«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը.
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019 թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները:
1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի – մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ Հայկական գործոնի, կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է կայանալ, եթե Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ։ Պատճառն այն է, որ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զինված ուժերի հասանելիության տարածքում է գտնվում Գանձակի հաղորդակցային հանգույցը, որտեղով անցնում է Մեծ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը։ Բացի այդ՝ Արցախի մասում Իրանի հետ սահմանային հատվածի շնորհիվ հայ-իրանական սահմանը նախկին Մեղրու նեղ ու խոցելի միջանցքի փոխարեն վերածվում է ավելի քան 150 կմ երկարությամբ աշխարհաքաղաքական կայուն հենարանի և կամրջի՝ էապես մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային կարողությունները։ Մինչդեռ Իրանի հետ սահմանի Արցախյան հատվածի կորուստը և այն օտարի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն խոցելի և երկրորդական է դարձնում մեզ։ Եթե Արցախն առնվազն ներկայիս տարածքով չլինի Երևանի լիակատար և ուղիղ կառավարման ներքո, էապես մեծանում են Արցախի նկատմամբ օտար վերահսկողություն, այդ թվում՝ զորքեր տեղակայելու միջոցով, հաստատելու գայթակղությունը և վտանգը։ Դա, իր հերթին, էապես մեծացնում է պատերազմի վտանգը։ Ուստի մեր համազգային օրակարգի առաջին և հիմնական հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության հետ Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր կառավարել Արցախի կեղծ ու արհեստական անկախությամբ պայմանավորված վտանգներն ու վնասները, ապա այսօր, նշված գայթակղություններով և հավանական զարգացումներով պայմանավորված, դրանց չեզոքացումն այլընտրանք չունի։ Որպեսզի Արցախի դե յուրե միացումն ավարտելու գործընթացն առավելագույնս արդյունավետ լինի մեր ազգային շահերի համար և ընկալելի ու ընդունելի լինի միջազգային իրավունքի և հարաբերությունների տեսակետից, դա պետք է անենք Հայաստանի 1-ին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Մենք Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդն ենք։ Մեր պետությունն օկուպացվել է 1920-21 թթ.։ Արցախը նրա օկուպացված տարածքի մի մասն էր, որ մենք ազատագրել ենք։ Եվ այդ ամենը արտահայտել ենք Արցախյան շարժման ընթացքում միացման համազգային նպատակով և, ի կատարումն դրա արձանագրված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով և Սահմանադրության նախաբանով։ Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող լինել բանակցությունների հիմք։ Մինսկի խումբը պետք է դառնա հակամարտության շփման գծի ապառազմականացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջնորդ և երաշխավոր՝ բացառելով Հայաստանի դեօկուպացված տարածքից զիջումները։ Միևնույն ժամանակ՝ Մինսկի խումբը պետք է տարածաշրջանում խաղաղության և ինտեգրացիայի երաշխավորման համար գործուն քայլեր կատարի տարածաշրջանային փակ զոնայի և ռումբի վերածված Նախիջևանի ապառազմականացման և նրանով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։
2) Այս համատեքստում և նշված հրամայականին համապատասխան՝ շատ կարևոր է դառնում Արցախում իշխանության ձևավորման հարցը։ Մենք այսօր այստեղ՝ ձեզ հետ միասին, ուղիղ ժողովրդավարության գործադրմամբ պետք է ընդունենք չափանիշներ և սկզբունքներ, որոնք պետք է պարտադիր դառնան Արցախի կառավարման համակարգի առաջիկա կերպափոխման համար։ Առաջինը, որ պետք է հաստատենք, նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին բացառելն է։ Նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած որևէ անձ չի կարող հավակնել Արցախի նախագահի, պատգամավորի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, որ մաս են կազմել իշխանության յուրացման, պետության զավթման, կեղեքման, թալանի, ապօրինության, ովքեր կապված են սպանությունների, բռնությունների, կամայականության և այլ ծանր ոճիրների հետ, պետք է մոռանան քաղաքականության մասին և մտածեն պատասխան տալու և իրենց մեղքերը քավելու մասին։ Նախագահի և այլ բարձր պաշտոնների հավակնորդներ կարող են լինել միայն նշվածից զերծ մնացած անձինք։ Արցախը Հայաստանի մի մասն է և Արցախում չեն կարող լինել ուրիշ, Հայաստանի մնացյալ հատվածի համար մերժելի երևույթներ և անձինք։
Կարդացեք նաև
3) Արցախի նոր Նախագահի և ամբողջ իշխանության հիմնական օրակարգը պետք է լինի Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն ապահովելը։ Այդ գործընթացը ենթադրում է պլանավորված կերպով Արցախի կեղծ անկախությունն ամրագրող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում և ինտեգրում Հայաստանյան իրավական համակարգի և ինստիտուտների մեջ։ Բնականաբար՝ առաջնահերթորեն պետք է վերացվեն մեր ազգային միասնությունը և արժանապատվությունը ոտնահարող անցակետ-մաքսակետերը, ռոումինգը և այլ արհեստական խոչընդոտներ։ Անշուշտ, միացման դե յուրե գործընթացը սառած կետից շարժելու հիմնական քայլը Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովումն է, որը պետք է առաջին հերթին կատարենք։ Հետագայում պետք է ամբողջությամբ միասնականացվեն իրավական համակարգերը, պետական կառույցները և այդպես մինչև վերջնական ինտեգրում։ Զուգահեռաբար՝ պետք է ամբողջ թափով ձեռնամուխ լինենք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, որ մինչ օրս արհեստականորեն ձախողվել է։ Այս հարցում առաջնային է արդեն վերաբնակեցվածների իրավունքների, մասնավորապես՝ սեփականության իրավունքով հողհատկացման իրավունքի, երաշխավորումը։
4) Այսօր այստեղ ներկա են նաև արտերկրաբնակ մեր հայրենակիցները, ուստի շատ լավ առիթ և հնարավորություն է անդրադառնալու նաև համահայկական օրակարգի որոշ կարևոր հարցերի։ Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ՝ համազգային ներառականության ապահովումն է։
Դրա համար առաջնահերթ է.
ա) ապահովել ընտրություններին և հանրաքվեներին արտերկրաբնակ քաղաքացիների մասնակցության իրավունքը,
բ) Արցախում և արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությամբ ընդունել նոր Սահմանադրություն, որը պետք է ամրագրի նաև արտերկրաբնակների ընտրվելու իրավունքը.
գ) ստեղծել մեծ հայրենադարձության պայմաններ և նախադրյալներ.
դ) ձևավորել Ազգ-բանակ համակարգ, որը հնարավորություն կտա համախմբելու, կատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ամբողջ ազգի բովանդակ պաշտպանական զորությունը.
ե) նշված քայլերին զուգահեռաբար ստեղծել պայմաններ և նախադրյալներ, որպեսզի ձևավորվի Հայաստանակենտրոն համահայկական ցանցը կամ Հայկական աշխարհը՝ մեր գոյության և ստեղծագործ զարգացման միակ և ամենաարդյունավետ կազմակերպվածքը։
«Սասնա ծռեր»