Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն Արցախում հրապարակեց 6 կոնսենսուս եւ ակնարկեց ինչ-որ մեկին. «Չի կարելի դա հանդուրժել»

Օգոստոս 05,2019 22:00

Չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն է մատուցում ժողովրդին եւ հայրենիքին, եւ հետո այդ ծառայությունը փորձում վաճառել՝ արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով

Արցախում համահայկական խաղերի բացմանն ընդառաջ հրավիրած հանրահավաքում այսօր Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ-ին, Սփյուռքին եւ Արցախին, ներկայացրեց մի շարք կոնսեսուսները, որոնց, շուրջ, իր բնորոշմամբ, ազգային համաձայնություն պետք է լինի: Դրանք են.

  1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ նետվեն հայ ժողովրդի պատմության աղբանոցը: Կա միայն մի բացառություն՝ օրինական բռնությունը՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման համատեքստում:
  2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն են: Ժողովրդի աղճատման ամեն փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Կարեւոր եմ համարում Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ազատ, մրցակցային եւ ժողովրդավարական միջավայրում: ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր:
  3. ՀՀ-ի եւ Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական հարցեր լուծելուն, որոնք հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, կարժանանան հայ ժողովրդի լեգիտիմ կառավարության կոշտ հակազդեցությանը:
  4. ՀՀ-ն եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, որի բոլոր դրսեւորումները՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, պետք է արմատախիլ արվեն, իսկ կոռուպցիայի հետեւանքով պետության հասցված վնասները պետք է վերականգնվեն:
  5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը պետք է դառնան ազգային հարաբերությունների առանց: Արտաքին եւ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար: ՀՀ-ում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ: Հայությունը շատ արժանավոր զավակներ ունի, բայց անընդունելի է հետեւյալը: Չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն է մատուցում ժողովրդին եւ հայրենիքին, եւ հետո այդ ծառայությունը փորձում վաճառել՝ արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով…
  6. Գլխավոր կոնսենսուսը. Արցախի հարցի բանակցությունների արդյունքում ՀՀ-ի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն ՀՀ-ում եւ Արցախում ժողովրդական հավանության արժանանալու դեպքում: Անիմա՜ստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որեւէ հնարավոր դավադրության մեջ: Դավադրությունը բացառված է մեր կառավարության ծագումնաբանության բերումով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031