Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը:
1959թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի է անցնում Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնում՝ իր մասնակցությունը բերելով Ռաֆայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Մանուկ Աբեղյանի երկերի լիակատար ժողովածուների գիտական հրատարակությանը:
1973թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում ‹‹Ավետիք Իսահակյանը և ժողովրդական էպոսը›› թեմայով:
1980-ական թվականներից Հասմիկ Աբեղյանը ամբողջապես նվիրվում է Հովհաննես Թումանյանի 10 հատորով երկերի լիակատար ժողովածուի կազմման աշխատանքին, որի ավարտից հետո մասնակցում է Թումանյանի կյանքի և ստեղծագործության քառահատոր տարեգրության կազմմանը:
Բնությունը նրան օժտել էր նաև դերասանական ձիրքով: 1960 թվականից լինելով թատերական գործիչների միության անդամ, մոտ երեք տասնամյակ Հայկական հեռուստատեսության մանկապատանեական հաղորդումների բաժնում և «Հայֆիլմ» ստուդիայում մասնակցել է տարբեր դերերի ձայնագրմանը և հայկական ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը, որոնցից հայտնի է հատկապես «Պինգվին Վինը»:
2015թ. լույս տեսավ նրա ստեղծագործական անցած ուղու հանրագումարը եղող ‹‹Օրերս ինձ հետ են›› հուշագրությունը, իսկ 2017թ. ‹‹Համբուրգյան մտորումներ››՝ Գերմանիայից ստացված տպավորությունների գրքույկը:
Հասմիկ Աբեղյանը կյանքից հեռացավ որպես պատգամ թողնելով գիտության աբեղյանական ավանդները և չափանիշները:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
Հոգեհանգիստը օգոստոսի 9-ին, ժամը 18.00-20.00 Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին Կորյունի 6 ա շենքից, ժամը 13.00-ին: