Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից

Օգոստոս 06,2019 09:43

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։ Ընդ որում` տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին այդ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչեր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։ Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ինչո՞ւ ենք զգուշանում աճի նման «աղբյուրներից»։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։

Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի մասին դատողությունների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։ Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայինի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5% և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031