Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ներազգային այս գզվռտոցը վերանա, «միացե՛ք» լոզունգը հանրահռչակվի, միանգամայն հավատում եմ». Ազգագրագետը 2050-ին 5 մլն դառնալն իրատեսական է համարում

Օգոստոս 06,2019 14:40

«Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, ուրեմն նման ջանքերին պետք է աջակցել»,- Ստեփանակերտում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2040-ին ՀՀ բնակչությունը դարձնելու են 4 մլն:

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդ արդյունքին հասնելը՝ պատասխանեց. «Իհարկե, շատ մեծ ինտերվալ է ընդգրկված՝ 30 տարի եւ դեռ չենք իմանում, թե այդ 30 տարում ինչեր մեզ կսպասեն, բայց, այնուամենայնիվ, շատ հաճելի է եւ երանի թե իրականություն դառնա: Ես փորձում եմ հավատալ եւ վստահել, եթե իհարկե, ներդրումներ շարունակվեն եւ եթե ներազգային այս գզվռտոցը վերանա, եթե իսկապես «միացե՛ք» լոզունգը հանրահռչակվի, միանգամայն հավատում եմ՝ ելնելով մեր ազգի այն ներուժից, որ մենք ընտանիք սիրող ազգ ենք: Պետք է մեր կանանց այդ հնարավորությունը տնտեսապես ընձեռենք: Մեր ընտանիքում այսպիսի խնդիր կա՝ անգամ մեր երկրին բնորոշ դարձած ուշ ամուսնությունների պարագայում 30-նն անց տարիքի աղջիկները կուզենան գնան իրենց տատիկների, ծնողների հետքերով եւ ոչ պակաս, քան 2-3 երեխա ունենալ: Եթե այդպես վարվեն, հնարավոր է հասնենք այդ արդյունքին: Հնարավոր է, եթե կարողանանք միաբանվել, խելքի գալ, վերջ տալ իրար նկատմամբ քարեր նետելուց եւ կարողանանք առաջ նայել՝ ի շահ ազգի»:

Հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040-ին ՀՀ բնակչությունը դարձնելու են 4 մլն, հասարակությունը շատ թերահավատորեն մոտեցավ այդ հայտարարությանը, ըստ ձեզ, այն ժամանակ հիմքեր չկային, հիմա կա՞ն հիմքեր՝ Նահապետյանը պատասխանեց. «Այն ժամանակ, իհարկե, դա դարձյալ լավ լոզունգ էր, բայց որ նայում ենք, տեսնում ենք, թե օր օրի ինչքան կոռուպցիոն երեւույթներ են հայտնաբերում, եթե մենք այն տարիները կարողանայինք ի շահ մեր երկրի օգտագործել, էլի հնարավոր էր: Երկրի ընդերքը դատարկված էր, ո՞նց կարելի էր, դա այն ժամանակն էր, երբ ժողովուրդը հարաճուն կերպով արտագաղթում էր: Այդ արտագաղթը դեռեւս իրեն չի սպառել, ճիշտ է, նկատելի է որոշ մանր-մունր գործարարների մուտք, բայց բոլոր դեպքերում պետք է կասեցնել արտագաղթը եւ մտածել երկրի տնտեսական բարեփոխումների մասին: Գյուղերը մեր դատարկված են, ամայություն, Սպիտակի շրջանի գյուղեր մտեք՝ սիրտդ կմղկտա, այդ պայմաններում ո՞նց կարելի էր այդպիսի աճ նախատեսել: Մարդիկ թռչունի նման իրենց ձագուկները վերցրած՝ այստեղ-այնտեղ են թռչում, ո՞նց կարող են նրանք օտար ափերում նոր զավակ ունենալու հույս ունենալ: Երբ նրանք իրենց հայրենիքում տուն-տեղը լքել են, համատարած երեւույթ էր դա, եթե հիմա կարողանան այդ գործընթացը կասեցնել ու ամեն ինչ ներդնել երկրի բարգավաճմանը՝ միանգամայն հնարավոր է: Դա հայրենասիրության չափանիշներից մեկն է: Մեր ժողովուրդը հայրենասեր է, եթե ունենա ճիշտ ու հայրենասեր առաջնորդ»:

Հարցին՝ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հայ տղամարդկանց թույլ տալ իրենց կանանց բիզնես անել, հիմա կանայք ավելի լավ է բիզնե՞ս անեն, թե՞ երեխա ունենան, որ այդ 5 մլն-ի ցուցանիշին հասնենք՝ Ռաֆիկ Նահապետյանը պատասխանեց. «Միանգամայն հնարավոր է համատեղել: Կնոջը պետք է թողնել ազատ, ե՛ւ զավակ կպարգեւի, ե՛ւ մտքերով, գործերով շատ հեռուն գնացող քայլեր կիրագործի: Մեր կանայք շատ ճկուն են: Մենք՝ տղամարդիկս, չենք ուզում գիտակցել, որ կինը շատ արագ է մտածում, լայնախոհ է, կինը կարող է նստած տեղը երեխաներ, զավակներ պարգեւելով՝ ճկուն միտք հղացնել ու գաղափարներ բերել՝ ի շահ ընտանիքի: Պարզապես պետք է ընտանիքում սեր, ներդաշնակ կյանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031