Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարության 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել եւ նախապես հայտարարել էին, որ փակելու են միջպետական այդ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Ցույցը սակայն, չկայացավ: Ցուցարարներին հրավիրել էին Աշտարակի ոստիկանություն:
Թեեւ խոստացվել էր, որ ցուցարարները «շատ կոշտ արձագանք» են ունենալու ոստիկանությունում, սակայն, ինչպես Aravot.am-ին պատմեց ցույցի կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանը, ոստիկանությունում «նորմալ» խոսակցություն է գնացել: Ոստիկանության` Աշտարակի բաժնի պետը ցուցարարներին հորդորել է ցույց չանել եւ խոստացել, որ հարցը կլուծի` կառավարությունում նրանց համար հանդիպում կազմակերպելով: «Չգիտեմ ով`կամ պարոն Ավինյանը, կամ վարչապետը, կառավարության առաջիկա նիստից հետո, մեզ պետք է ընդունի, որ հարցին լուծում տան»,- մեկուկես ժամից ավելի տեւած հանդիպումից արդյունքը ներկայացրեց Գուրգեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ շինարարության հիմնական կապալառու կազմակերպության`«Կորսան Կորվիամ» իտալական ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, տվյալ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ ենթակապալառու ընկերություններին գումարները չի վճարվել: Ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները պահանջում են, որ կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման եւ երաշխիքային գումարներից վճարի իրենց գումարը, որը դեռ մեկ տարի առաջ պետք է վճարված լիներ:
Եթե առաջիկա հանդիպման արդյունքում էլ հարցը լուծում չստանա, ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները խոստանում են անժամկետ ցույցեր եւ միջպետական ճանապարհի փակում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային