Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի ավարտական դասարանի 17 աշակերտ (5 աղջիկ եւ 12 տղա) այցելել է Հայաստան: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց արգենտինահայ մշակութային եւ հասարակական գործիչ, դերասան եւ ռեժիսոր Ջեք Պողոսյանը, որն ուղեկցում էր նրանց:
Նա հայտնեց, որ այս ուղեւորությանը աշակերտները պատրաստվել են մեկ տարի, նրանք աշխատել են ու գումար հավաքել հետեւյալ եղանակով. ամեն ուրբաթ դպրոցում ռեստորան է գործել, որտեղ մատուցվել են այդ աշակերտների ծնողների պատրաստած հայկական ուտեստները, իսկ աշակերտները հրամցրել են այդ ամենը եւ որպես մատուցողներ աշխատել ուրբաթօրյա ռեստորանում: Այստեղ հնարավոր է եղել համտեսել շիշ-քեբաբ, հումուս եւ այլ ուտեստներ:
Սա Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի սաների 51-րդ այցն է հայրենիք: Սովորաբար նրանք ճամփորդում են հուլիսին: Արգենտինայից ժամանած աշակերտները ի թիվս այլ տեսարժան վայրերի, եղել են Նորավանքում, Գառնիում, Գեղարդում, Հաղարծինում, Տաթեւում, Գորիսում եւ այլուր:
Մաքսիմո Սամուելյանը 17 տարեկան է: Նրան շատ էր դուր եկել Հայաստանը, հատկապես Երեւանը. «Հայաստանն ինձ ստիպում է ինձ հիշել իմ տատիկ-պապիկին եւ այն մասին, թե ինչու եմ եկել այստեղ: Հայաստանի առանձնահատկությունը նրա անվտանգությունն է, դու առանց որեւէ խնդրի կարող ես տեղաշարժվել ուր ուզում ես, եւ ոչ ոք քեզանից ոչինչ չի գողանա: Հուսով եմ մի օր կվերադառնամ, քանի որ սիրահարված եմ Հայաստանին»:
Կարդացեք նաև
Թալին Մասրյանը եւս հուզված էր այս այցից, հատկապես որ դասարանցիներով էին եկել հայրենիք: Նա նշեց, որ հասցրել է գիտելիքները խորացնել հայկական խոհանոցի ոլորտում, քանի որ ապագայում պատրաստվում է այդպիսի մասնագիտություն ստանալ: Թալինը հավելում է, որ բառեր չի գտնում Հայաստանից ստացած ուշագրավ տպավորությունները նկարագրելու համար:
Լուսինե Վեգան ասաւմ է, որ Հայաստան այցելելն իր ամենամեծ երազանքն էր եւ հիմա չի հավատում, որ այն վերջապես իրականություն է դարձել: Հավելում է, որ անպայման էլի կվերադառնա:
Մաթիաս Գեդիկյանի ձեւակերպմամբ, Հայաստանն առանձնահատուկ վայր է. «Այստեղ ամեն վայր այցելելուց հետո անմոռանալի հուշ է մնում, բայց նաեւ տխրում ես, ու վերադառնալու ցանկությունը հաստատ մեծ է»:
Վաչե Հովեյանը 4-րդ անգամ է Հայաստան գալիս, ասում է, որ ամեն տարի Հայաստանն իրեն ավելի է զարմացնում եւ ուրախացնում որպես երկիր: «Հատկապես իմ դասարանի հետ այցելելը ուրիշ փորձառություն է: Հայաստանում ամեն ինչ սիրելի է ինձ համար` ամեն ցայտաղբյուրից մինչեւ վերջին ծառը… Ես եւս ցանկություն ունեմ էլի գալ Հայաստան: Թեեւ Հայաստանը տնտեսական խնդիրներ ունի, բայց վստահ եմ, որ դրանք կլուծվեն, ինչի համար ժամանակ ու համբերություն է անհրաժեշտ»,-վստահ է Վաչե Հովեյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ջեք Պողոսյանը
Նման դեպքում, հայաստանցի դպրոցականները հույսը կդնեին պետության վրա … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան