Դեռեւս ապրիլի 25-ին գովազդային վահանակներ շահագործող երեւանյան ՍՊԸ-ներից մեկը դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար, բայց այն մերժվել է, իսկ նոր դիմումը մինչ օրս ոչ մերժվել է, ոչ բավարարվել: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Խորապես ցնցված եմ քաղաքապետարանի վարչարարությամբ: Դա դասական օրինակ է այն մասին, թե ինչպիսին չպետք է լինի վարչարարությունը: Այո, պետտուրքի մասով մեր առաջին դիմումը պարունակել էր թերացումներ: Պետտուրքը չէինք վճարել՝ հաշվի առնելով վարչարարության մի շարք սկզբունքներ, մասնավորապես՝ դիմումի բավարարումից հետո է վճարվում պետտուրքը, բայց գրքի դեպքում քաղաքապետարանի վարչարարությունը փոխվեց: Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը միայն նշել է, որ մեր դիմումը նորմատիվային պահանջներին չէր համապատասխանում, բայց քաղաքապետարանը պարտավոր էր պարզաբանել ու ասել՝ պետտուրքը չեք վճարել, հետեւաբար ձեր դիմումը չի բավարարվել, ինչը չի արվել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նա տեղեկացրեց, որ առաջին դիմումի թերությունը շտկել են եւ նորը հղել. «Իրավական գործընթացի արդյունքում գովազդի թույլտվություն արդեն ունենք, իսկ համապատասխան փաստաթուղթը՝ գովազդի տեղադրման թույլտվությունը, պետք է քաղաքապետարանը տա, այլապես կդիմենք ՀՀ վարչական դատարան: Մենք նոր դիմում էինք մուտքագրել քաղաքապետարան՝ այս անգամ կցելով պետտուրքի վճարման անդորրագիրը»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն էլ վստահեցրեց, որ երկրորդ նախագահի գիրքն աննախադեպ վաճառք ունի. «Այս պահին չենք ցանկանում համարել, որ սա քաղաքական ճնշման գործիքակազմ է: Դեռ նման պնդում չենք անում: Կանենք մի քանի օրից, երբ կարձանագրենք, որ քաղաքապետարանը խոչընդոտում է»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/395361944669853/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ