Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտեցման մեր ըմբռնումը

Օգոստոս 05,2019 16:25

Ցավալի բան է. Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, հենց հիմա այրվում է երեք միլիոն հեկտար անտառ: Դրանք բրազիլական անտառների հետ մեր ընդհանուր մոլորակի թոքերն են: Հավանաբար հենց այդ գիտակցմամբ՝ ԱՄՆ նախագահը զանգում է ՌԴ նախագահին ու աջակցության առաջարկ անում հրդեհը շիջելու համար: Ռուսաստանը քաղաքավարիորեն մերժում է, քանի որ վստահ է, թե դա միայն Ռուսաստանի գործն է, ինչպես որ իր գործն է հետխորհրդային երկրների ու ժողովուրդների ճակատագրերը տնօրինելը:

Երեք միլիոն հեկտար տարածքը երեսուն հազար քառակուսի կիլոմետր է, նույնիսկ մի քիչ ավելի, քան Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Ռուսական պատկան մարմինները հայտարարում են, թե ավելի նպատակահարմար է, որ այրվի այդ տարածքը, քան հանգցնեն հրդեհը, քանի որ անտառը փրկելու ծախսերն ավելին են, քան դրա համար անհրաժեշտ միջոցները: Մոտեցման խնդիր է: Այդ հակաքաղաքակրթական մոտեցումը տեսնում է աշխարհը: Դա տեսնում ենք նաև մենք, որքանով մենք էլ աշխարհի մաս ենք:

Բայց մենք պարտավոր ենք այդ մոտեցումը տեսնել ավելի լրջորեն ու խորությամբ: Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանը համարվում է ամենապայթունավտանգներից. շուրջբոլորը եռքի մեջ է, Ադրբեջանում և Հայաստանում կուտակված են սարսափելի քանակությամբ զենք և փոխադարձ ատելություն: Դրանք կոսմետիկ չափաբաժիններով երբեմն ճայթում են սառեցված պատերազմի պայմաններում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ճիշտ ռուսական անտառների չափով մեր երկիրը հայտնվի կրակների մեջ, ուր մարդկային գործոնը չի բացառվում, ինչպես չբացառվեց ռուսական անտառների և մեր ապրիլյան քառօրյայի դեպքերում: Ո՞վ է տվել այն երաշխիքը, թե Ռուսաստանը նույնպիսի մի հաշվարկով չի որոշի, թե հանգցնելն ավելի ծախսատար է, քան այրվելը, ոչնչանալը: Չէ՞ որ հաշվելու այդ մոտեցմամբ Հայաստանի բնակչությունը Մոսկվայի մի արվարձանի չափ էլ չկա: Եվ ոչ միայն ինքը չի հանգցնի, ամենայն հավանականությամբ, իր հրկիզածը, այլև նույն քաղաքավարությամբ կմերժի այլոց առաջարկները, ինչպես ԱՄՆ նախագահին մերժեց անտառների հրդեհի պարագայում, քանի որ անտառնել էլ է իրենը համարում, Հայաստանն էլ, Կովկասն էլ, Ուկրաինան էլ, Միջին Ասիան էլ:

Այստեղ խնդիրը Ռուսաստանի մոտեցումը չէ, դա ասիական կայսերական վաղուց հայտնի մոտեցում է, խնդիրն այդ մոտեցումը վերջապես ըմբռնելու մեր կարողությունն է, որ պետք է ձևավորված և ամրացած լիներ մեր պետականության 30 տարվա ընթացքում: Այսպես մենք կորցնում ենք ազգային և պետական նույնիսկ ինքնապահպանման բնազդը: Մեկ անգամ էլ նայենք՝ երեք միլիոն հեկտարը երեսուն հազար քառակուսի կիլոմետր է, մի ամբողջ Հայաստան՝ մեր վերջին հենակետն այս մոլորակում, որի կրակը հանգցնելուց մեր «ռազմավարական դաշնակիցը» հրաժարվում է:

Միքայէլ Հայրապետեան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ձեր նման մի քանի տասնյակ ,,այդպես ,,բիզ-բիզ,, անի,հաստատ Ռուսաստանը ,,կրակը,,չի հանգցնի:Վերջապես մետք է որոշենք՝Ռուսաստանին դաշնակից ենք ընդունում ,թե?…..:ԱՄՆ-ն իր ամենտարյա կալիֆորնական հրդեհները չի կարողանում հանգցնել,մինչև բնությունը՝անձրևները օգնության չեն հասնում:Մյուս կողմից էլ,դա արտահայտել է միջին մակարդակի ռուսական չինովնիկ,իսկ Դուք որպես ռուսական քաղաքականություն եք ներկայացնում…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031