Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգերի սահմանագծին

Օգոստոս 06,2019 10:00

Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետի ելույթն, իհարկե, հետաքրքիր էր եւ արժանի է առանձին վերլուծության: Բայց ավելի ուշագրավ էին կիրակի օրը նրա հնչեցրած գնահատականներն այն մասին, որ երկիրը «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»: «Կաթվածահար» եւ «ձախողված» մակդիրների մեջ, անշուշտ, կա քարոզչական չափազանցություն եւ ներկա իրավիճակը «անցյալի ծանր ժառանգությամբ» արդարացնելու փորձ: Իր եզրակացությունները Փաշինյանն արել է 2014 թվականի «գաղտնի զեկույցի» հիման վրա, սակայն որքան ես գիտեմ, նման զեկույցների վերաբերյալ կա՛մ պաշտոնապես որոշում է ընդունվում գաղտնազերծել (օրինակ, վերջերս Թրամփի հրամանագրով գաղտնազերծվել է Քենեդիի սպանության վերաբերյալ Ուորրենի հանձնաժողովի զեկույցի մի մասը), կա՛մ ընդհանրապես չի խոսվում: Բնական է, որ վարչապետի գնահատականներից «նախկինները» նեղվեցին եւ սկսեցին իրենց հակաքարոզչությունը՝ թե իրենց ժամանակ պետական ինստիտուտները հրաշալիորեն գործում էին, ինչը նույնպես, կարծում եմ, ծայրահեղական տեսակետ է:

Բայց ես միշտ փորձում եմ մաքրել քաղաքական գործիչների ասածները քարոզչական կեղեւից եւ գտնել դրանց միջի ռացիոնալ հատիկը: Իսկ տվյալ դեպքում ռացիոնալ հատիկն այն է, որ հին համակարգը թեեւ բացահայտել է իր աղաղակող թերությունները եւ մեծ հաշվով՝ անարդյունավետությունը, այն ինչ-որ ձեւով ինչ-որ խնդիրներ լուծում էր: Հին համակարգը հիմնված էր «սեւ», չվերահսկվող (որպես կանոն՝ կոռուպցիոն) փողերի շրջանառության վրա: Եթե ինչ-որ տեղ վիճակը դառնում էր փակուղային, ոլորտի պատասխանատուն, որը մինչ այդ կուտակել էր հսկայական կապիտալ՝ այդ նույն ոլորտը կողոպտելով, «իր սեփական միջոցներով» (այսինքն՝ կողոպտածի մի մասով) կարողանում էր կարկատաններ անել եւ հարցերը լուծել «ախպերական» ձեւով: Այդպես չէր կարող շարունակվել, եւ այդ համակարգը վաղ թե ուշ պիտի պայթեր: Դրա փոխարեն ստեղծել այնպիսի «սպիտակ» համակարգ, որը գործում է քաղաքակիրթ երկրներում՝ ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է: Բայց նախեւառաջ թույլ տվեք կասկած հայտնել՝ արդյոք մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում:

… 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով: Դա, իհարկե, շատ լավ է: Բայց վերը նշված տրամաբանությամբ՝ եթե պետական համակարգն ունի նկարագրված արատները, ապա այդ ավելացումը վճռական նշանակություն չունի: Ենթադրենք, բաժակը լցվում է ոչ թե 75, այլ 100 տոկոսով: Եթե այն ծակ է, ջուրը, միեւնույն է, թափվելու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garo says:

    Փաշինյանը պրիմիտիվա, Քոչարյանը ճիշտա ասում:
    Կոռուպցիան եղելա, բայց առանց դրա պետական ապարատը ուղղակի կփլուզվեր:
    Պատկերացնենք 2000թիվ ավտոտեսուչը ստանումա 7000հազար դրամ աշխատավարձ: Ու իրան արգելում են կաշառք վերցնել: Երկիրը կմնար առանց ավտոտեսուչ, բոլորը աշխատանքից դուրս կգաին:
    Հիմա 120հազար են ստանում կաշառք չեն վերցնում բայց չենել աշխատում, վթարների ու զոհերի թիվը ամսեամիս աճումա:

    Եթե դու գալիս ես երկիր ղեկավարելու պետք ելնես նրանից ինչ կա, ոչ թե ընկնես երազանքների գիրկը ու 15եվրո աշխատավարձ ստացողից պահանջես որ ինքը աշխատի ոնց որ իր 5000եվրո ստացող դանիացի կոլեգան:

    Նիկոլը 15ամիս հետո կամաց կամաց տենց բաները հասկանումա:
    Ասումա դե ՊԵԿ-ին պիտի բարձր տանք որ լավ աշխատեն, դատավորներին 3միլիոն տանք որ կաշառք չվերցնեն, մարզպետներին արժանավայել տանք որ կաշառք չվերցնեն:
    Բայց ռեսուրսը անսահման չի, բոլորի աշխատավարձը չի լինի բարձրացնել:

    Էտ դեպքում հենց իր ասածից բխումա, որ ով արժանավայել աշխատավարձ չի ստանում իրավունք ունի կաշառք վերցնի:
    Ասենք 80հազար դրամ ստացող ուսուցիչը բարոյական իրավունք ունի, 3միլիոն ստացող դատավորից կաշառք պահանջի որդուն բարձր գնահատական նշանակելու համար:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Մի խոսքով, կեցցե կոռուպցիան՝ պետական ապարատի ողնաշարը: 🙂

      Այս տրամաբանությամբ կարելի է արդարացնել ամեն ինչ՝ անօրինականությունը, բռնությունը, հետամանացությունը, տգիտությունը, կրոնը եւ նույնիսկ … մարդակերությունը: Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետության բռնապետ Բոկասսան սովորություն ուներ ուտել ընդդիմության առաջնորդների միսը՝ բառիս բուն իմաստով, կամ էլ կերակրել նրանցով կոկորդիլոսներին ու առյուծներին: Իհարկե՝ իր փառապանծ պետական ապարատը կփլուզվեր, եթե նա չապխտեր ընդդիմադիրներին ու իր պետականակերտ գլխին չդներ 2000 ադամանդներով զարդարված ու 5 մլն. դոլլար արժողությամբ թագը…

    • Ջորդանո Գալիլյան says:

      Փաշինյանը պրիմիտիվա, Քոչարյանը ճիշտա ասում: Կոռուպցիան եղելա, բայց առանց դրա պետական ապարատը ուղղակի կփլուզվեր

      El único guerrero en la isla primitiva y revolucionaria.
      Հերձումը ցույց կտա, թե ինչքանով է ճիշտ մեկը եւ որքան պրիմիտիվ՝ մյուսը:
      Բայց տվյալ դեպքում ինձ հետաքրքրում է, թե ինչպես է փլուզվում մեր գրական լեզուն՝ փողոցահայերենի պրիմիտիվ ճնշման տակ…

  2. Ruben says:

    Յուրաքանչյուր ընտրող (քաղաքացին և գյուղացին) արժանի է իր ընտրյալին:
    Վերջին երեսուն տարում սելվորները ստանձնել են չոբանի պարտավորություններ:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    արդյոք մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում:

    Մեր քաղաքացիները հո «գործ տվող» չեն, որ ամերիկացիների կամ գերմանացիների պես օրինապաշտ լինեն: Մեր քաղաքացիների պատկերացումները շաղախված են միջնադարյան ադաթներով ու կրոնական անհեթեթություններով, բայց ուզում են ապրել «անաստված» շվեդների ու հոլանդացիների կառուցած համակարգում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031