Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ մամուլի խոսնակը` Բժշկականի բարձր աշխատավարձերի, գույքն այլոց կողմից օգտագործվելու եւ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործի մասին

Օգոստոս 06,2019 13:17
bjshkakan

Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Բժշկական համալսարանի մասին պետական վերահսկողական ծառայության զեկույցի հետքերով, եւ այժմ ընթանում է նախաքննություն: Aravot.am-ը ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչ տիպի խախտումների մասին է եւ որքան վնասի խոսքը:

«Ի պատասխան ձեր հարցմանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում:

Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։

Առկա են եղել հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առնչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետև ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Բժշկական համալսարանի մասին պետական վերահսկողական ծառայության զեկույցի հետքերով, այժմ ընթանում է նախաքննություն»,- գրավոր պատասխանեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակի պարտականությունները կատարող Սեդա Աղբալյանը:

Փորձեցինք Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից եւս մեկնաբանություն ստանալ, սակայն ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը պատասխանեց, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվության չի տիրապետում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031