Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ին» Գեղամ Պետրոսյանը միայն պաշտոնապես ամրագրվա՞ծ զենք է ունեցել, թե՞ այլ զենք էլ է ունեցել. Սեդա Սաֆարյան

Օգոստոս 06,2019 12:07

«Մարտի 1-ի» գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցի փոփոխությունը փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը ճիշտ որոշում չի համարում:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

Անդրադառնալով Պետրոսյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանի տվյալներին, թե նշանակված փորձաքննության արդյունքներով՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից, Սեդա Սաֆարյանն ասաց. «Հարց է առաջանում՝ միայն պաշտոնապես ամրագրված զենք է ունեցել, թե այլ զենք էլ է ունեցել, որովհետեւ այդպիսի խառնաշփոթ իրավիճակ է եղել, որ բոլոր զենքերը չէ, որ հաշվառված զենքեր են եղել, բոլոր մարդիկ չէ, որ օրինական ընթացակարգով են մասնակցել, այսպես ասած, իրենց այդ «միջոցառմանը»:

Մեր հարցին, այսինքն՝ այդ հանգամանքը դժվարացնո՞ւմ է Պետրոսյանի մեղքն ապացուցելը, տիկին Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարծում՝ մեղադրանք առաջադրելու ժամանակ ապացույցները բավարար չեն եղել, չեմ կարծում, որ այս կարգի գործով հատուկ քննչական ծառայությունը նման ռիսկի գնար: Չգիտեմ՝ ապացույցների հակասությունն ինչով է պայմանավորված, քանի որ դեռեւս ամբողջ ծավալով չենք տիրապետում քրեական գործի այդ մասի նյութերին, հետեւապես նաեւ ընթացքին չենք տիրապետում: Ինչ վերաբերում է փաստահավաք խմբում ունեցած տվյալներին, որոնց ուժով նաեւ հակված եմ ասելու, որ ներքին զորքերի բարձրաստիճան պաշտոնյաներից կրակել են, դեռ 2008-ին այդ մասին խոսակցություններ եղել են: Հիմա դա Գեղամ Պետրոսյանն էր, թե Գեղամ Պետրոսյանի կողքին կանգնած ավելի բարձր պաշտոնյա, քննությամբ կհիմնավորեն: Մենք չենք հասցրել այդքան խորանալ, մեր խումբը ցրելու պատճառով, բայց դեռ 2008-ին այդպիսի տեղեկություններ կային, որ զոհերից մեկին, երկուսին խփել է ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցը»:

Անդրադառնալով Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը՝ փաստաբան Սաֆարյանն ասաց. «Եթե մեղադրանքը կա, ու եթե նա իրականում արել է իրեն մեղսագրվող արարքը ու այս տարիների ընթացքում կամովին որեւէ միջոց չի ձեռնարկել գալու ու քննության բացահայտմանը նպաստելու ուղղությամբ, էլ չեմ ասում, թե այս տասը տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ներքին քննարկումներն արդյոք նվիրված չեն եղել մարտի 1-ը կոծկելուն, չեմ կարծում, որ Գեղամ Պետրոսյանի հարցում ճիշտ մոտեցում է եղել նրա խափանման միջոց կալանքը փոխելու առումով: Այս գործի առանձնահատկությունից ելնելով՝ ես կողմ եմ, որ որոշ մարդկանց կալանքները պահպանվեն, որովհետեւ նրանք հասարակության համար վտանգ են ներկայացնում՝ ապացույցները կոծկելու, քննությանը խոչընդոտելու, կարեւորագույն վկաների վրա ազդելու առումով»:

Նա նաեւ արձագանքեց Պետրոսյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանի դիտարկմանը, թե մի սպայի ցուցմունքով մեղադրանք է առաջադրվել, ասելով. «Խնդիրը մի հոգին չէ, ես այն կարծիքին չեմ, որ մի անձի ցուցմունքը չէ, եթե այդ անձը շատ ազնիվ վկա է, ճշմարտախոս է ու տեսել է, որ խփողը նա է եղել, այդ մի անձը բավարար եմ համարում, շատ եմ լսում, որ մի անձի ցուցմունքով դատվեց, բա քանի՞ անձի ցուցմունքով պետք է դատվի: Լավ կլինի, որ քննությամբ հաջողվի ավելի շատ ապացուցողական բազա ապահովել, բայց եթե ճշմարտությունը բացահայտվել է մեկ անձի ցուցմունքով, տարակուսելի ոչինչ չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031