Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ բացարձակապես ծանոթ չէր իր ասած բովանդակությունը». Դավիթ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասած գաղտնի փաստաթղթի մասին

Օգոստոս 05,2019 16:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, խոսելով  Սերժ Սարգսյանի օրոք՝ 2014-ին կազմած գաղտնի փաստաթղթի մասին, ուշագրավ հայտարարություն արեց: Նախ, նա ասաց, որ այդ փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ ճիշտ չի համարում անունը նույնիսկ բարձրաձայնել. «Այդ փաստաթուղթը կարեւոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարեւոր էր արձանագրել, եւ այս փաստաթուղթը նաեւ այդ առումով է կարեւոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետեւյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է:

Aravot.am-ը նախկին կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախրար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ 2014-ին, երբ այդ փաստաթուղթը կազմվել է, դուք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էիք, տեղյակ եղե՞լ եք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են, եւ մեր երկիրն էլ ձախողված է: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ինձ բացարձակապես ծանոթ չէր իր ասած բովանդակությունը, ես ուրախ կլինեի տեսնելու բուն փաստաթուղթը: Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ գաղտնի բան կա»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն անգամ փաստաթղթի անունը չի ասում, որ պարզ լինի՝ ո՞ր փաստաթղթի մասին է խոսքը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ընդհանրապես գաղտնի փաստաթղթերի ցանկը շատ հստակ է, հակառակ պարագայում ցանկացած փաստաթղթի մասին կարելի է ասել՝ գիտեք, շատ գաղտնի է: Մենք դրա հետ կապված ունենք հստակ կարգավորումներ՝ որոնք են գաղտնի փաստաթղթերը, եւ եթե դա այդքան հույժ գաղտնի փաստաթուղթ է, առնվազն պետք է հղում արվի օրենսդրությանը, թե որ կետի հիման վրա կամ կառավարության ո՞ր որոշմամբ է սահմանված, որ սա գաղտնի փաստաթուղթ է: Այդ մասին մենք ունենք շատ հստակ կարգավորումներ»:

Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց որոշ բաներ այդ փաստաթղթից, որ մեր երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է եւ պետական ինստիտուտները կաթվածահար են, ձեզ ծանոթ չէ՞ այդպիսի փաստաթուղթ, որը ձեր իշխանության ժամանակ կազմվել է՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես համենայնդեպս չկարողացա նման փաստաթուղթ մտաբերել»:

Հարցին՝ ձեր կառավարությունը երկրում տիրող իրավիճակի մասին փաստաթղթեր կազմե՞լ է՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ գաղափար անգամ չունի, թե ինչ փաստաթղթի մասին կարող էր խոսքը լինել: Դավիթ Հարությունյանը հորդորեց, որ վարչապետը հրապարակի փաստաթղթի անունը:

Մեր հարցին՝ ձեր գնահատմամբ, ձեր իշխանության տարիներին՝ 2014-ին երկրում այդքան մտահոգիչ իրավիճակ եղե՞լ է, այն աստիճան, որ երկիրը որակվի ձախողված, կաթվածահար պետական ինստիտուտներով, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, Սահմանադրական դատարանը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին որոշում ունի հրապարակած, թե փաստաթղթի որ մասը կարելի  է հանրայնացնել, որը՝ ոչ: Այս մասին մանրամասները եւ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031