Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Զբաղվածության պետական աջակցության բարեփոխումների բացակայությունը շղարշվում է պոպուլիզմով

Օգոստոս 05,2019 14:49

Բազմիցս ենք հիմնավորել և փաստարկել զբաղվածության պետական քաղաքականության բարեփոխումների շարունակականության ապահովման առարկայական անհրաժեշտությունը: Նաև ներկայացրել ենք հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով, որոնք վերաբերում են զբաղվածության աջակցության պետական ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը:

Սակայն ակնհայտ է՝ նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո շարունակում են անտեսված մնալ զբաղվածության իրական բարեփոխումները, երկրորդ պլան են մղված այս ոլորտի պետական ծրագրերը:

Իրողությունն այն է, որ գործազուրկների թիվը չի նվազում, իսկ զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները համարժեք չեն թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունների կողմից այս ոլորտում դրված նպատակներին: Պետական բյուջեով զբաղվածության ծրագրերի համար նախատեսվում է տարեկան 1,7 միլիարդ դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 7400 դրամ: Մեր երկրում գործազուրկ են 230 հազար քաղաքացիներ, որոնցից շուրջ 65 հազարը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում:

Նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը կամ 440 միլիոն դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 1900 դրամ: Ավելին, հիմնական հանդիսացող՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրին հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 10 տոկոսը: Այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:

Պատասխանատուներն այս անթույլատրելի իրավիճակը շտկելու և ոլորտում մեկնարկած բարեփոխումները քրտնաջան աշխատանքով շարունակելու փոխարեն զբաղված են պոպուլիստական բացատրություններ ներկայացնելով:

Փաստն էլ այն է, որ կայուն զբաղվածության ապահովումը խոսելով չի ստացվում, իսկ զբաղվածության քաղաքականության ակնհայտ ձախողումները հնարավոր չի լինելու շղարշել ձևական օրակարգերով: Ապաշնորհ կառավարման հետևանքով, ականջահաճո խոստումների ու կարգախոսների ֆոնին՝ հարյուր հազարավոր գործազուրկներ չեն ստանում իրենց հասանելիք պետական աջակցությունը և շարունակում են աղքատ մնալ:

Ժամանակն անցնում է, իսկ խնդիրները կուտակվում են: Օր առաջ անհրաժեշտ է աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանությունը առաջնային օրակարգ վերադարձնել: Եղած խնդիրներին պատշաճ ուշադրություն է պետք դարձնել և առաջնային կյանքի կոչել հատկապես այն հավաքական լուծումները, որոնք գործազուրկների ու աշխատող աղքատների համար գործնականում կապահովեն շոշափելի արդյունքներ:
Այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն են դառնում մեր կողմից բազմիցս հիմնավորված և օրակարգ բերվող սկզբունքային մի շարք մոտեցումները:

Մասնավորապես, զբաղվածության ոլորտին հատկացվող պետական միջոցների ավելացմանը զուգահեռ, իրական կարիքների և առկա ռեսուրսների համակողմանի գնահատման հենքի վրա անհրաժեշտ է լիարժեք իրականացնել եղած ծրագրերը՝ յուրաքանչյուր գործազուրկի կայուն զբաղվածության կարիքների բավարարման վերջնանպատակով:

Զբաղվածության պետական ծրագրերն արդյունքի տեսանկյունից պետք է ենթարկվեն ամբողջական էլեկտրոնային և նպատակային կառավարման, իսկ բովանդակային առումով պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված:

Արդյունավետության տեսանկյունից ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է դիտվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը (օրինակ՝ առնվազն 3 տարի) այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտահարկով:

Մյուս կողմից՝ կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են աշխատատար ճյուղերը: Դրանք տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն՝ անկախ այն փաստից, որ աշխատավարձների մակարդակը որոշակիորեն ցածր է, քան գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում։ Նույնիսկ եթե շահութաբեր չեն, պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք:

Էապես կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրման, պետական մասնակցությամբ և արտոնություններ նախատեսելու միջոցով՝ սոցիալական ձեռնարկատիրության կայացմամբ և զարգացմամբ:
Նվազագույն աշխատավարձի կարգավորման նոր մոտեցումների հիմքում պետք է ընկած լինի գործատուի և աշխատողի միջև ստեղծված հավելյալ արժեքի արդար բաշխման գործառույթը, որն անմիջականորեն ենթադրում է՝

– նվազագույն աշխատավարձի չափի պարբերաբար բարձրացում՝ հիմքում դնելով կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքը,

– նվազագույն աշխատավարձի մեծության ազատում բոլոր տեսակի հարկերից և պարտադիր այլ վճարներից,

– եկամտահարկի պրոգրեսիվ հարկման սոցիալապես արդար համակարգի ներդրում՝ հակասոցիալական համահարթ եկամտահարկի փոխարեն,

– «նպաստ, թե՞ աշխատավարձ» երկընտրանքի ամբողջական լուծում՝ ի օգուտ օրինական աշխատանքի,

– ստվերային զբաղվածության և ոչ ֆորմալ վարձատրության կրճատում՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրմամբ:

Առարկայական անհրաժեշտություն է նաև սոցիալական գործընկերության զարգացումը՝ պետական աջակցությամբ արհմիությունների ինստիտուցիոնալ հզորացումը և դերի հետևողական բարձրացումը աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում: ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պետք է ներդրվի աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգ և այլն:

Ամփոփելով. իհարկե, այս մոտեցումներով առաջ գնալը բարդ է, բայց հնարավոր: Կարող է իրական արդյունքներ ապահովել: Սակայն առնվազն ենթադրում է համակարգված ու քրտնաջան աշխատանք, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների ու փորձի հետևողական ներդրում, բայց ոչ երբեք՝ պոպուլիզմի որևէ դրսևորում:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031