Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը աշխատանքային կարիերան սկսել է իր ծննդավայր Կապանից։ Քննիչ, ապա 30 տարեկանում Կապանի տարածաշրջանի դատախազ։ Այն ժամանակ նրա նշանակումը սենսացիա էր, քանի որ հանրապետության ամենաերիտասարդ դատախազն էր։ Դատախազ նշանակվեց պատասխանատու մի ժամանակաշրջանում՝ 1991թ-ին, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը գագաթնակետին էր հասել։
Պատանդներ, կրակոցներ, բանակցություններ՝ հենց առաջնագծում։ 1999 թվականին նշանակում է ստանում գլխավոր դատախազությունում, տեղափոխվում Երեւան, այնուհետեւ Լոռու մարզի դատախազ, նորից գլխավոր դատախազություն, 2010 թվականից ՀՀ նախագահի հրամանով դատավոր է նշանակվել։
Ի դեպ, 2 անգամ եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ Արթուր Մկրտչյանը աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ։ 1999 թվականի օգոստոսին, վերաքննիչ դատարանում, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցն էր, այն ժամանակ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը չառարկեց՝ Փաշինյանի ազատազրկման կիրառումը մեկ տարով հետաձգելուն, որը հետագայում չկիրառվեց։
2018 թվականի հոկտեմբերին արդեն դատավոր Արթուր Մկրտչյանի որոշմամբ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվեց ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեզովը։ Սա Հայաստանում առաջին դեպքն էր, որ ցմահ դատապարտյալ ազատվեց։ Ի դեպ, նկատենք, որ 2019թ-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի բացարկից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը Արթուր Մկրտչյանին մակագրվեց։
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ