Այսօր «Հայելի» ակումբում ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանն անդրադառնալով արագիլների տարօրինակ աղտոտվածությանն, ասաց, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կենդանաբանության ինստիտուտի բակ են տարել արագիլների մի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված էր յուղային նյութի հաստ շերտով: «Այնքան հաստ էր շերտը, որ պատյանի պես պատել է թռչունի փետրավորումը, ի վիճակի չէին թռչելու: Մասնագիտական թիմով զննեցինք, ամբողջությամբ յուղանյութով պատված էր, դա մեկ ամիս առաջ է եղել, ընկղմվել էր յուղանյութի մեջ, հետո իրենց վրա հավաքել էին փոշի, ցեխ: Զննեցինք, գարշահոտ զգացինք, հասկացանք, որ դա ոչ թե արդյունաբերական յուղանյութ է, այլ՝ պարենային, հետո համոզվեցինք, որ կենդանական ծագման յուղանյութ է»,-ասաց Բալյանը:
Նա հիշեցրեց, որ ինքը շրջական միջավայրի նախարարությանն ու տեսչական մարմնին կոչ է արել այս խնդիրը դիտարկել քրեական տիրույթում. «Որովհետեւ սա մեծ աղետ է: Հսկայական տարածք է, Երեւանից Արաքս գետ ընկած հատվածում՝ Ռանչպար, Նորամարգ, Զոլակ գյուղերի բներում սեւ, մազութի պես նյութով պատված արագիլներ են նստած»:
Բալյանն ասաց, որ այն առանձնյակները, որոնք ամբողջությամբ պատված են այդ սեւ յուղանյութով, այս տարվա ձագերն են, երբ դեպքը տեղի է ունեցել, նրանք շատ փոքր են եղել եւ եղել են բների մեջ. «Աղտոտումը տեղի է ունեցել հասուն անհատների միջոցով: Նրանք ընկղմվել են յուղանյութի շերտի մեջ, հավանաբար նրանց գրավող կերանյութ է եղել այդ տարածքում: Վերադարձել են բույն, այդտեղ փոխանցել են ձագերին, հասուն արագիլները բնում նստում են ձագերի վրա ու ամբողջությամբ ծածկում նրանց: Դեպքը վաղուց է եղել, բայց արագ արձագանք չի եղել, եւ ես սա համարում եմ խնդիրը քրեական տիրույթում պետք է ուսումնասիրեն»:
Բալյանի խոսքերով՝ եթե խոսքը կենդանական ծագման յուղանյութի մասին է, ապա դա այն նյութն է, որով արտադրություն է իրականացվում, ինչ-որ վերամշակման ժամանակ, ձկնաբուծություն կամ այլ տեսակի արտադրություն:
Մասնագետները արտասահմանյան գործընկերներից ստացել են ուղեցույց, թե ինչպես պետք է մաքրել արագիլներին. «Իրենք պնդում էին, որ մաքրման գործընթացը շատ վտանգավոր է արագիլների համար: Պետք է հասկանալ, թե՝ ինչ նյութ է, ինչպես պետք մաքրվի: Նմուշառել ենք փետուրները, հասկանալու՝ ինչը կարող է հեռացնել նյութը, եւ որ նյութը կլինի ամենաանվնասը: Մոտավոր լուծույթ ստացանք, մաքրել ենք, այդ առանձնակը մաքուր է հիմա»:
Հիմա, ըստ Բալյանի, լողացված եւ կերակրված արագիլի վարքագծին են հետեւում, որպեսզի հասկանան՝ մաքրելուց հետո ինչպես է իրեն զգում, ինչ ազդեցություն է ունեցել մաքրող նյութը. «Մեր մոտ պահվող արագալը հիմա առույգ է, ակտիվ: Երբ վստահ լինենք, որ պատրաստ է, կվերադարձնենք իր համայնք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ