Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պետք է զգուշանա, որ երբ ժողովուրդը դադարում է սիրել առաջնորդին, քիչ ժամանակ անց, նրա հեռանալու պահանջն է դնում

Օգոստոս 04,2019 22:52

Թավշյա հեղափոխությանը հետևած մեկ տարի երեք ամիսն ավելի առատ էր դատական նիստերի, քան թե տնտեսական ձեռքբերումների աշխուժությամբ: Ընդունված կարգ է՝ նոր իշխանությունը նախորդի համեմատ պետք է ժողովրդին ավելի շատ «կերակրի»՝ կամ նյութական ձևով, կամ էլ նախկինների գործած մեղքերի բացահայտման և արդարության վերականգնման հաճույքներով: Կարծես թե, մեր մոտ երկրորդ հաճույքն ավելի է գերակշռում:

Նախկին իշխանությունների հայտնի դեմքերին վերաբերող այսօրվա բոլոր դատական գործերն էլ անչափ կարևոր են դարձել հանրության համար: Հանրապետականների իշխանություններից ազատված ՀՀ քաղաքացիներիս մոտ այնպիսի վիճակ է առաջացել, որ մենք բավարարվում ենք նվազագույնով, միայն թե՝ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և աղմկոտ դեպքերով մյուս ձերբակալվածների խափանման միջոցը լինի կալանքը, իսկ դատական նիստերի որակը բարելավելու և արդար վճիռներ կայացնելու ճանապարհը գտնելը, հասարակ մահկանացուներիս հնարավորությունների տիրույթում չէ: Այդպես, մի դատական նիստից մյուս դատական նիստին անցնելով, մերթ բորբոքում, մերթ լիցքաթափում ենք մեր կրքերը, պատկերացում չունենալով դատական նիստերի ավարտի հեռու կամ մոտ լինելու մասին: Դատական նիստերը թող ընթանան իրենց հունով, իսկ մենք մտածենք, թե որն է այն հիմնական պատճառը, որ իշխանավոր–հասարակություն հարաբերությունը մեր մոտ ավարտվում է հասարակության կողմից իշխանավորի նկատմամբ ատելության առաջացմամբ ու նրան պատասխանատվության ենթարկելու ձգտումով: Փորձենք մի քանի տասնամյակ ետ վերադառնալ և օրինաչափություններ որոնել:

Ինչպե՞ս ստացվեց, որ 1988թ. խորհրդային թմբիրից արթնացած, 1991թ. անկախացած, 1993թ. Արցախն ազատագրած հայերս մի քանի տարի անց հիասթափվեցինք մեր իսկ կողմից իշխանության բերած ՀՀՇ-ական ղեկավարներից և հետո էլ ատելությամբ լցվեցինք նրանց նկատմամբ: Հիասթափվելու հնարավոր պատճառ կարող էր լինել այն, որ հաղթանակած ու երկարատև պայքարից հոգնած ժողովրդին թվաց, թե ինքն իր անելիքն արդեն արել էր, մնացածը, բնականաբար, կանի իշխանության եկած՝ ժողովրդի սիրելի «Ղարաբաղ» կոմիտեն: Այդպես մտածելով գնացինք մեր տները, մեր գործին, իսկ իշխանության փորձ չունեցող նորելուկ կառավարողների առջև դադարեցինք բարձրացնել ազգային խնդիրներ, համայնքային նշանակության կարևոր հարցեր և դրա փոխարեն ի հայտ եկան ճարպիկները, որոնք սկսեցին պաշտոնյաներին դիմել իրենց անձնական «բոստանի» բարելավման ծրագրերով՝ տան անդամների լավ աշխատանքի անցնելու խնդրանքով, ուսանող զավակին պետական ծախսերով արտասահմանում կրթության ուղարկելու հարցով, «մեռած» գնով պետական գույք սեփականաշնորհելու ցանկությամբ և այլն: Իսկ ժողովրդին հուզող կարևոր հարցերով իշխանության եկած մեր սիրելիներին դիմելու հնարավորությունները տարեց-տարի նվազեցին, որովհետև իշխանավորների ընդունարաններում տեղ զբաղեցրած օգնականներն ու քարտուղարուհիներն ստանալով իշխանավոր-ժողովուրդ կապի ապահովման շատ կարևոր լիազորությունը, այն սկսեցին իրականացնել իրենց խելքին համապատասխան: «Շեֆն զբաղված է», «Շեֆը տեղում չէ», «Հեռախոսահամար թողեք, ես Ձեզ կզանգահարեմ» արտահայտությունները դարձան սովորական և հուսահատեցնող: Դրանից ժողովուրդը ճիշտ եզրահանգման չեկավ և գնաց ավելի սխալ ճանապարհով: Նա հիշեց միջնորդներ գտնելու խորհրդային ավանդական ձեռագիրը: Անձնական հարցերը միջնորդությամբ լուծելը դարձավ ձեռագիր և տարիների ընթացքում այն ավելի կատարելագործվեց: Արդյունքում, իշխանությանը մոտ կանգնած որոշ ճարպիկ անհատներ դարձան կադրային և այլ անձնական հարցեր լուծող հեղինակավոր միջնորդներ, իսկ իշխանությունն աստիճանաբար իրեն լիովին մեկուսացրեց հանրությունից: Մի քանի տարվա ընթացքում ժողովրդի հիասթափությունն ու հուսահատությունը վեր ածվեց իշխանությունների հանդեպ խոր ատելության: Եվ 1991թ. «Լե՛-վո՛ն, Լե՛-վո՛ն» վանկարկող ժողովուրդը 1996թ. սկսեց վանկարկել. «Լե՛-վո՛ն հեռա՛-ցի՛ր, Լե՛-վո՛ն հեռա՛-ցի՛ր»:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ժողովրդի և իշխանությունների միջև անդունդն ավելի խորացավ: Մարտի 1-ի դեպքերը ցույց տվեցին այդ անդունդը լցնելու ցանկության իսպառ բացակայությունը: Իշխանություններին այլ ելք չմնաց, քան ընտրակեղծիքների միջոցով իրենց ձեռքում պահելու երկրի կառավարման ղեկը:

Թավշյա հեղափողությունը փրկեց իրավիճակը և ժողովուրդը իշխանության ղեկը հանձնեց իր ընտրյալ թեկնածուին: 1990թ.-ից 28 տարի անց, վերջապես, վերականգնվեց իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը և գործի դրվեց մեր այնքան երազած՝ ազատ ու արդար ընտրությունների մեխանիզմը: Առաջին հայացքից կարող է թվալ թե թավշյա հեղափոխության առաջ բերած լավ սկիզբը միայն լավ զարգացումներ կապահովի, սակայն ներկայումս էլ կա նույն վտանգը, որ ժողովրդի սիրելի Նիկոլը կարող է հաշված տարիների ընթացքում հայտնվել ոչ սիրելիի կարգավիճակում, եթե…: Իսկ եթեները շատ են.

1. Եթե օլիգարխիկ նախկին համակարգի չափսերով կարված սահմանադրության պահպանման արդյունքում շարունակվի կիրառվել նախկին կառավարման արատավոր մոդելը և միակ փոփոխությունը լինի այն, որ ղեկավար պաշտոնները պարզապես անցել են նորերին: Վերջիններիս այլ բան չի մնա, քան կիրառել ժողովրդավարության միայն առանձին էլեմենտներ՝ ազատ և արդար ընտրությունների անցկացում, մամուլի և զանգվածային տեղեկատվության միջոցների ազատության ապահովում, հասարակական խմբերի պահանջների արտահայտման ձևերի ազատականացում՝ ցույցերի, երթերի կամ ճանապարհների փակման միջոցով իրենց հուզող հարցերի կարգավորմանը հասնելուն: Բայց դրանք լուրջ արդյունք չեն տա, քանի որ մենք դեռ չենք հասել գլխավորին՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների իրական տարանջատմանը և միմյանցից անկախ գործելուն:

2. Եթե պետական կառավարման համակարգում «իզմ»-երից զուրկ և անփորձ պաշտոնյաների ներգրավման հետ մեկտեղ, կառավարման միջին օղակներում պահապանվեն հին համակարգից մնացած և «լավ մասնագետի» համարում ունեցող փորձառու «գայլերը», որոնք բնականաբար արդեն գառան մորթի են հագել: Այդ փորձառուներն իրենց մասնագիտական հմտություններով անփորձներին հիացնելու հետ միաժամանակ, նրանց մոտ վստահություն են ձեռք բերելու և պղտորված ջրերում ծածուկ իրենց բաժին ձուկն են որսալու: Տարիների ընթացքում նորերի ուղեղներում նրանք սկսելու են կաթեցնել՝ «եղունգ ունես, գլուխդ քորի», «ով՝ էշ, ես՝ փալան», «եկել ես սատանի մայլում քյանդրբազություն ես անու՞մ» փորձված և կենսունակ գործելաոճերի ու ատահայտությունների «ճշմարտացիությունը»: Մտերմիկ զրույցների ժամանակ նորերին երբեմն խոստովանելու են նախկինների ժամանակ իրենց կատարած «փոքր» չարաճճիությունները, որոնցից գործը ոչ միայն չի տուժել, այլև հանդիսացել է խնդիրը լուծելու արդյունավետ ձևը:

3. Եթե իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցության մեջ զանգվածային ձևով թափանցեն համայնքների ղեկավարներ, օլիգարխներ կամ էլ նրանց զավակներ ու հարազատներ, ինչպես նաև՝ գաղափարազուրկ պատեհապաշտներ: Այդպիսի մարդիկ հիմնականում մտածում են իրենց բարօրության համար, չեն կրում լուրջ գաղափարներ և իրենց ներկայությամբ դատարկություն են լցնում ցանկացած կուսակցության գաղափարախոսության մեջ (ինչը ժամանակին տեղի է ունեցել ազատական գաղափարախոսություն որդեգրած ՀՀՇ-ում և նժդեհյան ցեղակրոնության գաղափարախոսությունը կրող ՀՀԿ-ում): Իսկ կուսակցությունները քաղաքական ասպարեզից հեռանում են, երբ նրանց շարքերում սկսում է էապես պակասել գաղափարակիրների խտությունը:

4. Եթե մեր երկրի ռեվանշիստական կամ արտաքին որոշ ուժերի հաջողվի պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև:

5. Եթե ներկայիս կառավարությանը և խորհրդարանին չհաջողվի կարգի բերել արդար դատական համակարգի ձևավորման, նրա գործունեության և վերարտադրության մեխանիզմները: Պետք է հիշել, որ լուրջ ձեռնարկատերերը տվյալ երկրում ներդրումները կատարում են ոչ թե այս կամ այն գործադիր իշխանությանը վստահելով (քանի որ այդ իշխանությունը կարող է փոխվել 5 կամ 10 տարի անց), այլ այդ երկրում շարունակվող բոլոր գործադիր իշխանությունների ժամանակ գործող անկախ և վստահություն ներշնչող արդար դատական համակարգի առկայության դեպքում:

6. Եթե մեր ակտիվ քաղաքացիական հասարակության հատվածը և մեր կուսակցությունները չհասկանան, որ ոչ-մի գործադիր իշխանություն չի կարող միայնակ իրականացնել բազմավեկտոր արտաքին հավասարակշռված քաղաքականություն (ինչքան էլ որ նա նախընտրական փուլում այդ մասին խոստացած լինի), եթե դրա վերաբերյալ հասարակական պատվերի և ընդդիմադիր կուսակցությունների շարունակական ճնշումը չտեսնեն թե մեր իշխանությունները և թե՝ արտաքին ուժերը: Բայց դա չի նշանակում, որ իշխանության եկած ուժը պետք է արտաքին քաղաքականության կարևոր քայլերը կատարի միայն ակտիվ հասարակության և ընդդիմադիրների ճնշման ներքո:

7. Եթե կարճ ժամանակահատվածում ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանություններին չհաջողվի իրականացնել խոստացած տնտեսական հեղափոխությունը և հասարակությունը չվայելի ազատ ու արդար անցկացված վերջին ընտրությունների տված նյութական պտուղները:

8. Եթե «Ոստիկանը մերն է» կարգախոսը չպահապանվի և ոստիկանը կրկին սկսի իշխանություններին պաշտպանել ժողովրդից:

9. Եթե խոստացված մեծ հայրենադարձությունը տեղի ունենալու փոխարեն, մարդիկ նորից իրենց բախտը փնտրեն օտար երկրներում:

10. Եթե գյուղական համայնքներում առկա գյուղատնտեսական նշանակության հողերի մի ստվար մասը դարձյալ մնա անմշակ և հողից եկամուտ չստացող գյուղացին կրկին նախընտրի մայրաքաղաքում միկրոավտոբուս կամ տաքսի վարել կամ էլ դառնա շինարար, վաճառող և այլն:

11. Եթե չընդունվեն սահմանամերձ գյուղերի ամրապնդման և նրա բնակչությանը տրվող էական արտոնությունների ծրագրեր:

12. Եթե երկրի գիտությունն աշխուժացնելու վերաբերյալ չկատարվեն լուրջ քայլեր և գիտությունը չդառնա մեր տնտեսության առաջընթացի գլխավոր քարշակը:

13. Եթե կարգի չբերվի մեր կրթական համակարգը:

14. Եթե սպառազինությունների համաշխարհային ակտիվ մրցակցության ներկա ժամանակաշրջանում չկարողանանք արդիական անհրաժեշտ զինատեսակներով բավարար չափով համալրել մեր բանակը:

Փաշինյանի կառավարությունը պետք է նկատի ունենա, որ իշխանավորների համար ժամանակը շատ աննկատ է անցնում և նրանք մի օր ամփոփելով, թե իրենք ահագին բան են արել ժողովրդի համար, զարմանքով կնկատեն, որ մեծաթիվ «ապերախտ» մարդիկ, արի ու տես, արդեն դժգոհում են իրենցից: Դա այն բանի արդյունքն է, որ իշխանությունը, սովորաբար, հստակ տեսնում է իր արածը, բայց շատ դժվարությամբ է տեսնում իր չարածը: Իշխանության այդպիսի վատ տեսողության պատճառը պայմանավորված է նաև գաղափարապես հասուն ընդդիմության բացակայությամբ: Միայն այդպիսի ընդդիմությանն է հատուկ՝ անընդհատ վեր հանելու կառավարության ծրագրերի իրականացման բացթողումները և առանց ժլատության առաջարկելու այդ բացթողումների շտկման իրենց մեխանիզմները: Նման ընդդիմությանն է հատուկ իշխանությանը ներկայացնելու հասարակության իրական և խորքային դժգոհությունների պատկերը, որոնց վերաբերյալ իշխանության գտած արդյունավետ լուծումների շնորհիվ կարող է կանխվել հետագայում սպասվող կուտակային դժգոհության ավելի մեծ ալիքը: Այսպիսի ձեռագրով գործելու դեպքում արդեն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը հանգիստ կարող է ասել. «Ես կլասիկ պատգամավոր եմ»: Եվ դրան հետևած «Ես քո կլասիկ ցավը տանեմ» հակադարձումը այլևս ծիծաղ չի առաջացնի:

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ARTUR SARGSYAN says:

    Փայլուն վերլուծական հոդված երկրի ապագայով մտահոգված և երրորդ հանրապետության կայացման գործում անուրանալի և անշահախնդիր ներդրում ունեցող ազնիվ մտավորարական Ռուբեն Մարգարյանի Կողմից։ Վստահ եմ հասարակության ազնիվ և Իրապես ՀՊԱՐՏ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ստորագրել հոդվածում բերված խոսքերից յուրաքանչյուրի ներքո
    ԿԵՑՑԵՔ ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031