Հուլիսի վերջին օրերը նշանավորվեցին իրավիճակի նոր սրացմամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում։ Այն ուշագրավ էր մի քանի առումներով։ Նախ, այդ «սթրես-թեսթ»-ից Հայաստանում եւս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ ՀԱՊԿ կոչված կազմակերպությունը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ հերթապահ հայտարարություն՝ իր դաշնակցի տարածքի ուղղությամբ արձակած կրակոցների վերաբերյալ, եւ տեքստն անիմաստ չծանրաբեռնելու համար այսքանը բավարար է։
Իսկ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԱԳՆ-ը հավաստիացրեց, որ «իսկապես մտահոգված» է սրացմամբ, եւ դա տեղի ունեցավ սրացումից մի-քանի օր անց, եւ այդտեղ էլ ավելացնելու բան թերեւս չկա։
Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որի արդյունքներով հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համատեղ հայտարարություն հրապարակվեց, Բաքվի վարքը ցույց է տալիս, որ դեպքերի ընթացքն այնքան էլ Ալիեւի սրտովը չէ։
Ըստ էության, միջնորդները կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, այդ թվում՝ սահմանների վրա դիպուկահարների գործողություններից եւ ինժեներական աշխատանքներից։ Նշվում է նաեւ, մեջբերում. «Համանախագահների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարները պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է օգտագործել առկա ուղղակի կապի ուղիները, որպեսզի արագ արձագանքեն՝ էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպման արդյունքներին, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասում է երկու կարեւոր բան, հայտնի կլիշեները չհաշված, կրակելու եւ խաղաղապահների մասին։ Նա ասում է, որ բանակցությունները որպեսզի հաջող ընթանան՝ պարտադիր չէ, որ սահմանին լինի լիակատար խաղաղություն. «Համաձայն չեմ այն մտքին, որ անհնարին է շարունակել քննարկումները՝ ճակատամերձ գոտում լարվածության աճի պայմաններում» («Ազերթաջ», 24.06.2019)։ Այսինքն, պարոն Մամեդյարովը եւ իր շեֆը, չնայած զինադադարի ռեժիմի մասին համաձայնագրի տակ ադրբեջանական ստորագրությանը, միանգամայն նորմալ են համարում, որ պետք է լինի լարվածության աճ, եւ նրանք «շարունակեն քննարկումները», ինչը եթե թարգմանենք դիվանագիտականից պարզ ադրբեջաներենի՝ ստացվում է. «Կրակում եմ՝ լավ եմ անում, երբ ուզեմ՝ կրակելու եմ»։
Իսկ խաղաղապահների մասին Մամեդյարովի արտահայտությունից հետո, ինչն այնուամենայնիվ տեղ չգտավ նրա՝ պետական «Ազերթաջին» տրված հարցազրույցում՝ որոշ Կովկասով «զբաղվող», «ինքնագործ» եւ մարգինալ ռուսական ռեսուրսներին հիմք տվեց «վերլուծականներ» հրապարակել առ այն, որ Բաքուն «համաձայն է» խաղաղապահների գաղափարին, «մնում է» Երեւանը, «գնդակը Երեւանի դաշտում է» եւ այլն։
Այսինքն, Մամեդյարովն իր իսկ «կրակոցից» խաղաղապահների թեմայով հետ կանգնեց առաջին իսկ օրը, սակայն այդքանը կարծես բավարար էր, որպեսզի այն քողարկի «կրակոցը» կրակելու վերաբերյալ։
Երկար սպասելու անհրաժեշտություն չեղավ, եւ մոտ մեկ ամիս անց նրանք կրակեցին հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Բաքուն հանդես եկավ ցնցող «բացահայտմամբ»։ Ադրբեջանի ԱԳ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան հայտարարեց, որ իրենց կրակոցի մեղավորը հայկական կողմն է, քանզի, ըստ էության, չի կատարում Բաքվի սրտի ուզածը եւ «ցավոք սրտի, այդպիսի միջադեպերի հավանականությունը շատ բարձր է»։ Եվ Աբդուլլաեւան նաեւ մեզ խորհուրդ է տալիս. «Նման դեպքերի կանխարգելման միակ ուղին՝ Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման ապահովումն է»։
Եվ ուրեմն, ինչի՞ վրա է հույսը դրել Բաքուն։ Որ հայերը կտպավորվեն նրա «խորհրդից», թե՞ կրակոցից կտպավորվեն եւ որպեսզի այլեւս չկրակեն՝ Արցախը կնվիրեն Ալիեւի՞ն։ Հասկանալի է, որ տեղի չի ունենա ոչ մեկը, ոչ մյուսը։ Բաքուն ցույց է տալիս, որ դժգոհ է ստեղծված իրավիճակից, որ իր օրակարգը միջազգային հարաբերություններում առաջնահերթը չէ, եւ որ պետք է նման կերպով «հիշեցնել» միջազգային հանրությանը, որ այդ օրակարգն այնուամենայնիվ կա, եւ «մի բան արեք եւ բռնեք մեզ, թե չէ մենք աննորմալ ենք», «ժողովուրդը պահանջում է հրաման, հազիվ ենք պահում» եւ այլն։
Բացի դրանից, դատելով ադրբեջանական պրոպագանդայի սլաքների ուղղությունից, Բաքուն հույս է տածում, որ «Փաշինյանին Ռուսաստանը չի վստահում», ուստի «հարուստ» եւ «հոգեհարազատ» Ադրբեջանն ավելի շահեկան գործընկեր կարող է լինել, հետեւաբար պետք է Մոսկվային «համոզել», որպեսզի համաձայնի Բաքվի համար շագանակներ հանել ղարաբաղյան հակամարտության «խարույկից»։
Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել Բաքվին ինչ-ինչ հույսեր փայփայել, սակայն սա այն դեպքն է, երբ Բաքուն ինչ-ինչ սխալ ազդակները կամ սխալ ընկալված ազդակները կարող է ընկալել որպես իրականություն եւ ոչ միայն տարածաշրջանը հասցնի քաոսի, այլեւ ինքն իրեն հասցնի աղետի։
Ադրբեջանին թվում է, թե ռուսներին տարածաշրջան «քարշ տալու» փորձերով կստանա իր ուզածը, եւ Վրաստանի հետ անհարկի սահմանային կոնֆլիկտ ստեղծելով, Վրաստանին հայկական թեմաներով ճնշումների ենթարկելով՝ Բաքվին թվում է նաեւ, որ դրանով իր խայծը «քաղցրանում է»։ Մինչդեռ, Ռուսաստանի համար վերջին բանը, որ հետաքրքրում է, դա այն է, թե ինչ է ուզում կամ չի ուզում Ադրբեջանը, երբ նրա մի մասը վառվում է, մյուսն անցել է ջրի տակ, ԱՄՆ-ը խստացնում է պատժամիջոցները, ռուբլին անկում է ապրում, իսկ Կրեմլի տիրոջ՝ «փրկչի» առասպելը հօդս է ցնդում։
Վերջին հարյուրամյակի ընթացքում, երբ Կովկասն անազատության մեջ պահող Ռուսաստանը թուլացել է, եւ կայսրությունը սկսել է առաջնորդվել սեւհարյուրակային «արժեքներով», կյանքը ցույց է տվել, որ տարածաշրջանում նա ունեցել է մեկ հավատարիմ դաշնակից, գործակալներին չհաշված։ Դա եղել եւ մնում է հայատյացությամբ կուրացած, խավարամիտ, ջարդեր տենչող ամբոխն Ադրբեջանում՝ իր իդեալիզմից զուրկ լյումպեն-առաջնորդներով։ Այսօր եւս, Կովկասում Ռուսաստանն ունի պատանդներ, բայց ոչ դաշնակից, բացի մեկից. դա «հոգեհարազատ» ալիեւյան Ադրբեջանն է, որն ամենայն ներքին համոզվածությամբ քարշ է տալիս ռուսներին տարածաշրջան՝ իրենց հարցերը մեր հաշվին լուծելու հույսով։
Բաքվում կարդալ չեն սիրում, հակառակ դեպքում կկարդային, եթե մոռացել են, թե ինչ եղավ հետո, երբ ամբողջ Կովկասում միակն էին, որ գրեթե միաձայն քվեարկեցին ԽՍՀՄ պահպանման օգտին։ Երբ ռուսական զորքը նրանց համար «Կոլցո» օպերացիա էր անում, իսկ գեներալ Սաֆոնովն Արցախում զբաղված էր տեռորով՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը զբաղված էր միայն թալանով եւ դիակապտությամբ, Բաքվին այն ժամանակ էլ էր թվում, թե «ուժ կա՝ խելք պետք չէ», եւ «երբ ուզեն եւ որքան ուզեն՝ կկրակեն», մինչեւ գործը հասավ ռազմաքաղաքական աղետի։
Բաքուն կարող է, բայց չպետք է հույսը դնի ռուսական կայսերական ռեֆլեքսների վրա, մտածելով, թե դրանք կուղղի ընդդեմ Հայաստանի. դրանք խիստ հարափոփոխ են, ինչպես մայիսյան քամին։ Հայերն էլ մյուս կողմից՝ չեն տպավորվում իրենց կրակոցներից, ավելին, կարող են ասիմետրիկ պատասխանել, եւ հայկական կրակոցը, օդ հանելով ժառանգական չեկիստական բռնապետության հույս-հավատ-եւ-սեր դարձած խողովակը՝ կկանգնեցնի Բաքվին կոտրած տաշտակի առաջ։ Իր իսկ բռնապետությանը չհաղթած, ինքն իրեն չհաղթած Ադրբեջանն ուղղակի շանս չունի հաղթելու Հայաստանին եւ հայերին։ Իսկ երբ կհաղթի ինքն իրեն, ապա պարզ կդառնա, որ խնդիրները լուծվում են որ թե հայերին հաղթել-չհաղթելու, այլ ուրիշ հարթության վրա։ Արժե փորձել հայելու մեջ, նայել լայն իմաստով, եւ փորձել հետեւություն անել 21-րդ դարի համատեքստում, մոռանալով սին հույսերի մասին։ Սակայն, ցավոք, դատելով դեպքերի ընթացքից, սին են նաեւ հույսերը, թե դա տեղի կունենա։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
6.08.2019