Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթակա ԶԼՄ-ներն իրենց հրապարակումներով հուշում են, որ Փաշինյանի կամքն է՝ Արցախի ղեկավարության փոփոխությունը: «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ազատամարդիկ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը: «Նա Բակո Սահակյանի դեմ արշավ է սկսել: Նիկոլը դեռ մեկ տարի առաջ թուլացրել է Բակո Սահակյանի իշխանությունը՝ նրան ստիպելով հայտարարել, որ 2020թ.-ի նախագահական ընտրություններին չի մասնակցելու: Նիկոլը մտադիր է ղեկավարել Արցախի քաղաքական գործընթացները»,-համոզմունք հայտնեց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի ներքաղաքական պայքարում հենվում է Սամվել Բաբայանի վրա, որովհետեւ նա հակակշիռ է Արցախի ներկա եւ նախկին նախագահներին, Սերժ Սարգսյանին եւ Ռոերտ Քոչարյանին. «Սամվել Բաբայանն ազգային մարդ է, հերոս է, նա կուլ չի գնալու Նիկոլ Փաշինյանին, որն այս հարցում սխալվելու է»:
Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց. «Ազատամարտից հետո առաջին անգամ պատրաստ չենք պատերազմի: Երկու աթոռով ճաշարան բացելը բանակի մարտունակություն չէ, զինվորի բարեկեցություն չէ: Դա ամենասխալ բանն է, որ կատարել են բանակի հանդեպ: Մարտական պատրաստության ցուցակ գոյություն ունի, ըստ որի՝ երեսուն րոպեից ավելի զինվորը ճաշարանում չպետք է գտնվի: Պատկերացնո՞ւմ եք՝ որքա՞ն է տեւելու սկուտեղներով սննդին մոտենալը եւ հերթ կանգնելը: Բա մարտական պատրաստությամբ ո՞վ է զբաղվելու: Հրամանով նստում միանգամից ուտում են ու դուրս են գալիս, մատուցարանով ո՞նց են այդ ամենը քսան րոպեում անելու: Այդ սնունդ մատակարարող ընկերություններն էլ գործող նախարարների ընկերներն են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/389996695020655/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ