Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Պետրոսյանից որեւէ մեկը համարձակություն չէր ունենա ցուցմունքներ կորզել». Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել՝ այդպես էլ ցուցմունք չտալով

Օգոստոս 05,2019 18:30

Երեկ կալանքից ազատ արձակվեց Մարտի 1-ի սպանության համար առաջին կալանավորվածը՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նա այդպես էլ որեւէ ցուցմունք, որեւէ տեղեկություն չի տվել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այդ դեպքում թե ինչո՞ւ Գեղամ Պետրոսյանի կալանքի ժամկետը չերկարացրեցին՝ Վաղարշակ Գեւորգյանն այսպես բացատրեց. «Իմ կարծիքով, հավանաբար, կալանքի տակ պահելու հիմքերը վերացել էին: Թեեւ այս երկու ամսվա ընթացքում բացարձակապես ոչինչ չէր փոխվել, բայց արի ու տես, որ համոզման եկան, որ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է: Ես եզրակացության եկա, որ նոր ապացույցներ, ըստ երևույթին, չեն հավաքել՝ հիմնավոր կասկածը չկա այն մեղադրանքի, որն առաջադրել են Գեղամ Պետրոսյանին, նաեւ չէին կարող հիմնավորել, որ անհրաժեշտ է էլի կալանքի տակ նրան պահել: Դրա համար էլ կալանքի տակ պահելու ժամկետը չեն երկարացրել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Գեղամ Պետրոսյանը ձեզ ինչ-որ բան պատմե՞լ է՝ նրանից, օրինակ, փորձե՞լ են ցուցմունք կորզել, համոզել, որ խոսի՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Նախ, Գեղամ Պետրոսյանից որեւէ մեկը համարձակություն չէր ունենա ցուցմունքներ կորզել՝ իմանալով, որ դա շատ վատ հետեւանքներ էր ունենալու, իսկ առհասարակ նման փորձ որեւէ մեկի կողմից չի արվել»:

Գեղամ Պետրոսյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, ր իրեն խոստացել են մեկ ամսից մեղադրանքը հանել, երբ հարցրել էին՝ ո՞վ է նման խոստում տվել՝ նա ասել էր՝ իմ պաշտպանը:

Մեր հարցին՝ ձեզ որտեղի՞ց այդ վստահությունը, որ նման խոստում եք տվել՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Ճիշտ է ասում, մենք քննարկել ենք խափանման միջոցի հետ կապված իրավիճակը, նա իմ կարծիքն էր փորձում հստակեցնել՝ լավ, ասենք, խափանման միջոցը փոխվեց, դա դեռեւս հարցի լուծում չի, ի՞նչ է լինելու հետագայում, մենք քննարկեցինք, որ գուցե 20 օրում, մեկ ամսում…ենթադրությունը ավելի շատ նրա վրա էր, որ նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը պետք է դադարեցնի: Ավելի հավանականությունը դա է, քան կարող էր այդ մեղադրական եզրակացությամբ գործը մտնել դատարան»:

Գեղամ Պետրոսյանի պաշտպանի խոսքով՝ «Ուզեն թե չուզեն՝ մեղադրանքը պիտի հանեն, որովհետեւ իրականության մեջ այդ դեպքը տեղի չի ունեցել, մեղադրանքը, որն իրենք ներկայացնում են, որ Գեղամ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի միջեւ դեպք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել, ես ասում եմ՝ չեն կարողանալու որեւէ վկա հայտնաբերել: Եթե մի բան տեղի չի ունեցել, ի՞նչ ապացույց կարող ճարել, հո Կիկոսի մահը չի՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031