Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա գուցե այդպիսի վիճակագրական հիմքեր չկան, բայց բարի ցանկություն է». Սվետլանա Պողոսյանը գտնում է, որ 2050-ին 5 մլն բնակչությունը շատ մեծ թիվ չի

Օգոստոս 06,2019 15:06

«Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, ուրեմն նման ջանքերին պետք է աջակցել»,- Ստեփանակերտում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2040-ին ՀՀ բնակչությունը դարձնելու են 4 մլն:

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդ արդյունքին հասնելը՝ պատասխանեց. «Հիմա գուցե այդպիսի վիճակագրական հիմքեր չկան, բայց բարի ցանկություն է: Գուցե դա հնարավոր է՝ ի հաշիվ դրսից եկածների: Եթե մեր պետությունը խրախուսի, ընտանեկան ծրագրեր լինեն, գուցե այդքան անիրական չթվա, համենայնդեպս, լավ ցանկություն է»:

Ազգագրագետի խոսքով՝ եթե նպատակ ես դնում, դրանից հետո մեխանիզմներ պետք է մշակես, որ իրականություն դառնա. «Վատ ցանկություն չի ու դա իրագործելու համար կարելի է մի քանի աղբյուր տեսնել, մեկը՝ ի հաշիվ սփյուռքի, նաեւ պետք է խրախուսվի բազմազավակ ընտանիքներ կազմելը, նաեւ գյուղերում լավ պայմաններ ստեղծեն»:

Հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040-ին ՀՀ բնակչությունը դարձնելու են 4 մլն, հասարակությունը թերահավատորեն մոտեցավ այդ հայտարարությանը, հիմա ըստ ձեզ, այս մեկուկես տարվա ընթացքում այնպիսի իրավիճակ է փոխվել ժողովրդագրության առումով, որ կարելի՞ է նման թիվ հրապարակել՝ տիկին Պողոսյանը պատասխանեց. «10 տարվա տարբերություն կա, մեկը՝ 2040, մեկը՝ 2050: Նախորդ նախագահն էլ հավանաբար իր հիմքերն ուներ, ես չեմ կարծում, որ դա ուղղակի թիվ է, որը նկարում են, հավանաբար խորհրդականները ինչ-որ հաշվարկ արել են: Դա իրականում շատ մեծ թիվ չի, եթե որոշ պայմաններ փոխեն երիտասարդ ընտանիքների, բազմազավակների հարցում: Ես ուզում եմ հավատալ, որ 2050-ին կարող ենք դառնալ 5 մլն, դա իրականում շատ մեծ թիվ չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031