջունելի է վարչապետի մոտեցումն այն առումով, որ զբոսաշրջությանը նշանակություն է տրվում, բայց թե որքանով է նպատակահարմար, որ մենք ունենանք 15 մլն զբոսաշրջիկ, դա հաշվարկի եւ քաղաքականության հարց է: Արդյոք մեզ պե՞տք է այդքան զբոսաշրջիկ, իմ կարծիքով, Հայաստանը չպետք է լինի մասսայական տուրիզմի երկիր: Մենք մեր նիշան պիտի ունենանք համաշխարհային շուկայում, միգուցե 15-ը լավ է, միգուցե 20-ն էլ է լավ, միգուցե ոչ, պետք է սահմանափակվեն 10 մլն-ով, դրա համար պետք է լրջորեն հաշվարկ անենք, գույքագրենք մեր ամբողջ ռեսուրսը, մեր հնարավորությունները գնահատենք, քաղաքականությունը որոշենք ու թիրախն ի վերջո՝ ո՞ր թիվն է պետք կայուն զարգացման համար: Կարելի է, օրինակ, ունենանք կարճաժամկետ թիրախ դրած, ոչ թե 15 մլն-ի հասնենք 2050-ին, այլ կարելի է, սրա հետ նաեւ վարչապետը, կառավարությունը եւ տուրիզմի ինդուստրիան է կհամաձայնեն, որ, ասենք, առաջիկա 5 տարիների ընթացքում հասնենք 5 մլն-ի: Այդ թվին հասնենք՝ կտեսնենք: 15 մլն-ը մեր բնակչությունը 5 անգամ գերազանցող թիվ է, արդյոք դա լա՞վ է, թե՞ վատ է: Չպետք է առաջնորդվենք ինչքան շատ՝ այնքան լավով: Մի հատ թիվ կա, որ կարող է վնասը ավելի շատ լինի, քան օգուտը»:

Հարցին՝ ի՞նչն է վտանգավոր այդ 15-ի մլն-ի մեջ՝ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ եք, մեր բնակչությանը 5 անգամ գերազանցող թիվ է: Չի՞ կարող, օրինակ, սկսի մեր ժողովրդի վերաբերմունքը փոխվի զբոսաշրջիկների նկատմամբ: Հիշո՞ւմ եք, վերջերս Բարսելոնայում մեծ ցույց էր, նույնիսկ տեղացիները ցույց էին անում, վռնդում զբոսաշրջիկներին: Դա էլ կարող է լինել, չէ՞: Անվտանգության, հազար ու մի հարց պիտի լուծես, մասսայական տուրիզմն իր հետ բերում է պրոբլեմներ: Մասսայական տուրիզմ պետք չի: Մեզ էժան եւ քանակ պետք չի: Իհարկե, վարչապետը չի ասել մասսայական տուրիզմ, էժան եւ քանակ, պարզապես օրինակ եմ բերում:

Եթե հաշվարկենք ու հասկանանք, որ 15 մլն-ը մեզ պետք է, մեծ նպաստ է բերում մեր երկրին՝ շատ լավ է: Բայց կարող է 15 մլն զբոսաշրջիկներին մենք ի վիճակի էլ չլինենք ընդունել՝ արդյոք մեր ենթակառուցվածքները դրան պատրա՞ստ են: Դուք պատկերացնո՞ւմ եք հլը 15 էլ չէ, 5 մլն տուրիստ ու մեր ճանապարհների թողունակությունը: Օրինակ, գնում ենք Գառնի, արդեն ավտոբուսները կանգնելու տեղ…Գեղարդին մոտենում ես, շատ ժամանակ ինչքան հեռավորության վրա ես կանգնում: Հլը հիմա 1,6 մլն են, պատկերացնեք, 3 մլն տուրիստ: Չնայած այն ժամանակ տեխնիկա, տեխնոլոգիաները զարգանալու են, գուցե տրանսպորտը օդային լինի, միգուցե այդ 15-ը քիչ էլ լինի: Բայց որ իրատեսական է՝ միանշանակ: 15 մլն զբոսաշրջիկն ի՞նչ է, որ 30 տարում եթե ուզենանք՝ չունենանք, ես ասում եմ՝ 5 տարում 5 մլն-ի հասնենք, որը նույնպես իրատեսական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031