Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. «Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է». «Ասպարեզ»

Օգոստոս 06,2019 09:00

«ԱՍՊԱՐԷԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ մի շարք նահանգների խորհրդարաններ ընդունել են Արցախի անկախութիւնն ու ժողորդի ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւեր: Արդեօ՞ք այս հանգամանքը դիւրացնում է համագործակցութիւնը Արցախի եւ նահանգների միջեւ, եւ որքանո՞վ է այս իրողութիւնը կիրառւում հոգուտ Արցախի:

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Մի շարք նահանգների կողմից ընդունուած բանաձեւերը իրաւական առումով ոչինչ չեն նշանակում, քանի որ նահանգներն ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն իրականացնելու լիազօրութիւն չունեն, յատկապէս՝ քաղաքական, դիւանագիտական յարաբերութիւնների տեսանկիւնից: Սակայն միւս կողմից՝ բարոյական, տեղեկատուական առումով շատ կարեւոր հիմք եւ կռուան են մեզ համար, ասելու, որ օրինակ Կալիֆորնիան ճանաչել է Արցախի հանրապետութեան անկախութիւնն ու աջակցութիւն է յայտնել մեր պայքարին: Միաժամանակ, Կալիֆորնիայում տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների հետ շփուելիս, այս փաստը կարեւոր է ներկայացնելու համար: Այդ հանգամանքն արդէն օգտագործւում է մեր կողմից, եւ որոշակի դրական արդիւնքներ կան: Արցախի արտգործնախարարութիւնը, Սփիւռքի կառոյցներն էլ աշխատում են, որ բանաձեւերը, յայտարարութիւնները որոշ չափով գործնական դաշտ բերենք: Այդ նպատակով, իմ այցի շրջանակներում փորձել եմ աշխատել՝ առաւելագոյնս կիրառական դարձնելու յարաբերութիւնները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան բնակիչները մարդու իրաւունքների խախտման ի՞նչ դէպքերի են առնչւում արտասահմանում:

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Այդ առումով շատ խնդիրներ կան: Կրթութեան, առողջութեան պահպանման հետ կապուած խնդիրների մի մասն առաջանում է մուտքի արտօնագրերի պատճառով, քանի որ դեսպանատներում խնդիրներ են առաջանում Արցախի բնակիչների համար, ինչը սակայն դժուար է ապացուցել, քանի որ դիւանագիտական ներկայացուցչութիւնները չեն յայտնում, թէ ինչով է պայմանաւորուած արտօնագրի տրամադրման մերժումը: Արցախի բնակիչը ցանկանում է գնալ արտասահման բուժման՝ խնդիր է առաջանում, ընդունւում է համալսարան՝ չի ստանում մուտքի արտօնագիր: Կրթութեան իրաւունքի կոնկրետ խախտում է այն, որ բազմաթիւ համալսարաններ չեն ընդունում Արցախի համալսարանի տուած գնահատականները, դիպլոմները (վկայականները-Խմբ.) չեն ճանաչւում: Ազատ տեղաշարժի եւ հաղորդակցութեան իրաւունքի խախտման ամենայայտնի դէպքը օդանաւակայանի հետ է կապուած. այն չի գործում պայմանաւորուած ոչ այնքան Արցախի իրաւական կարգավիճակով, որքան՝ Ադրբեջանի մեկուսացման քաղաքականութեամբ, եւ սա ուղղակիօրէն ոտնահարում է հազարաւոր մարդկանց՝ ե՛ւ արցախցիների, ե՛ւ արտասահմանցիների հաղորդակցութեան եւ ազատ տեղաշարժի իրաւունքը: Խնդիրներից մէկն էլ կապուած է օտար ներդրողների հետ, որոնք ենթարկւում են Ադրբեջանի կողմից քաղաքական, դիւանագիտական, տեղեկատուական ճնշումների: Արդիւնքում, այդ ներդրողներից ոմանք չեն դիմանում եւ հեռանում են:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կողմից նշուած խնդիրների լուծման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկում:

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է: Վերջին տարիներին միտում կայ, որ միջազգային կառոյցները բանաձեւեր են ընդունում առ այն, որ մարդու իրաւունքներն համընդհանուր են, եւ մարդ չպէտք է զրկուած լինի պաշտպանութիւնից՝ անկախ երկրի եւ տարածքի կարգավիճակից: Ընդ որում, դա նշուած է նաեւ 1949ի մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ յօդուածում, սակայն, ցաւօք, 70 տարուայ ընթացքում միջազգային հանրութեանը չի յաջողուել այս խնդիրը լուծել, որովհետեւ առաջնահերթութիւն չէ: Սակայն քանի որ մեր համար կարեւոր է՝ պէտք է բարձրաձայնենք, պահանջենք, թէեւ մինչ այժմ հիմնականում բախուել ենք պատին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այդուհանդերձ, դրական կարելի է համարել փաստը, որ միջազգային իրաւապաշտպան որոշ կառոյցներ անդրադարձել են Արցախի ՄԻՊ գրասենեակի՝ ապրիլեան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների մասին զեկոյցին:

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Արցախի Մարդու իրաւունքների երկրորդ պաշտպանը հրապարակել էր ծաւալուն ու համապարփակ զեկոյց՝ ապրիլեան պատերազմի ժամանակ մարդու իրաւունքների կոպիտ ու զանգուածային խախտումների վերաբերեալ: Այնտեղ բազմաթիւ փաստեր կան, եւ այդ զեկոյցը ներկայացուել է տարբեր իրաւապաշտպան կառոյցների, նաեւ՝ Եւրոպական խորհրդարանում: Իրաւապաշտպան որոշ կառոյցներ, այդ թւում՝ «Ֆրիդը՛մ Հաուզը», «միջազգային ճգնաժամային խումբը» եւ մի քանի այլ կազմակերպութիւններ յղում են կատարել զեկոյցին: Սակայն կարեւոր է, որ իրենք հետեւողական լինեն, ոչ թէ մէկ անգամ անդրադառնան՝ այլ հետեւեն, թէ Ադրբեջանը ինչպէս է վերաբերում արցախցիների հետ, քանի որ կայ հայատեացութեան քաղաքականութիւն, որը բաւական լուրջ հիմք է ստեղծում կասկածելու, որ ապագայում Ադրբեջանի գործողութիւնները կրկնուեն:

Շատ կարեւոր է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դերը Արցախի տարբեր խնդիրների լուծման հարցում: Հայաստանեան իմ գործընկերն ակտիւօրէն Արցախի մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցը բարձրացնում է տարբեր միջազգային ատեաններում:

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031