Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք՝ Նիկոլ Փաշինյանը լավ բան կասի. Վահրամ Բալայան

Օգոստոս 05,2019 13:58

Այսօր երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու են նաեւ Արցախի ղեկավարները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: «Իմ կարծիքով`այո: Ես որքան տեղյակ եմ`այո, մասնակցելու են»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք`իսկ ՀՅԴ-ն որոշում ունի՞ հանրահավաքին մասնակցելու: «Հանրահավաքը հանրային միջոցառում է, ՀՀ վարչապետն էլ խոստացել է կարեւոր բան հաղորդել: Բնականաբար, հետաքրքրիր է, եւ բոլորն էլ ցանկություն ունեն մասնակցել եւ իմանալ`այդ կարեւոր բանը ո՞րն է»,- ասաց Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել , որ իր ղեկավարած կուսակցությունը ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին կմասնակցի 10 հազար մարդով: Արայիկ Հարությունյանը համարվում է ՀՀ իշխանությունների կողմից հովանավորյալ թեկնածու`Արցախում հաջորդիվ կայանալիք նախագահական ընտրություններում: Մեր զրուցակիցը նկատում է` հանրահավաքը բազմամարդ է լինելու, քանի որ հասարակության տարբեր շերտերի մոտ հետաքրքրությունը մեծ է: Բացի այդ, տարբեր երկրներից ժամանած 5 000 մարզիկներ կան այս օրերին Ստեփանակերտում: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի`ՀՀ իշխանությունների հովանավորյալ լինելուն, Վահրամ Բալայանն ասում է`համացանցից եւ լրատվամիջոցներից է տեղեկացել այդ մասին, բայց դա ապացուցող փաստեր իր ձեռքի տակ չունի:

Այսօր հայտարարություն է տարածել նաեւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը : Նա եւ իր համակիրները նույնպես մասնակցելու են այսօրվա հանրահավաքին`«հակահեղափոխական տարրերին» իրենց տեղը ցույց տալու համար: Սա ավելորդ լարվածություն կմտցնի՞ իրադարձություններում,հետաքրքրվեցինք Վահրամ Բալայանից: Պատասխանն այսպիսին էր. «Ես, ապրելով Արցախում, այս քաղաքում`այդպես էլ չհասկացա, թե այդ հակահեղափոխականներն ովքե՞ր են կամ ի՞նչ են արել: Գիտեք, եթե օրինակ մեկը կարծիք է հայտնում, եւ այդ կարծիքին ինչ-որ մեկը հակառակ միտք է արտահայտում, ի՞նչ է, նա հակահեղափոխակա՞ն է կամ թշնամի՞: 21-րդ դարում ազատ խոսքը, ազատ մտածելակերպը, կարծիք հայտնելը առօյա բան են, տեսեք , թե աշխարհն ինչպե՞ս է ապրում: Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ Արցախում կան ուժեր, կազմակերպված ուժեր, որոնք չցանկանան, որ երկիրը չզարգանա, առաջ շարժվի: Գուցէ կան անհատներ, որոնք իրենց մտածելակերպից ելնելով այդպես են մտածում, բայց հակահեղափոխական այստեղ փնտրելն իմաստ չունի»: Նկատեցինք`հակահեղափոխական են համարվում նաեւ ՀՅԴ-ականները, որոնք շատ հարցերում եղել եւ մնում են ՀՀ-ի նախկին եւ Արցախի ներկայիս իշխանությունների կողքին: «Եթե Դաշնակցությունը պաշտպանում է ամենամեծ արժեքը`երկրի շահը, պետականությունը եւ դրա համար պետք է հակահեղափոխական կոչվի, թող այդպես կոչվի: 1890 թվականից սկսած առաջնային է եղել մի բան`ազատագրել հայրենիքը եւ պետականություն ունենալ: Մենք շարունակում ենք այդ գիծը վարել, թե մնացածներն ի՞նչ գնահատական կտան`դա ՀՅԴ-ին չի վերաբերում: Թող մնացածներն անեն ՀՅԴ-ի արածի 5 կամ 1 տոկոսը, հետո գնահատականներ տան: Ես համոզված եմ, որ հանրության մի ստվար զանգված ըստ արժանվույն է գնահատում ՀՅԴ-ին, եւ ՀՅԴ-ն կշարունակի իր գիծը`հանուն ազգային շահերի ու նպատակների»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցրինք նաեւ`իր կարծիքով ի՞նչ է ասելու ՀՀ վարչապետն այսօր Արցախում, կամ ի՞նչ են արցախցիներն ակնկալում լսել Նիկոլ Փաշինյանից: «Երեւի միասնության մասին կամ Արցախի հարցի հետ կապված: Դժվար է կանխատեսել, թե ի՞նչ պիտի ասվի: Համենայնդեպս, հուսանք, որ լավ բան պիտի ասվի»,- պատասխանեց Արցախի խորհրդարանի փոխխոսնակը: Իսկ դիտարկմանը`այսինքն, մտավախություններ չկա՞ն, այսպես արձագանքեց. «Այս տարածքում ապրող ժողովրդին պետք է լավ ուսումնասիրել եւ հասկանալ: Կարող է մարդը ոչինչ չխոսի, կարծիք չհայտնի, բայց ինքն  իր ճանապարհն ունի: Պատմության ընթացքում  էլ այստեղ ապրող ժողովուրդն ապացուցել է, որ ունի իր ճանապարհն ու ստրատեգիան, այդ ճանապարհով անցնում է, այդպես էլ կլինի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ստեփանակերտցիները ուշադիր կհետևեն, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ Փաշինյանի հովանավորյալը Հարությունյանն է։ Եթե դա հաստատվեց, ապա ՀՀ վարչապետը իմիջային լուրջ կորուստ կունենա Արցախում և անկում ապրած իմիջը վերականգնելն արդեն անհնար է լինելու։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031