Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը նպատակահարմար գտներ՝ կհրապարակեր». Վլադիմիր Կարապետյանը՝ գաղտնի փաստաթղթի անունը հրապարակելու հորդորներին ի պատասխան

Օգոստոս 05,2019 16:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի օրոք կազմած գաղտնի փաստաթղթի մասին, քննարկումների տեղիք է տվել:

Քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը կազմել են 2014-ին ու անգամ փաստաթղթի անունը չհայտնեց՝ նշելով, որ այդ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ ճիշտ չի համարում  նույնիսկ անունը բարձրաձայնել, սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Նախկին իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ գաղափար չունեն, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, եւ դրա բովանդակությունը, համենայնդեպս, այն ամենը, ինչ գաղտնազերծեց վարչապետը, իրենց բացարձակ անծանոթ է:

Սահմանադրական դատարանը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին որոշում ունի հրապարակած, թե փաստաթղթի որ մասը պետք է հանրայնացնել, որը՝ ոչ: Խոսքը ՍԴՈ-1010 որոշման մասին է, որն ընդունվել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» դիմումի հիման վրա: Այդ որոշմամբ ՍԴ-ն փաստում է, որ «Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը: Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Դիմողը ՍԴ էր դիմել, որովհետեւ գտնում էր, որ նման իրավակարգավորման պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ: Դիմողը նշել էր նաեւ՝ «քանի որ գաղտնիք է թե` ի՞նչն է գաղտնի տեղեկություն, ապա հասարակության անդամներին հայտնի յուրաքանչյուր տեղեկություն որոշակի հավանականությամբ կարող է ընդգրկված լինել այդ ցանկերում»;

Այդ գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճը մասնավորապես առաջադրում էր հետեւյալ իրավական հարցադրումները՝ արդյո՞ք  գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերն ինքնին իրենցից ներկայացնում են տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակում, այլ կերպ ասած՝ հանրությունը գոնե կարո՞ղ է տեղեկանալ գաղտնագրված փաստաթղթի վերտառությանը, իրավաչա՞փ է, արդյոք, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի գաղտնագրումն ու ոչ հրապարակային բնույթը:

ՍԴ-ն որոշել էր, որ «Գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, եւ դրանց ոչ հրապարակային բնույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ եւ խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»:

Այսինքն, եթե խոսքը կոնկրետ տեղեկության մասին չէ, դրանք հրապարակային պետք է լինեն:

Հետեւաբար, Aravot.am-ը, հղում անելով ՍԴ-ի այս որոշումանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ գոնե կարո՞ղ ենք իմանալ, թե ո՞ր փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե վարչապետը նպատակահարմար գտներ՝ կհրապարակեր»:

Նա հորդորեց բովանդակության մեջ խորանալ, փաստերը համադրել, վերլուծել, ոչ թե փաստաթղթի անունը պարզել:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031